Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հռոմի Պապը կոչ է անում ընդվզել

Հռոմի Պապը կոչ է անում ընդվզել
28.07.2013 | 16:00

Հռոմի պապը Ռիո դե Ժանեյրոյի հավատքի գլխավոր տաճարներից մեկում հավաքված հինգ հազարանոց լսարանին կոչ է արել դուրս գալ փողոց բողոքի ցույցերի և անկարգությունների: Կաթոլիկ հովվապետն ասել է, թե եկեղեցին այլևս չի կարող գտնվել չորս պատերի մեջ: «Թող ներեն ինձ եպիսկոպոսներն ու հոգևորականները, եթե երիտասարդությունն անկարգություններ անի, բայց այդպիսին է իմ խորհուրդը»,-ասել է Պապը: Պապը երիտասարդներին կոչ է արել գնահատել իրենց, բայց միաժամանակ հարգել մեծերին: Իսկ ավագները, նրա կարծիքով, պետք է դադարեն հեռու մնալ ամեն ինչից: «Բացեք բերանները: Առանց տատանվելու դարձեք ժողովրդի պահապանները, փոխանցեք արդարություն, պատմություն, արժեքներ և հիշողություն»,-ասել է նա, նաև հավելել, որ եկեղեցին պետք է թողնի հարմարավետությունն ու հանգիստը և փողոց դուրս գա՝ պայքարելու հանուն արդարության: Հռոմի պապի կոչին վատ չէր լինի ականջալուր լինեին մեր հոգևորականները: Հայ առաքելական եկեղեցին միշտ անջատ է եղել հասարակությունից, այն, կարծես, դեռևս գրաբարի գերիշխանության ժամանակներում է մնացել, երբ խոսքը, որքան անհասկանալի, այնքան ակնածանք էր առաջացնում: Բայց՝ այլևս ո՛չ մեր ժամանակների հասարակության համար: Մեր եկեղեցին իր «չորս պատերի» մեջ հասարակությունից անջատ մի կառույց է, որը ավելի շատ համաձայնում է իշխանությունների գործողություններին` իր լռությամբ, քան թե մասնակից դառնում կամ գոնե փորձում հասկանալ հասարակական այս կամ այն պահանջը բողոքի ակցիաների տեսքով: Միայն հատուկենտ հոգևորականներ են իրենց մեջ ուժ գտնում մերժելու եկեղեցու ինքնապահածոյացված վիճակը ու թեկուզ ներսում, այդ նույն «չորս պատերի» մեջ ընդվզելու եկեղեցում առկա ոչ քիչ հոռի երևույթների դեմ: Ինչ վերաբերում է Հռոմի պապի` երիտասարդությանը և տարեցներին ուղղված կոչին, Պապը, կարծում ենք, վախ ունի աշխարհի հետագա ընթացքի հանդեպ: Երկու սերունդների ներդաշնակ համակեցության պարագայում միայն կարող է փրկվել աշխարհը: Երկիր մոլորակի բնակչությունը խելակորույս շտապում է ապրել` ճանապարհին խեղելով շատ մարդկային արժեքներ ու էլ ավելի հեռացնել մարդուն Աստծուց: Նույնն է թե` մարդուն ճշմարիտ արժեքներից: Պապի` Երիտասարդության միջազգային տոնի առթիվ տեղի ունեցած կաթոլիկ համաժողովի ընթացքում հնչած խոսքը մարդկային հոգու փրկությանն ուղղված յուրօրինակ պատգամ է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 17096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ