Պակիստանում ընտրում են 12-րդ նախագահին, թեկնածուները երկուսն են` Մամուն Հուսեյնը, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթած Պակիստանի մուսուլմանական լիգայի թեկնածուն է, և նախկին դատավոր Վախիուդին Ահմեդը, ում առաջադրել է ընդդիմադիր «Պակիստան Թեհրիկ ե ինսաֆ» (Շարժում հանուն արդարության) կուսակցությունը: Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրում են 706 խորհրդարանականները` Սենատի 104 անդամները և Ազգային ասամբլեայի 342 պատգամավորները, երկրի չորս նահանգային ասամբլեաների 260 պատգամավորները: Փորձագետները գտնում են, որ Մամուն Հուսեյնի օգտին կարող են քվեարկել 400 պատգամավորներ: Քվեարկության արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտնի հենց այսօր:
Գործող նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի լիազորությունները ավարտվում են սեպտեմբերի 8-ին: Նրա գլխավորած կուսակցությունը մայիսյան ընտրություններում պարտվեց և Զարդարին հրաժարվեց նախագահի պաշտոնում վերընտրվելու գաղափարից: Պակիստանը խորհրդարանական հանրապետություն է և նախագահը քաղաքական համակարգում ունի արարողակարգային դեր, իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում: