«Այն, որ Հայաստանում վարելահողերի 40 տոկոսը չի մշակվում, Գյուլնազ տատի հեքիաթներն են: Պետության ներկայացրած ոչ մի թվի չեմ հավատում: Դրանք նկարած թվեր են: Իրականում ոչ թե հողերի 40, այլ 60-70 տոկոսը չի մշակվում, իսկ կառավարությունը ոչինչ չի անում, որ գյուղացին իրեն ապահով զգա և չհեռանա գյուղից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս ՍԵԴՐԱԿՅԱՆԸ: Նա նշեց, որ գյուղացու ներկա վատթար վիճակի համար պատասխանատու են բոլոր նախարարները, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր սև հետքն է թողել այս ոլորտի վրա և առաջ գնալու փոխարեն դոփում են նույն տեղում: «Այնպիսի գործընթաց է գնում, որ կարծում ես, թե գյուղացին աշխատում է, որպեսզի հարուստին ավելի հարստացնի, ինչի արդյունքնում աղքատներն ավելի են աղքատանում…Նախարարությունը տրակտորներ է բերում, բիզնեսով է զբաղվում, սակայն գյուղացին այդքան գումար չունի, որ այդ տրակտորից օգտվի»,-նկատեց բանախոսը` ընդգծելով, որ միայնակ ֆերմերները բավարար միջոցներ չունեն անգամ հողի պարբերաբար վերամշակում իրականացնելու համար: «Հին խորհրդային գութանները մաշվել են, դրանք քիչ խորությամբ են վարում հողը, կամ օգտագործվում են չինական ու ճապոնական տրակտորներ, որոնք խորը վարել չեն կարողանում: Դրա պատճառով էլ բերքատվությունը ցածր է: Իսկ պետության համար միևնույն է»,-նշեց ՀԿ-ի նախագահը և հիշեց, թե ինչպիսի տարածքներ էին ընդգրկում արոտավայրերը խորհրդային ժամանակներում. Նրա խոսքով, Հայաստանում արոտավայրերի ընդհանուր մակերեսը եղել է 494,3 հազար հեկտար, այժմ՝ 448,6 հազար: «Մեր սակավահող արոտավայրերը երկրում 51 հազար հեկտարով նվազել են: Բայց դրանք կերակրում են մեր ազգը, նպաստում են արտահանմանը: Իսկ նրանք, ովքեր ավելի հարուստ են, այնտեղ տներ և ամառանոցներ են կառուցել»,-նշեց Ս.Սեդրակյանը` հավելելով, որ անմշակ հողերը որքան շատ են մնում անմշակ, այնքան դժվարանում է դրանց մշակումը, մինչդեռ ոչ ոք չի մտածում, թե ինչպես այդ հողերը կրկին շրջանառության մեջ դնել: Անդրադառնալով գյուղնախարարության գործունեությանը, բանախոսը նշեց, որ այն ավելի շատ «խանություն է» հիշեցնում, որտեղ «խանը» Սերգո Կարապետյանն է, մյուսները` իր մշակները:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ