Երեկ Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ- Հայաստան վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Այն հայաստանցիների համար եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի ստացման գործընթացի թեթևացում է նախատեսում, վիզայի դիմաց վճարվող գումարի կրճատում` նախկին 60 եվրոյի փոխարեն 35 եվրո, մի շարք կատեգորիայի մարդկանց (լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, ուսուցիչներ, հարազատներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ) համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում և այլն: Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո Եվրոպայից հնչած կոշտ արձագանքները Հայաստանի` ԵՄ-ի հետ ասոցացվելու կողմնակիցների համար սառը ջուր էին երեքուկես տարվա ջերմ քննարկումների ավարտին: Ոմանք, եթե ոչ բոլորը, թերահավատ էին, թե Եվրոպական միությունը հավատարիմ կմնա իր խոստմանը`շարունակելու Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը: Եվրոպան, սակայն ավելի խելամիտ է, քան մեզ` հետսովետական համակարգի քաղաքացիներիս թվում է: Եվրոպան չի կարող հրաժարվել իր որդեգրած` ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներից: Եվ ահա` ապացույցը: Այստեղից էլ` Հայաստանում արևմտյան երկրների դեսպանների հայտարարությունները, թե Եվրոպան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը ինչ ձևաչափով էլ որ լինի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ