ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Բացառիկ» ԱՄՆ-ը և մյուսները

«Բացառիկ» ԱՄՆ-ը և մյուսները
27.09.2013 | 00:12

ՄԱԿ-ի մահվան մասին լուրերը, պարզվեց, Բեռնարդ Շոուի սիրած ժանրից էին: Այնուհանդերձ, չափազանցումներ այնտեղ շատ եղան:

Հասկանալի է, թե՛ տիեզերքը, թե՛ աշխարհը, թե՛ ՄԱԿ-ը պտտվում են Ամերիկայի և հատկապես Օբամայի շուրջը:
Օբամա-Պուտին «ձեռնամարտը» ՄԱԿ-ում այնքան «թեժացավ», ամերիկյան «արտիստ» քաղաքականությունը կրկին սկսեց այնպիսի նրբագեղ ելևէջներով դիվանագիտական խաղեր կազմակերպել, որ հրճվանքից կարելի էր կարկամել: Ինչպես երևում է` Օբաման չէր մարսել Պուտինի` «Վաշինգտոն թայմսի» հոդվածը` «Բարաք, դու և քո երկիրը բացառիկ չեք» շեշտադրումով, ուստի Օբաման, գերտերության ղեկավարի դեմքով, հայտնվեց Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնի առաջ և ասաց. «Բացառիկ ենք, Վլադիմիր, և շա՜տ բացառիկ»:
Այնքան բացառիկ էին, որ Քերին Լավրովի հետ բանակցությունների եկավ մենակ, կանգնեց երկու երկրների դրոշների տակ, հետո իրեն ասացին, որ արարողակարգը խախտվել է` պետք է Լավրովի հետ գային, Քերին իր հիսունհոգանոց թիմով կրկին հետ գնաց, վերադարձավ Լավրովի հետ, ընդ որում, այնքան նեղացած էին միմյանցից, որ Լավրովը վերցրեց ու շրջանցեց դրոշները:
Սա դեռ բոլորը չէ: Միխայիլ Սաակաշվիլին ողջ հասակով կանգնեց ՄԱԿ-ի «դռանը» ու ասաց. «Ռուսաստան, դու ճնշում ես հետխորհրդային երկրներին, դու չես թողնում նրանք զարգանան, գնան Եվրոպա` հրեն, Հայաստանը քեզ օրինակ, դու ստիպեցիր, որ նա չուզենալով մտնի Մաքսային միություն»: Մինչ Սաակաշվիլին կխոսեր Մոլդովայից ու ՈՒկրաինայից, ռուսական պատվիրակությունը լքեց դահլիճը, քիչ հետո, ինչպես միշտ, հայտարարելով. «Միխո, դու գիժ ես». իմա` լուրջ հոգեբանական ստուգում պետք է անցնի Սաակաշվիլին:
ՄԱԿ-ն այս անգամ նույնքան հետաքրքիր էր Իրանի մասով: Չնայած միշտ է «այդ հաշվով» հետաքրքիր եղել: Ինչպես նախորդ դեպքերն էին, այս անգամ ամերիկյան պատվիրակությունը դահլիճից դուրս չեկավ Իրանի նախագահի ելույթի ժամանակ: Իրանի նախագահն ԱՄՆ-ը չհամարեց «սատանա» (այդ «սուրբ պարտականությունը» կատարեց Մորալեսը):
Հակառակը, Իրանի նորընտիր նախագահը վարպետության այնպիսի դաս տվեց «բացառիկ» Ամերիկային, որ ԱՄՆ-ը, որը ոչ մի կերպ չի կարողանում գտնել «ձևը»` Սիրիային «խփելու», չի կարողանալու տևական ժամանակ Իրանի դեմ ևս որևէ քայլ անել:
Նախ` Ռուհանին ցնցեց աշխարհն իր հայտարարությամբ՝ Իրանը պատրաստ է ճանաչելու հոլոքոստը։ «Հիշո՞ւմ եք, ինչ էր ասում Ահմադինեժադը` «ի՞նչ հոլոքոստ, ի՞նչ բան. Իսրայելն է մոգոնում, զոհերի թիվն էլ չափազանցված է»:
Այնուհանդերձ, Իսրայելի սիրտը չշարժվեց Ռուհանիի այդ փաստագրումից, հրեաներն էլի բոյկոտեցին Իրանի նախագահի ելույթը:
Բայց հո՞ Օբաման իր հերթին ասաց` էն ո՜նց եմ ուզում հանդիպել, սեղմել (ոչ պաշտոնապես) Ռուհանիի ձեռքը: Ռուհանին ասաց` «ո՛չ», ու բարևեց Օլանդին, որին վեց տարի չէր բարևել:
Չերկարացնենք, ասամբլեան դեռ շարունակվում է, և հետաքրքիր դրվագների դեռ ականատես ենք լինելու:
Ամփոփման համար ասենք` ՄԱԿ-ի գագաթնաժողովն առանձնապես չթեթևացրեց աշխարհի հոգսը, այնուհանդերձ, ԱՄՆ-ն ու արևմտյան «կոալիցիան» ՄԱԿ-ի ԱԽ-ում չկարողացան «համերաշխության պլատֆորմ» ձևավորել Սիրիան ռմբակոծելու համար, ու այս առումով գագաթնաժողովը դարձավ հարթակ` ևս մեկ անգամ ցույց տալու, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքն իսկապես բարդ կացության առջև են կանգնած. այս պահին նրանց հակազդողներն ավելի շատ են, քան կողմնակիցները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ