Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Ձեր խոսքը լինի՝ «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը՝ «ոչ», որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ. 5:37)

«Ձեր խոսքը լինի՝ «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը՝  «ոչ», որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ. 5:37)
15.10.2013 | 11:29

Հիսուսի այս խոսքերը ահա երկու հազար տարուց ի վեր զանգերի ղողանջների նման հնչում են յուրաքանչյուր քրիստոնյայի ականջներում: Մեր Տերը, երբ խոսում էր ճշմարտության մասին, պատվիրում էր, որ մարդիկ իրենց խոստումների մեջ չափավոր լինեն, «այո» չասեն, եթե մի բան չեն կարող կատարել, կամ եթե պիտի ասեն, հետո թող չհրաժարվեն իրենց ասածից, որովհետև ճշմարտախոսությունը առաքինություն է, մինչդեռ ստախոսությունը մեծ մեղք է: «Ես եմ ճշմարտությունը և կյանքը»,- ասաց Հիսուս, և Ինքը մեզ պես մեղավոր մարդկանց համար իր երիտասարդ կյանքը զոհեց ու եղավ իրապես Արդարության Արեգակը, Խաղաղության Իշխանը ու մանավանդ մեր կյանքի լույսը:
Հիսուս ճշմարտախոսությունը շատ արժևորեց ու այն նույնիսկ իր «Լերան քարոզ»-ի նյութ դարձրեց, ուր հստակորեն խոսեց նաև սուտ երդման մասին: ՈՒզում եմ ամբողջությամբ մեջբերել Մատթեոսի ավետարանի այդ հատվածը. «Լսել եք դարձեալ, թե ինչ ասվեց նախնիներին. «Սուտ մի երդվիր, բայց պիտի հատուցես Տիրոջը այն, որ երդվել ես»: Իսկ ես ձեզ ասում եմ՝ «Ամենևին չերդվել. ոչ երկնքի վրա, որովհետև Աստծո Աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքերի պատվանդանն է, և ոչ էլ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել»: Այլ ձեր խոսքը լինի՝ «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը՝ «ոչ», որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթեոս 5: 33:37):
Հիմա տեսա՞ք, թե Հիսուս ինչպիսի հզորությամբ է իր պատգամը տալիս ճշմարտախոսության մասին, որն իր համար շատ պարզ և հստակ օրենք էր, որը և գործադրեց իր կարճ կյանքում, մինչև խաչ բարձրանալը:
Հին կտակարանում կարդում ենք, թե Հիսուսի ժամանակ երդումներ և զանազան խոստումներ կատարելը սովորություն ու նույնիսկ պահանջ է եղել: Հետաքրքիր է, որ այսօր, երբ մարդկային ուղեղը զարգացման հզոր բարձունքների է հասել, երդվելու սովորությունը դեռևս գոյություն ունի, մանավանդ պետական դահլիճներում ու դատարաններում: Մեր Տերը, սակայն մովսիսական մի շարք հնացած օրենքների հետ ջնջեց նաև այս երրորդ պատվիրանը. «Ես հիմա ասում եմ ձեզ, որ երբեք չերդվեք, ձեր «այո»-ն «այո» և «ոչ»-ը՝ «ոչ» պետք է լինեն»:
Այո, ճշմարտախոս քրիստոնյան բոլորովին պետք չունի երդմամբ երաշխավորելու իր որևէ խոսքը կամ խոստումը: Նրա ապրած պարկեշտ կյանքը, անբիծ նկարագիրն ու աղոթանվեր հոգին շատ ավելի վավերական են, քան որևէ երդում:
Ճշմարիտ քրիստոնյան գիտի ապրել ու ապրեցնել, քանի որ կյանքը, որ Աստծո կողմից տրվել է մարդուն, ապրելու համար է: Մեր սրբերը և մարտիրոսները իմացել են ապրել նույնիսկ տառապանքի ու ցավերի մեջ: Պիտի հավատանք այս կյանքին, իր նեղություններով ու դժվարություններով հանդերձ և հաղթահարենք այդ բոլորը մեր մեջ ունենալով մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Եվ, եթե հետևենք Նրա աստվածային ճշմարտություններին, որոնք երբեք չեն հնանում, այն ժամանակ Նա կարող է մեր մեջ բնակվել «մինչև աշխարհի վախճանը»:
Աստված, սրբություն, կյանք, մահ և սիրտ խաղալիք բաներ չեն ու թեթևությամբ չպետք է առնվեն յուրաքանչյուրիս կողմից: Իրապես աշխարհում շատ ողբերգություններ և ցեղասպանություններ կկանխվեին ու տեղի չէին ունենա, եթե մարդիկ և, ինչո՞ւ չէ, նաև պետություններ ճշմարտախոսությունից չվախենային:
Երբ հույն մեծանուն փիլիսոփա Արիստոտելին հարցնում են, թե «Ի՞նչ է շահում ստախոսը իր սուտ երդումով», նա պատասխանում է. «Նրա շահը այն կլինի, որ մարդիկ այլևս չեն հավատա իրեն, երբ իրական ճշմարտությունը խոսի»:
«Այո»-ի և «ոչ»-ի խնդիրը հոգեբանության մեջ ևս կարևոր է: Շատ մարդիկ անտեղի փափկանկատություն են ցույց տալիս և հաճախ էլ քաղաքավարության զոհ են գնում: ՈՒզում են մի խնդրանք մերժած լինել՝ «ոչ» ասելով, ցանկություն են ունենում «այո» չասելու, բայց անկարող են: Սրանից շատ տարիներ առաջ Էջմիածին քաղաքում մի մարդ էի ճանաչում, որ կարևոր պաշտոն ուներ: Այս մարդը սիրում էր խոստանալ՝ երբեք որևէ մեկին «ոչ» չէր ասում. ուրախացնում էր, ում որ խոստանում էր, բայց հետաքրքիրն այն էր, որ երբ չէր կատարում իր տված խոստումը, ինքն էր ուրախանում: Դժբախտաբար, այս սովորությունը կարծես մի տեսակ նրա կյանքի մաս կազմող երևույթ էր դարձել: Իմ կարծիքով, ավելի լավ է չխոստանալ՝ մերժել տվյալ խնդրանքը, քան թե հույսով անել մարդուն, խաբել նրան և չկատարելով այն՝ վաստակել «ստախոս» անունը:
Աստծո կողմից ամեն մարդ օժտված է զանազան շնորհներով և կարողություններով: Սա անժխտելի է: Մեր Տերը Հիսուս, երբ խոսում էր այս մասին, խրատում էր և հույս էր տալիս մարդկանց, ասելով. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, կարող եք նույնիսկ լեռները շրջել»: Աշխարհի ստեղծման օրից Աստված մարդուն տվել է ազատություն և անսահման իշխանություն բնության վրա: Եվ, բացի սրանից, ամեն մարդ իշխանություն ունի նաև ինքն իր մարմնի, հոգու, սրտի ու մտքի վրա: Ստուգված է և ճշտված, որ մարդը իր ներքին ու արտաքին կարողությունների մեկ տասներորդն անգամ չի գործածում և նույնիսկ հաճախ այն սխալ է օգտագործում կամ հակառակը՝ դեպի չարն է գործածում:
Մատթեոսի ավետարանում Հիսուս պատմում է նաև երկու եղբայրների մասին: Ավագ որդին խոստանում է դաշտ գնալ և օգնել իր հորը, բայց չի գնում ու խաբում է նրան: Իսկ կրտսեր որդին իր հորն ասում է՝ չեմ գնա, սակայն զգալով, որ հայրը ծեր է և պետք ունի իր օգնության, մոռանում է իր ասածը ու գնում է աշխատելու նրա հետ (Մատթ. 21: 28-31): Իրապես իր խոսքի տեր եղող մարդը քաջ է, անկեղծ ու վստահելի անձնավորություն է:
Ես կարծում եմ, որ առողջ և երջանիկ կյանքի համար մի մնայուն միջոց կա. մեր սրտերում ու հոգիներում աճեցնել դրական, բարի և գեղեցիկ խորհուրդներ ու ցանկություններ և մանավանդ հեռացնել մեզնից ամեն տեսակի ժխտական զգացմունքներն ու մտածմունքները: Մի խոսքով, կյանքի նկատմամբ լինենք միշտ լավատես: Հիշենք մեր սիրելի աշուղ Ջիվանու հայտնի երգի խոսքերը. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»:
Ահա այս մտածումներով լուսավորված, հավատով զորացած ու վաղվա օրվա նկատմամբ ավելի հույսով լցված, եկեք բոլորս միասին մեր զավակներին սովորեցնենք Հիսուսի ճշմարտության ճանապարհը: Երեխաները փոքր հասակից պիտի ծանոթանան աստվածային ճշմարտություններին: Եկեղեցին, դպրոցը և նաև դուք, սիրելի ծնողներ, միասնաբար պիտի ցանեք նրանց սրտերում սերմերը՝ բարության, գեղեցիկի, կյանքի նկատմամբ լավատեսության, և որ ամենակարևորն է՝ զորացնեք նրանց մեջ հավատն ու քրիստոնեաբար ապրելու ոգին: Այս օտար ափերում նաև կարևոր է նրանց դաստիարակել ազգային ու հայրենասիրական ոգով: Եթե իր ժամանակին մենք բոլորս միասնաբար ձեռք ձեռքի տված կարողանանք կատարել այս ամենը, ապա նկարագրի տեր, պարկեշտ ու մաքուր զավակներ կունենանք, և մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին կհարստանան բարոյապես ամուր և կամքով ուժեղ մի սերնդով: ՈՒստի այս ոգով և այս տրամադրությամբ մեր զավակների հետ քայլենք մեր պապերի հերոսական ճանապարհով, որ նրանց հիշատակը հարգելով՝ ստեղծենք մեր ներկան, մեր այսօրը և հույսով՝ ապագան, որովհետև կատարյալ ու սուրբ ճշմարտությամբ միայն կարող ենք փառավորել մեր Տեր Աստծուն և պայծառացնել Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին: Ձեր ամբողջ կյանքում լավ հիշեք ու գործադրեք Հիսուսի այս հավիտենական ու իմաստուն ճշմարտությունը. «Ձեր խոսքը լինի՝ «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ, որովհետև դրանից ավելին չարից է»: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ