Փաստաբան Ռուբեն Սահակյանը, ի պատասխան թերթերից մեկի հարցի, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը իրեն վաստակավոր իրավաբանի կոչում է շնորհել Լիցկային մատուցած ծառայությունների համար, որի արդյունքում նախկին մարզպետի որդին ազատվեց բանտից, հայհոյել է նման լուրեր տարածողներին:
Ռուբեն Սահակյանը, փաստորեն, լինելով Փաստաբանների պալատի այլևս նախկին նախագա, իրեն ազատագրված է համարում, և մտածում է, թե կարող է իրեն թույլ տալ ցանկացած արտահայտություն, ինչ խելքին կփչի: Նա, երևում է, իրեն նաև ուժեղ է զգում` Լիցկայի հետ յուրօրինակ հարաբերությունների մեջ լինելով: Վերջինս հանրությանը հայտնի է իր բավականին առանձնահատուկ լեքսիկոնով և մարդկանց հետ խոսելու «բեսպրեդել» կեցվածքով, որի մասին լրագրողները վերհիշեցին այս տարվա հունիսի 1-ին Լիցկայի տան բակում տեղի ունեցած միջադեպի հետո ու մամուլը կրկին լցվեց Լիցկայի քաջագործությունների մասին պատմություններով: Ենթադրում ենք, որ փաստաբան Ռուբեն Սահակյանը շատ ջանքեր է գործադրել Սուրիկ Խաչատրյանի որոշ հատկանիշներով չվարակվելու համար, սակայն չի կարողացել դիմադրել փողոցային լեքսիկոնի որոշ համեմունքները յուրացնելուն: Հակառակ պարագայում պետք է ենթադրել, որ պարզապես տարբերություն չկա այս երկուսի` Լիցկայի և Ռուբեն Սահակյանի միջև, որից էլ հասկանալի է դառնում վերջինիս` Լիցկայի որդու պաշտպանության գործն ընդհանրապես ստանձելու հանգամանքը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ