2013 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը: Մրցանակի թեկնածուներ էին պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, կոնգոյաբնակ բժիշկ Դենիս Մակվեգը, ով հազարավոր բռնաբարված ու քաղաքացիական պատերազմի ժամանակ կտտանքների ենթարկված կանանց է բուժել, ռուսական իրավապաշտպան եռյակը՝ Լյուդմիլա Ալեքսեևան, Սվետլանա Գաննուշինան ու Լիլյա Շիբանովան, ովքեր մարդու իրավունքների ոտնահարման հարցերով Կրեմլի ամենավառ քննադատներից են։
Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների շարքում ամենավիճահարույց թեկնածուները, ըստ The Telegraph-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն էին։ Մրցանակին այս տարի հավակնում էին 209 թեկնածուներ և 50 կազմակերպություններ:
Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը 1.2 մլն դոլար է: Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում: