ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 9-ին առաջին տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից, որտեղ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արարողակարգային ուղերձը, որտեղ նշված է. «Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ես լիովին աջակցում եմ դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի կողմից։ Այդ նշանակումն ապացուցում է, որ ԱՄՆ-ն միանշանակ ցանկանում է աջակցել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»: Օբաման հուսով է, որ դեսպան Ուորլիքի մեծ փորձն ու առաջընթաց գրանցելու Ադրբեջանի կառավարության ցանկությունը նոր խթան կդառնան համանախագահների աշխատանքում և խաղաղ գործընթացում։ «Արդեն ժամանակն է նոր ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնության շրջանակներում»,-ասել է Բարաք Օբաման։ Սեպտեմբերի 10-ին Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ կունենա Երևանում, ապա կմեկնի Ստեփանակերտ: