Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ամենացավալի բանը մնում է այն, որ շարունակում են լքել Հայաստանը. ես դա ուղղակի ֆիզիկապես եմ զգում»

«Ամենացավալի բանը մնում է այն, որ շարունակում են  լքել Հայաստանը. ես դա ուղղակի ֆիզիկապես եմ զգում»
27.09.2013 | 11:58

Ամռանը հերթական անգամ Հայաստանում էր մեր աշխարհահռչակ հայրենակցուհին` ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ: Այս անգամ նրա հետ մեր երկիր էին ժամանել նաև ամուսինը` թատերական հայտնի գործիչ, հայոց լեզվի, հայ մշակույթի, հայոց պատմության գիտակ Կոնրադ Կուհնը, և դուստրը` տասներկուամյա Սիրանուշը:

Շտապեմ մեր ընթերցողին տեղեկացնել, որ առաջիկայում «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո կտպագրվի հարցազրույց Կոնրադ Կուհնի հետ: Իսկ այսօր «Իրատես de facto»-ի հյուրը բոլորիս շատ սիրելի Հասմիկ Պապյանն է: Արտասահմանում ապրող, բայց զտարյուն հայուհու նկարագրին անդավաճան այս արվեստագետն ուսանելի օրինակ կարող է դառնալ բոլոր նրանց համար, ովքեր հայրենիքի հետ ֆիզիկական կապը կորցրած չլինելու պարագայում անգամ իրենց հոգևոր դաշտով որևէ առնչություն չունեն մեր հողի ու իրականության հետ: Իսկ Հասմիկը խոստովանում է, որ, ապրելով Վիեննայում, առաջին բանը, որ անում է իր յուրաքանչյուր օրն սկսելիս, Հայաստանի մասին լրատվությանը ծանոթանալն է` սկսած եղանակի տեսությունից մինչև մշակութային, հասարակական-քաղաքական անցուդարձեր:
Այն փաստը, որ Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում Հասմիկ Պապյանը հասցրեց հայ երաժշտասերներին մատուցել բարդագույն ծրագրից բաղկացած մի մեծ համերգ ¥կատարեց արիաներ Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես», «Դոն Կառլոս», «Ճակատագրի ուժը» և Վագների «Թռչող հոլանդացին», «Տանհոյզեր», «Տրիստան և Իզոլդա» օպերաներից¤, լավագույն վկայությունն է այն սիրո և նվիրումի, որ նա տածում է առ Հայաստան ու առ մեզ` իր անդավաճան հանդիսատեսը:
Իր սուղ ժամանակից մի հատված էլ երգչուհին կարողացավ հատկացնել լրագրողներին` համերգից առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հետ հանդես գալով մամլո ասուլիսով: Իսկ այս հարցազրույցը, որ ներկայացնում ենք «Իրատես de facto»-ի ընթերցողին, կայացել է համերգից օրեր անց, երբ արդեն քիչ թե շատ հաղթահարված էին հույզերն ու ի մի էին բերված բացառիկ համերգի տպավորությունները թե՛ երգչուհու, թե՛ ինձ համար` իբրև հանդիսատեսի:
Հավելեմ նաև, որ մոտ ժամանակներս մեզ սպասում են նոր համերգային հանդիպումներ Հասմիկ Պապյանի հետ:


«ԴԱՀԼԻՃՆ ԻՆՁ ԱՅՆՊԻՍԻ ԼԻՑՔԵՐ ԷՐ ՏԱԼԻՍ, ՈՐ ԲԱՌԵՐՈՎ ԱՆՀՆԱՐ Է ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ»
-Հասմիկ, Ձեր այս այցելությամբ երջանիկ էին ոչ միայն Ձեր հարազատներն ու մտերիմները, այլև հայ հանդիսատեսը. «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ձեր համերգը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` նվիրված Վագների և Վերդիի 200-ամյակներին: Ի՞նչ զգացողությամբ երգեցիք:
-Ես շատ հուզված էի, որովհետև չափազանց կարճ ժամանակ էի ունեցել համերգին նախապատրաստվելու համար: Այդ ամենը նախապատրաստել, ի մի բերել մեկ շաբաթում գրեթե անհնարին բան էր: Բայց երևի թե կա այն անհերքելի ճշմարտությունը, որ անհրաժեշտ պահերին օգնում է Աստված: Ես Վագների «Թռչող հոլանդացին» օպերան երգել էի երեք տարի առաջ, «Տրիստանը և Իզոլդան»` մեկ ամիս առաջ: Այդ ամենին գումարվել էին Վերդիի օպերաները: Եվ այդպիսի մեծ բազմազանություն ունեցող ծրագիրը մեկ համերգի ընթացքում համատեղելը ուղղակի անհավանական էր թվում: Բայց դահլիճն ինձ այնպիսի մեծ լիցքեր էր տալիս, այնպիսի սեր, ջերմություն, հետաքրքրասիրություն, կարոտ կար հանդիսատեսի մեջ, որ բառերով անհնար է այդ ամենն արտահայտել: Կարող եմ պարզապես ասել, որ այդ երեկոն, այդ համերգն ինձ համար սենսացիա էր:

«ՀԻՄԱ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԵԼԻ Է ՆՎԱԳԱԽՄԲԵՐ ԿԱԶՄԵԼ»
-Համերգից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկու միտք արտահայտեցիք, որոնց մասին կցանկանայի առավել հանգամանորեն խոսել: Նախ` առաջինի մասին. Դուք ասացիք, որ պետք է կատարել համաշխարհային մեծության կոմպոզիտորների` Վագների, Վերդիի, այլոց ստեղծագործությունները, որովհետև Հայաստանում դեռ կան այն երաժիշտները, որոնք ընդունակ են կատարելու դրանք: Այս «դեռ»-ը մեզ համար շատ ցավոտ խնդիր է, փորձենք բացել փակագծերը:
-Այդ «դեռ»-ը, իրոք, ցավալի փաստ է: Հիմա Եվրոպայում ապրող հայ երաժիշտներից ուղղակի կարելի է նվագախմբեր կազմել: Այնպիսի՜ մեծ թիվ են կազմում Հայաստանից մեկնած երաժիշտները: Երբ իմ մենահամերգից կարճ ժամանակ առաջ լսում էի մեր ֆիլհարմոնիկի համերգը, որի ընթացքում կատարվում էին Բրուքների բարդագույն ստեղծագործությունները, պարզապես զարմացած էի: Իննսունից ավելի երաժիշտ կար բեմում: Ես կարծում էի, թե գործիքներ կան, որոնք արդեն մոռացված են Հայաստանում, որոնց պահանջարկն արդեն չկա այստեղ: Կան նվագարաններ, որոնց պահանջարկն արդեն չպիտի լիներ, որովհետև մարդիկ պարզապես չեն կարող, այդ գործիքները նվագելով, այդ երաժշտությամբ զբաղվելով, ապրել, գոյատևել Հայաստանում: Դա հացի խնդիր է: Եվ ես մի մեծ ցանկություն ունեմ, որ պահպանեն, փայփայեն, գուրգուրեն այդ երաժիշտներին, չկորցնեն նրանց: Նրանցով է, որ մենք պիտի կարողանանք ներկայանալ աշխարհին: Ինձ զարմացրեց մեր նվագախմբի մակարդակը: Ես, փաստորեն, քսաներկու տարի չէի երգել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Չգիտեմ, թե ինչու էր այդպես ստացվել, բայց փաստը դա է: Եվ այս երկար ընդմիջումից հետո կայացած իմ մենահամերգի ընթացքում տեսա, թե ինչպիսի սիրով, ինչպիսի նվիրվածությամբ է աշխատում նվագախումբը: Նվագախմբին պետք է քաջալերել, իհարկե: Եվ պետք է դա անել պետական մակարդակով:
-Անդրադառնանք Ձեր երկրորդ մտքին. Դուք ասացիք ¥և այդ մասին էլի եք ասել մեր նախորդ զրույցների ընթացքում¤, որ հայաստանյան հասարակությունն արժանի է նման համերգների: Սա հայուհու սուբյեկտիվ, ազգային զգացումների՞ց թելադրված գնահատականն է մեր հասարակության, մեր ունկնդրի հասցեին, թե՞ օբյեկտիվ, ճշգրիտ բնորոշում, որը կարող է տալ համաշխարհային հանդիսատեսին քաջածանոթ արտիստը:
-Իհարկե, ավելի քան արժանի է մեր հասարակությունը բարձրարվեստ երաժշտություն լսելուն: Սա օբյեկտիվ գնահատական է: Այստեղ ես նկատել եմ ուղղակի ծարավ լավ երաժշտության նկատմամբ: Ես տեսնում եմ, թե որքան հետաքրքրված է այդ երաժշտությամբ հայ երիտասարդությունը:

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՍ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ ՆԿԱՏԵԼ ԵՄ, ՈՐ ԱՄԲՈՂՋ ՍՐԱՀՈՒՄ ՄԻԱՅՆ ՃԵՐՄԱԿԱՀԵՐ ԳԼՈՒԽՆԵՐ ԵՆ»
-Ասեմ, որ տարիներ առաջ Ձեր և Բարսեղ Թումանյանի համերգի ժամանակ դահլիճում երիտասարդությունն ուղղակի գետնին էր նստած: Ինչպես ընդունված է ասել` «ասեղ գցելու տեղ չկար»: Ասածս վերաբերում է ոչ միայն նստատեղերին, այլև հատակին, դահլիճի ամբողջ մակերեսին: Նման բաները բնորո՞շ են արտասահմանյան դահլիճներին:
-Սովորաբար արտասահմանյան ելույթներիս ժամանակ շատ վաղուց նկատել եմ, որ ամբողջ սրահում միայն ճերմակահեր գլուխներ են, երիտասարդները շատ քիչ են ներկա լինում այդպիսի համերգներին: Իսկ Հայաստանում աներևակայելի է երիտասարդության հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ, լավ արվեստի նկատմամբ` ընդհանրապես: Սա վերաբերում է թե՛ թատրոնին, թե՛ գրականությանը, թե՛ կինոյին, թե՛ արվեստի այլ ձևերին: Ես մի քանի անգամ ներկա եմ եղել այստեղ թատերական ներկայացումների և տեսել եմ, թե ինչպիսի երիտասարդություն է գալիս թատրոն: Կասկածից վեր է, որ նրանք արժանի են շփվելու լավ արվեստին, բարձր արվեստին:
-Ի՞նչ հաճախականությամբ եք լինում Հայաստանում:
-Անպայման գալիս եմ ամեն տարի:
-Եվ ի՞նչ է փոխվել հայրենիքում Ձեր բացակայության այս մեկ տարում:
-Նորից ու նորից պիտի խոսեմ մեր երիտասարդության մասին: Ամենամեծ տպավորությունս երիտասարդներից է: Շատ հուսադրող, գոտեպնդող է մեր երիտասարդության նկարագիրը: Վաղվա օրը նրանով է պայմանավորված: Հուսադրող են նաև մշակութային ձեռնարկները, շրջակա միջավայրի նկատմամբ նկատելի ուշադրությունը թե՛ Երևանի փողոցներում, թե՛ քաղաքից դուրս, վայրի բնության տարածքներում: Իհարկե, ամենացավալի բանը մնում է այն, որ շարունակում են լքել Հայաստանը: Ես դա ուղղակի ֆիզիկապես եմ զգում: Ամեն անգամ նկատում եմ, որ շուրջս պակասել են մարդիկ: Դա մեծ ցավ է:
(շարունակելի)

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ