Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Կարլ Բիլդտը մեղադրում է ՌԴ-ին

Կարլ Բիլդտը մեղադրում է ՌԴ-ին
04.10.2013 | 16:55

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, որն անակնկալի էր եկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին կայացրած որոշումից, իր պաշտոնական կայքում ներկայացրել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի՝ վերջին տարիներին արձանագրած արդյունքները:

Հիշեցնենք, որ Կարլ Բիլդտը հայտարարել էր, որ Հայաստանը կատարեց 180 աստիճանի շրջադարձ՝ իր համաձայնությունը տալով Մաքսային միությանն անդամակցելուն: Այժմ, դատելով Շվեդիայի արտգործնախարարի հայտարարությունից, նա մեղադրում է Ռուսաստանին, որը ճնշումներ է գործադրում եվրաինտեգրման ուղին բռնած երկրների վրա:
«Դեպի Եվրամիություն ձգտումը հանրային լայն աջակցություն է գտնում, բայց շահադիտական նկրտումները երբեմն խոչընդոտում են անհրաժեշտ բարեփոխումներին: ԵՄ և Արևելյան Եվրոպայի երկրների միջև ավելի սերտ համագործակցության ճանապարհին մենք հաճախ հանդիպում ենք նաև արտաքին ճնշումների: Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս կարծես թե մտադիր է օգտագործել իր ձեռքի տակ եղած ազդեցության լծակները և կոշտ միջոցները՝ փորձելով շեղել մեր գործընկերներին եվրոպական ուղուց»,- նշում է Շվեդիայի ԱԳ նախարարը՝ մեջբերելով ՈՒկրաինայի և Մոլդովայի նկատմամբ Մոսկվայի գործադրած ճնշումները:
Անդրադառնալով Հայաստանին, Բիլդտը նշում է, որ մեր երկիրը վերջին շրջանում, այն բանից հետո, երբ հաջողությամբ ավարտեց Ասոցացման համաձայնագրի և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերի շուրջ բանակցությունները, անսպասելիորեն հայտարարեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ իր մտադրության մասին:
«Այդ նախաձեռնությունը հիմնված է զրոյական տրամաբանության վրա, ի հակադրություն ԵՄ առաջարկած համագործակցության գրեթե անթերի մոդելի: ԽՀԱԱԳ պայմանագիրը լիովին համադրելի է այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի հետ, և ԵՄ-ը ողջունում է ԱՊՀ երկրների, Մաքսային միության անդամների հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացումը, սակայն սա լրիվ այլ դեպք է»,- գրում է Բիլդտը՝ հավելելով, որ Եվրամիությունը շարունակելու է մնալ իր հավատամքին՝ հարգել ցանկացած երկրի ինքնիշխան որոշումը, և անթույլատրելի է համարում չափազանց ճնշումը:
Ամփոփելով՝ Շվեդիայի արտգործնախարարը նշում է, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունենալիք ԱրլԳ գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրեր կստորագրվեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «սկզբունքորեն հնարավոր է, որ համաձայնագրեր ստորագրվեն, սակայն այժմ մենք լուրջ կասկածներ ունենք»:
Եթե Կարլ Բիլդտը կասկածներ ունի, որ Հայաստանի հետ կստորագրվեն համաձայնագրեր, ապա Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Հայաստանը չի շեղվել նախնական ճանապարհից, պատրաստ է ստորագրելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը և մասնակցելու է Վիլնյուսի գագաթնաժողովին:
Դատելով այն հայտարարություններից, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում հնչեցրել են ԵՄ տարբեր պաշտոնյաներ ու դիվանագետներ, նրանք հիմնական մեղավոր են համարում ՌԴ-ին և կոչ են անում, որ Հայաստանը՝ տեր կանգնի սեփական ինքնիշխան որոշումներին: Այլ հարց է, թե նրանք այս անգամ որքան կհավատան Սերժ Սարգսյանի խոսքերին և որքան պատրաստ կլինեն կնքելու համաձայնագիր, երբ նա հասցրել է արդեն իր համաձայնությունը տալ Մաքսային միությանն անդամակցելուն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ