Երիտասարդների բողոքի ակցիան, որը շարունակվում է Երևանի քաղաքապետարանի մոտ, այս ընթացքում արժանացել է տարաբնույթ մեկնաբանությունների: Հնչել են գնահատականներ, որ պետք է պահանջել ոչ թե վարչության պետերի, այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, որ երիտասարդներն ուղղորդվում են, ապարդյուն է այդ կերպ պայքարելը, և մի օր այդ շարժումն էլ կմարի: Սպասենք ու տեսնենք, թե որքանով հետևողական կլինեն իրենց պահանջների մեջ երիտասարդները, հետագայում էլ ում հրաժարականը կպահանջեն և ինչ քայլերի կդիմեն: Ուղղորդվում են, թե ոչ՝ դա էլ կերևա մոտ ապագայում: Շատ կարևոր է այս պահին արձանագրելը, որ նման հասարակական հնչեղություն ունեցող ակցիաներին չենք հանդիպում կամ հազվադեպ ենք հանդիպում դրամաշնորհներով սնվող և մարդու իրավունքների պաշտպանության անվան ներքո հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների: Սովորաբար այդպիսի ՀԿ-ների ներկայացուցիչները սիրում են շեշտել, որ իրենք անկախ են կուսակցություններից, պետությունից, կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները, արծարծելու հասարակական կամ բնապահպանական հնչեղություն ստացած հարցեր: Սակայն, մեկ-երկու բացառությունը չհաշված, այդ կազմակերպություններն այս ընթացքում ցույց են տվել, որ իրենք մարդու իրավունքները «պաշտպանում» են միայն տեղական և արտերկրյա սեմինարների ժամանակ: Կուսակցությունների հարցն այս դեպքում այլ է. խառնվելու դեպքում նրանք ձգտում են միայն քաղաքական դիվիդենտներ շահել: Չնայած տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հասցրել են հենց սոցիալական ցանցերում հեգնել նաև այս շարժումը. իբր հիսուն դրամի համար են դուրս եկել պայքարի, ոչ թե՝ Սերժ Սարգսյանին «գցելու»: Իհարկե, այդպես կարծողները մոռանում են, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանին «գցելու» հազարավոր կոչեր արդեն իսկ հնչել են ամենատարբեր հարթակներից ու ամբիոններից, սակայն դրանից հետո երկրում ոչ միայն իշխանափոխություն չի եղել, ոչ միայն ընդդիմությունը չի ուժեղացել դրանից, այլ հակառակը՝ խնդիրներն ավելի են շատացել, բազմապատկվել, քաղաքացիներն ավելի շատ են արտագաղթել, և փաստն այն է, որ իրենց ընդդիմադիր համարող ուժերն այսօր նույնիսկ մի գյուղապետի մակարդակով չեն կարողանում հաղթանակ գրանցել: Իսկ իշխող համակարգի դեմ, այսպես թե այնպես, շարունակում են ընդվզել բացահայտ կամ քողարկված զիջումների չգնացած, կուլիսային հարաբերությունները, քաղաքական գործիչների տարատեսակ մանիպուլյացիաներն ու իշխանության հետ գործարքները մերժած անհատներն ու խմբերը (հենց թեկուզ Պռոշյանի գյուղապետարանի աշխատակիցների օրինակով): Հնարավոր է, որ հենց այդ անհատներն ու խմբերն էլ առաջիկայում ձևակերպեն գլոբալ խնդիրներ և իրենց միջից էլ առաջ քաշեն քաղաքական առաջնորդների:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ