Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Այդ «քաջ երիտասարդը» կարող է «շրջել» երկրների միջև հարաբերությունների ընթացքը

Այդ «քաջ երիտասարդը» կարող է «շրջել» երկրների միջև հարաբերությունների ընթացքը
29.06.2013 | 14:59

ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցը դեռևս օդում կախված է: Նրա պաշտպանության հարցով այս պահին հանդես են գալիս երեք երկրներ` Վենեսուելան, Էկվադորը և, իհարկե, Ռուսաստանը: Վերջինս ԱՄՆ-ի հետ չունի էքստրադիցիայի պայմանագիր և մտադիր չէ առանց այդ պայմանագրի Սնոուդենին հանձնել Միացյալ Նահանգներին: Այս հանգամանքն արդեն իսկ Սնոուդենին հնարավորություն է տալիս հանգիստ վերլուծելու իրավիճակը և ճիշտ որոշում կայացնելու: Ինչ վերաբերում է առաջին երկու երկրներին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ պատրաստ է իր երկրի տարածք թողնել Էդվարդ Սնոուդենին, եթե նրանից ստանա համապատասխան խնդրանք: «Կցանկանայի ողջ աշխարհին հայտնել, որ եթե Սնոուդենը կարիք ունի հումանիտար պաշտպանության և եթե նա համարում է, որ կարող է գալ Վենեսուելա, մեր երկիրը պատրաստ է մարդասիրական պաշտպանության տակ առնել այդ քաջ երիտասարդին»,- ասել է Վենեսուելայի նախագահը Կարակասում: Մադուրոն պարզաբանել է, թե պատրաստ է օգնել Սնոուդենին` որպեսզի աշխարհը իմանա ճշմարտությունը:
Իր հերթին ԱՄՆ-ում Էկվադորի դեսպանատունը երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի Էկվադորի կառավարությունը մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ Սնոուդենի հարցով և մերժում է ճնշման ցանկացած փորձ՝ կապված այդ իրավիճակի հետ: «Էկվադորի կառավարությունը հստակ ուզում էտեղեկացնել Սնոուդենին և այլ ապաստան խնդրողների, որ իրենց իրավունքները ենթակա չեն բանակցությունների կամ քաղաքական ճնշումների»,-ասված է հայտարարության մեջ: Դեսպանատունը պարզաբանել է ԱՄՆ-ի կողմից Էկվադորին տրված մաքսային արտոնություններից Էկվադորի հրաժարման պատճառները. «ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ փորձել են քաղաքական ճնշում իրականացնել Էկվադորի նկատմամբ՝ արտոնությունների հարցը շահարկելով, այն դեպքում, երբ մեր երկիրը միայն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքը` քննարկելու տվյալ խնդրանքը»: Հայտարարության մեջ նշված է, որ Էկվադորի իշխանությունները Սնոուդենի վերաբերյալ դեռևս որևէ որոշում չեն ընդունել. «Կառավարությունը շատ ուշադիր ուսումնասիրում է այդ խնդրանքը, համաձայն իր իրավական պարտավորությունների, որոնք թելադրված են ազգային սահմանադրությամբ և բխում են մարդու իրավունքների ու փախստականի վերաբերյալ տարբեր միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման Էկվադորի պարտավորություններից»:
Էդվարդ Սնոուդենի հարցը մեծ աղմուկ է առաջացրել հենց ԱՄՆ-ի ներսում: Հասարակության մի ստվար հատված պաշտպանում է ԿՀՎ նախկին աշխատակցին, իսկ Սենատի 100 անդամներից 26 -ը երեկ կոչով դիմել են Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերին՝ հրապարակելու էլէկտրոնային վերահսկողության մանրամասները: Սենատորները ափսոսանք են հայտնել, որ այդ ծրագրերի մասին հայտնի դարձավ տեղեկատվական արտահոսքի, ոչ թե կառավարության գիտակցված որոշման արդյունքում: Նրանց գնահատմամբ՝ երկրի ներսում գաղտնի օրենքի հիման վրա վերահսկողության իրականացումը լուրջ մտահոգություն է առաջացնում քաղաքացիական ազատությունների առումով և գործնականում հասարակությանը հեռացնում է ազգային անվտանգության ու քաղաքացիների ազատությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցությունից:
Կլեպերին ուղղված նամակում հարցադրում կա այն մասին, թե որքան ժամանակ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը զբաղվում քաղաքացիների հեռահաղորդակցության վերաբերյալ տվյալներով: Սենատորները խնդրում են կոնկրետ օրինակներ նշել հավաքված տվյալների օգնությամբ որևէ օպերատիվ օգտակար ինֆորմացիա ստանալու մասին: Հավելենք, որ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հիմք հանդիսանալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև էքստրադիցիայի պայմանագրի հարցը վերաքննարկելու համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ