ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հրաժեշտի ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: ՌԴ պատվիրակությունը նրա ելույթի ժամանակ հեռացել է դահլիճից, որ բոլորովին զարմանալի չէ` նախագահի ելույթի զգալի մասը նվիրված է եղել Ռուսաստանի Հարավային Կովկասում վարած քաղաքականությանը և աշխարհում ունեցած դերին: Նա անդրադարձել է Մաքսային ու Եվրասիական միություններին և բացատրել, թե ինչու Վրաստանը չպետք է անդամակցի այդ կառույցներին: Միխայիլ Սահակաշվիլիի ելույթի կրճատված տարբերակը ներկայացրել է lragir.am կայքը.
«Այժմ երբ ես խոսում եմ, Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք ձգտում են միանալ ազատ եւ ժողովրդավարական ազգերի եվրոպական ընտանիքին, ճնշումների եւ սպառնալիքների են ենթարկվում: Հայաստանն անկյուն է քշվել եւ հարկադրված է եղել ստորագրել Մաքսային միության փաստաթուղթը, որն այդ ազգի եւ տարածաշրջանի շահերից չի բխում: Մոլդովան շրջափակման է ենթարկվում, Ուկրաինան հարձակման տակ է, Ադրբեջանը մեծ ճնշման տակ է, իսկ Վրաստանը՝ օկուպացված: Ինչու՞:
Որովհետեւ հին կայսրությունը փորձում է վերականգնել նախկին սահմանները: «Սահմանը» առհասարակ ճիշտ բառ չէ, քանի որ կայսրությունը՝ լինի Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, թե Եվրասիական միությունը, երբեք սահմաններ չի ունեցել: Այն միայն լուսանցքներ է ունեցել:
Այսօր եկել եմ խոսելու այդ լուսանցքների անունից:
Հակառակ շատ ազգերի՝ Ռուսաստանի Դաշնությունն իր շուրջը կայուն երկրներ ունենալու շահ չունի:
Հարեւան երկրները մշտական անկարգության մեջ են, ինչը Կրեմլի ցանկությունն է: Այն չի ընդունում Վրաստանում, Ուկրաինայում կամ Մոլդովայում ուժեղ կառավարությունների գաղափարը:
Կարծում եք, որ Պուտին ցանկանու՞մ է, որ Հայաստանը վճռորոշ հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ոչ: Սա Հայաստանին չափից շատ ուժեղ եւ պոտենցիալ անկախ կդարձնի:
Իսկ կարծու՞մ եք, որ հակառակը ճիշտ է, որ Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն առավելության հասնի Երեւանի նկատմամբ: Ոչ: Արդիականացված Ադրբեջանի վերելքը մղձավանջ է Ռուսաստանի առաջնորդների համար:
Ոչ, նրանք չեն ցանկանում, որ որեւէ մեկը առավելության հասնի հակամարտությունում, քանի որ այն երկու ազգերին կախյալ է պահում եւ արգելափակում է Եվրոպական տարածությունում ինտեգրվելու ցանկությունը:
Կարծում եք, որ Ուկրաինայում Նարնջագույն հեղափոխության ուժերի պարտությունով Կրեմլը փափուկ մոտեցու՞մ է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ: Հակառակը: Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը մշտական հարձակման տակ է, Ուկրաինայի դեմ առեւտրային պատերազմ է սկսվել:
Կարծում եք, որ Կրեմլը կհամաձայնվի՞ քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ապաօկուպացիայի հարցը, երբ Թբիլիսիում իշխանությունը փոխվել է: Վրացական հողերի օկուպացիան ռուսների կողմից շարունակվում է:
Երեկ այս օկուպանտները կրկին Վրաստանի քաղաքացիներ են արտաքսել իրենց տներից եւ գյուղերից: Օրը ցերեկով եւ կատարյալ անպատժելիության մթնոլորտում: Չնայած Վրաստանի նոր կառավարության բարեկամական հայտարարություններին, ռուսական զորքերը շարունակում են առաջ բերել իրենց դիրքերը՝ համայնքները նոր փշալարերով բաժանելով, սպառնալով մեր տնտեսությանը, առաջ շարժվելով դեպի Բաքու-Սուպսա խողովակաշար, ավելի մոտենալով Վրաստանի հիմնական մայրուղուն եւ հարցականի տակ դնելով մեր երկրի կայունությունը:
Եկել եմ այստեղ, որ վրաց ժողովրդի անունից խնդրեմ միջազգային հանրությանը կոշտ արձագանքել այս ագրեսիային եւ օգնել մեզ վերջ դնել մեր հողերի գրավմանը:
Մեր տարածաշրջանում ԵՄ եւ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը՝ հիմնված մեր ժողովրդի ցանկության վրա, հետ մղելու ջանքերը գնալով ինտենսիվանում են: Այս ջանքերը կոչվում են Եվրասիական միություն:
ԿԳԲ գործակալ Վլադիմիր Պուտինը դասախոսում է ազատության արժեքների եւ ժողովրդավարության մասին: Սա նվազագույնն է, ինչ կարող է անել նա աշխարհին՝ լինելով վերջին կայսրություններից մեկի բռնապետ առաջնորդը: Սակայն այս նոր նախագիծն ավելի վտանգավոր է, քան նրա դասախոսությունները: Եվրասիական միությունը ձեւավորվել է որպես այլընտրանք Եվրամիությանը եւ բացահայտվել է Վլադիմիր Պուտինի կողմից որպես իր նոր նախագահության գլխավոր նախագիծ:
Քանի որ Եվրոպական եւ Եվրատլանտյան ինտեգրացիան երկար ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջում, քանի որ պահեր կան, երբ քեզ թվում է միրաժի հետեւից ես ընկած, քանի որ սպառնալիքներն ուժեղանում են, իսկ խոստումներն այնքան հեռու են, որոշ մարդիկ մեր տարածարջանում կարող են հոգնածության զոհը դառնալ եւ ասել՝ ինչու՞ ոչ:
Այսօր ցանկանում եմ բացատրել՝ ինչու ոչ:
Մեր ժողովուրդը պետք է որոշի արդյոք ընդունում է կյանքը վախի եւ քրեական աշխարհում, որտեղ տարբերություններն ընկալվում են որպես սպառնալիք:
Եվրասիական միությունը եւ մեր ոչ վաղ անցյալն է, եւ ապագան, որը ձեւավորում են Մոսկվայում մի քանի նախկին կգբ-ականներ:
Կրեմլում ստեր են ձեւավորել, որոնք տարածում են Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ շատ այլ երկրներում: Մեր երկրներում նրանց խոսափողները, ովքեր գիտակցաբար, թե չգիտակցելով ձեւավորում են 5-րդ շարասյունը, Եվրամիությունը նույնականացնում են ընտանեկան արժեքների քանդման, ազգային ավանդույթների քայքայման եւ գեյերի ու լեսբուհիների առաջ մղման հետ:
Տարօրինակորեն վերջին ամիսներին Թբիլիսիում, Կիեւում կամ Քիշնեւում լսում ենք տգեղ երաժշտությունը, որը գրվել է Մոսկվայում, մենք լսում ենք, որ մեր ավանդույթները քայքայվում են Արեւմուտքի ազդեցության տակ, որ քրիստոնեական տոները փոխարինվելու են գեյ շքերթներով, իսկ եկեղեցիները՝ դիսնեյլենդերով:
Արդյո՞ք մենք այնքան միամիտ ենք, որ հավատանք նման ստերին, ինչպես ավագ սերունդներն են արել՝ թույլ տալով առեւանգել մեր ինքնիշխանությունը:
Նայելով մեր տարածաշրջանի այսօր, ովքեր որոշ տեղեկություններ ունեն Կովկասի պատմության մասին, կարող են հիշել 1905 թվականի հայ-ադրբեջանական (խմբ. հայ-թաթարական) բախումները, որոնք հրահրվել են ցարական վարչակազմի կողմից եւ համեմատել այն 1980-ականների վերջին Ղարաբաղում սկսված հակամարտության հետ: Ռուսական բանակի աչքի առաջ սկսվեց պատերազմը եւ նրանք ձեւ էին անում, թե իբր օգնում են երկու կողմին՝ խորացնելով հակամարտությունը:
Եվրամիությունը վերջին տասնամյակների ամենամեծ քաղաքական հաջողությունն է՝ հիմնված երեք սյուների վրա, որոնք կոչվում են նաեւ երեք մերժումներ՝ ծայրահեղ ազգայնականության մերժում, կոմունիզմի մերժում, գաղութատիրության եւ իմպերիալիզմի մերժում:
Ֆրանսիական եւ Բրիտանական կայսրություններից ժամանակ պահանջվեց երրորդ մերժումն ընդունելու համար, սակայն գաղութներից հրաժարվելու գինը տնտեսության արդիականացումն ու ժողովրդավարության զարգացումն էր:
Եվրասիական միությունը հիմնված է ճիշտ հակառակ արժեքների վրա: Այն լիցքավորվում է անհանդուրժողականությամբ եւ առաջնորդվում ԿԳԲ կառույցների կողմից: Իհարկե, Եվրասիական միությանը միանալը շատ հեշտ է: Չկան սոցիալական, տնտեսական կամ քաղաքական չափանիշներ, որոնց պետք է համապատասխանել, գաղութ դառնալը, իհարկե, ջանքեր չի պահանջում: Պասիվությունն ու միջակությունը միակ պահանջներն են:
Մյուս կողմից, իրական միության մեջ մտնելու համար հստակ չափանիշներին համապատասխանելու համար հերկուլեսյան ջանքեր գործադրելուն այլընտրանք չկա, քանի որ նման սկզբունքներն են կերտում միությունը:
Սակայն եւս մեկ ավելի լավ պատճառ կա ասելու, որ ընտրությունն ակնհայտ է: Ընտրությունն ակնհայտ է, որովհետեւ ռուսական նախագիծը ձախողման է մատնված: Այսօր ոչ մի կայսրություն չի կարող կենսունակ լինել, եւ ռուսականը հաստատ չի կարող»: