Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եզդի հովվի ոտքը կոտրել են ոչ թե ոչխարները, այլ «Մերսեդես Բենցի» վարորդը

Եզդի հովվի ոտքը կոտրել են  ոչ թե ոչխարները, այլ  «Մերսեդես Բենցի» վարորդը
23.07.2013 | 11:34

2012 թ. նոյեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Ի. Մամոյանին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանն առանց նորմալ զննելու այն, ոչ արձանագրում է սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը, ոչ տրանսպորտային միջոցներից պոկված մասերը, ոչ էլ ավտոմեքենայի անվադողի և արգելակման հետքերը ճանապարհի տվյալ հատվածում: Սխալ ելակետային տվյալներ է տալիս դատաավտոտեխնիկական փորձագետին, և միասին հանգում են ոչ հիմնավոր և օբեկտիվ նյութերից չբխող եզրակացության, որ իբր թե «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 5-6 մ, կրկնում եմ` 5-6 մ, որը ոչ մի տրամաբանության չի դիմանում, տեսել է ոչխարի հոտը և չի կարողացել կանխել վթարը, և որ մեղավոր են ոչխարներն ու հովիվները: Իսկ հովիվ Իշխան Մամոյանի վնասվածքները թաքցնում է, լրիվ չի արձանագրում, իրականում դրանք ծանր մարմնական են, համարում է, որ այն վրաերթի պատճառով չի առաջացել, այլ ոչխարի հարվածի հետևանքով: Այո, 21-րդ դարում Շիրակի մարզի իրավապահ մարմինները, քննչական բաժնի քննիչ Վ. Սամվելյանը, դատախազի տեղակալը, դատավորը, ցուցաբերելով ակնհայտ անարդարացիություն, պնդում են, որ եզդիների ոչխարներն են հարվածել և կոտրել եզդի հովվի ոտքը` ձախ սրունքի մեծ ոլոքի փակ բազմաբեկոր կոտրվածք, տեղաշարժով, և ոչ թե «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մեքենայով: Իսկ մենք ոչ մի կերպ չենք կարողանում ապացուցել իրականությունը, որը պարզելու համար ընդամենը նյութերով պետք է նշանակվի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն և փորձագետին հարց տրվի, թե տուժող հովիվ Ի. Մամոյանի վնասվածքներն առաջացել են ոչխարի հարվածի՞ պատճառով, թե՞ շարժվող տրանսպորտային միջոցի որևէ մասի հարվածի հետևանքով: Քննիչը, խախտելով ՀՀ քր. դատավարության մի շարք հոդվածների պահանջները, անգրագետ հովվին հարցաքննել է առանց թարգմանչի, նյութերի ընթացքը 10 օրվա փոխարեն լուծել է մոտ 3 ամսում, նյութերով քր. գործի հարուցումը մերժելու մասին որոշումն անմիջապես չի հայտնել տուժողներին: Այսքանից հետո էլ անգրագետ և հայերեն գրավոր ու բանավոր խոսքին չտիրապետող հովիվ Ի. Մամոյանից վերցրել է դիմում, որ իբր թե նրանք հաշտվել են և բողոք չունի, իսկ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդն օգտվելով բարենպաստ պայմաններից, որը ստեղծել էր իր համար նախաքննական մարմինը, 19.03.2013 թ. «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում ներկայանում է որպես տուժող Ի. Մամոյանի ներկայացուցիչ։ Ինչպիսի՜ բարեհոգություն. համ տուժողին վրաերթի է ենթարկում, համ էլ ներկայանում է որպես նրա ներկայացուցիչ (եթե չեմ սխալվում, սա միակ դեպքն է մեր հանրապետության պրակտիկայում): Ստանում է 649000 ՀՀ դրամ գումար, որից 270000 ՀՀ դրամ գումարը մուծում է հիվանդանոց, 379000 ՀՀ դրամ գումարը, իհարկե, վերցնում է իրեն: Զարմանալի է, բայց փաստ, որ մեր իրավապահ մարմիններում դեռևս կան մարդիկ, որոնք մտածում են, որ ոչխարի հարվածից մարդը կարող է ստանալ բազմաբեկորային կոտրվածք:
Նյութերին ծանոթանալիս պարզվեց, որ իրավապահները ոչ միայն օրենքն են անտեսել, այլև բարոյականությունը: Նրանք հնարավորություն են տվել վրաերթը կատարող անձին դառնալու տուժողի ներկայացուցիչը, նրա անունից գումար ստանալու, իհարկե, առյուծի բաժինը իրեն վերցնելով: Առանց պատշաճ հիմնավորելու յուրաքանչյուր հովվի արարքը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդին իրավունք են վերապահել վրաերթի ենթարկված հովիվներից մեկից պահանջելու իր վնասը, ինչն այնքան էլ հարիր չէ մեր հասարակությանը: Երթևեկելի հանդիպակաց գոտում վրաերթի ենթարկելով հովիվ Ի. Մամոյանին` «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի վարորդը այնուհետև հարվածում է իր առջևից ընթացող, բայց վթարը կանխած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային և նոր կանգնում է: Հետաքրքիրն այն է, որ, իջնելով մեքենայից, իր երթևեկելի մասի ձախ կողմում ընկած հովվին չի հարցնում, թե ինչպես է, ինչով օգնի, հարցնում է` ե՞ս եմ քեզ հարվածել, թե՞ ոչխարները: Բնական է, հովիվն էլ վախվորած ասում է, որ ոչխարներն են իրեն հարվածել (ըստ նյութերի, իհարկե): Այդ, նույնիսկ դպրոց չհաճախած անգրագետ հովիվը հայտնում է նաև, որ, իհարկե, հովիվներն են մեղավոր, որ ճանապարհով անցկացնում են ոչխարի հոտը: Այն նախադեպ ընդունելով` նախաքննական մարմինը հանգում է այն եզրակացության, որ հովիվներն ու ոչխարներն են մեղավոր (ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է): Վերոհիշյալ իրավաբանները ոչ միայն ստվերում են իրենց գործունեությունը, այլև մեր հավատը դեպի իրավապահ մարմինները: Նրանց ենք վստահել արդարադատության իրականացումը, նրանցից յուրաքանչյուրը արդարադատության կրողներից մեկն է, օրենքի գերակայության մթնոլորտ ստեղծողներից մեկը: Չնայած մեր բողոքներին նրանք դեռևս շարունակում են, հաստատուն ուզում են հիմնավորել իրենց ասածը, նույնիսկ դատական կարգով, հաստատ իմանալով, որ իրենց առջև կանգնած են ընդամենը անգրագետ հովիվներ, ուրեմն «հարց չկա»: Հարգարժան դատավորը 19.06.2013-ին մեծահոգաբար դատարան հրավիրեց «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի վարորդ Վ. Վարդերեսյանին և հանձնարարեց, որ իր հայցից հրաժարվի և յուրաքանչյուրը իր վնասը կրի. չէ՞ որ վթարը փորձանք է: Վ. Վարդերեսյանը համաձայնվեց հայցը հետ վերցնելու Արմավիրի դատարանից, բայց չգիտես ինչու, 01.07.2013 թ. հրաժարվեց, իսկ դատավորն էլ անմիջապես 03.07.2013 թ. անհիմն մերժեց բողոքը, որը, ինձ թվում է, ոչ միայն անհիմն ու անարդարացի է, այլև խոսում է այն մասին, թե մենք բարքերի ինչպիսի հսկայական անկման ենք հասել: Մենք որոշել ենք վերոհիշյալ իրավաբաններից յուրաքանչյուրին մեկական ոչխար ուղարկել ոչ թե խորովածի համար, այլև որ նրանք փորձեն և համոզվեն, որ ոչխարի հարվածից մարդու ոտքը չէր կարող կոտրվել, այն էլ բազմաբեկորային և տեղաշարժով: Բայց առայժմ չենք կարող ուղարկել, որովհետև նախաքննական մարմինը այստեղ էլ է թերացել և դեպքի վայրում չի արձանագրել, թե ինչ ոչխարներ են սատկել ճանապարհին` գա՞ռ, մայր ոչխա՞ր, թե՞ ղոչ, որպեսզի նմանը ուղարկենք, որ փորձարարությունը հավաստի լինի: Հավատացեք, մեր կյանքում իրավական նորմերի օրենքներին զուգահեռ մեր հասարակությունը զարգանում է նաև բարոյական նորմերի շնորհիվ: Դրանք այն անիվներն են, որոնց վրայով համաչափ և հավասար առաջ ենք գնում մենք և մեր հասարակությունը, անընդունելի են բոլոր բացթողումները, որոնք ստվեր են գցում մեր օրինականության վրա:
Հարգելի իրավաբաններ, Դուք ձեր դրսևորած վարքագծով ոչինչ չեք կարող անել, նույնիսկ այս պայմաններում այդ հովիվները, որոնք, չնայած սոցիալական կարիքին, հարկ եղած դեպքում նույնիսկ պատրաստ են «ձեր ստեղծած վնասը» հատուցելու, բայց ի՞նչ կասի հասարակությունը. մի՞թե անարդարությունն արդեն մեր հասարակությունում տեղ ունի և հաղթել է։ Ո՛չ, երբե՛ք: Այդ հովիվները հիմա ոչինչ չեն ուզում, պարզապես ուզում են, որ հարգեն օրենքը, իրենց իրավունքները և երբեք չխաբեն: Նրանք իրավահավասարություն և սոցիալական արդարություն են պահանջում, իսկ եթե չկա այն, ապա պատրաստվում են իրենց ոտքը կոտրած ոչխարները վաճառելու և արտագաղթելու մեր հայրենիքից: Չնայած մեր միավորումը ամեն ինչ կանի, որ նրանք չարտագաղթեն: Հետաքրքիր է, թե ինչու են մեր իրավաբաններն այդպես համառորեն ուզում ապացուցել, որ հովվի ոտքը կոտրել են նրա ոչխարները: Որովհետև քաղաքացիական օրենսդրությամբ քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգավոր աղբյուրի հետ, օրինակ` տրանսպորտային միջոցի, պարտավոր են հատուցել առավել վտանգավոր աղբյուրով պատճառված վնասը պատճառողի մեղքի բացակայությամբ, եթե բացակայում են տուժողի դիտավորությունը և անհաղթահարելի ուժը: Ահա թե ինչու են շահագրգռված մեր իրավաբանները և ինչու են թաքցրել Ի. Մամոյանին պատճառված վնասվածքները և ծանրի փոխարեն արձանագրել միջին ծանրության վնասվածք: Մենք բոլորս էլ սխալվում ենք, բայց այս դեպքում անփութություն և անզգուշություն չկա, գործում է ուղղակի դիտավորությունը, ահա թե ինչու ենք այս նյութը ներկայացնում հանրությանը:
Մեր նախագահը` Սերժ Սարգսյանը, իր նախընտրական ծրագրում գրում է, որ «Արդարությունը հիմնվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարների վրա, դրանից բխող հետևանքներով: Արդարության ապահովումը, լինելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրը, այդուհանդերձ, դատարանների հիմնական գործառույթն է»: Մենք բողոքով դիմելու ենք ՀՀ վերաքննիչ դատարան և հավատացած ենք, որ վերաքննիչ դատարանը կվերացնի այդ որոշումը և կհանձնարարի նախաքննական մարմնին կատարել արդարացի, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2958

Մեկնաբանություններ