«Հայոց աշխարհի ո՞ր անկյունում հայն այնպես պաշտեց իր հողը, այնպես առյուծացավ ճակատամարտերում, իր երկրի համար այնպե՜ս մեռնել գիտցավ, ինչպես Տարոն աշխարհում:
Քանի դեռ մեր երկրի աշխարհագրական մարմնից կտրված կմնա Տարոնը, վտանգված կմնա մեր հայրենիքի ապագան»:
Գարեգին ՆԺԴԵՀ
«Օսման, թալանչի օսման, ուրեմն որպես ավազակ, որ ճամփին որ կանգնեցիր, էդ ճամփան քոնն է, հա՞, քո գիշատիչ աչքը որ սարը տեսավ` էդ սարը քոնն է, հա՞, քո թալանչի ձեռքը որ դռանը կպավ, էդ տունը քոնն է, հա՞, քո հարամ շունչը, որ աղբյուրին դիպավ, էդ աղբյուրը քոնն է, հա՞:
Աթաբունար... Տալվորիկի սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա ու չկա, օսման, թալանչի օսման, աղբյուրի անունը Մեհրէ էր, ու Մեհրէ էլ կմնա, սարի անունը Արարատ է ու Արարատ էլ կմնա»:
Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆ
1915 թ. հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, Բիթլիսի հայերի կոտորածներից հետո դեռ անձեռնմխելի կմնա Մուշ քաղաքի, Մշո դաշտի և Սասունի հայությունը, թուրքը չէր մոռացել, որ Տարոնը և Սասունը միջնաբերդ կհանդիսանային հայ հեղափոխության համար: Այդ իսկ պատճառով Տարոնի և Սասնա հայության հաշվեհարդարի գործը թողնված էր վերջնագծին:
1915 թ. հունիսի 26-ին Մուշի կառավարիչ Սերվեթ բեյը կարգադրում է, որ մինչև 21.00-ն Մուշ քաղաքի 15-ից բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդիկ ներկայանան կառավարչություն, ՈՒրֆա մեկնելու համար: Տարոնի ազգային առաջնորդարանի ղեկավարությունը` տեղապահ Վարդան վարդապետի գլխավորությամբ, անդամներ` Ն. Քեշիշյան, Մ. Սահակյան, Հ. Քենտերյան, Խ. Հայկունի, Հ. Կոտոյան, Մ. Բդեյան և այլք, քննարկում էր երկու տարբերակ. ա) հանձնվել, այսինքն` կատարել Սերվեթ բեյի հրամանը, և բ) մնալ քաղաքում և կազմակերպել դիմադրություն: Երկար վիճաբանություններից հետո Վարդան վարդապետը, առաջնորդարանի կղերական դասը, որոշ պահպանողականներ և Հայ հեղափոխական դաշնակցության որոշ անդամներ որոշում են հնազանդվել թուրք կառավարչի հրամանին:
Հաջի Հակոբ Կոտոյանը, Միսակ Բդեյանը և այլք կտրականապես մերժում են տեղահանության գաղափարը: Ահա թե ինչ է ասում Կոտոյանը. «Դուք ինչպե՞ս կհավատաք, որ ձեզ մինչև ՈՒրֆա ողջ կտանեն, գոնե մի անգամ շուրջբոլորդ նայեք, ի՞նչ է պատահել Կարինի, Տրապիզոնի, Սվազի, Խարբերդի հայ բնակիչներին, մեր ունեցած տվյալներով` նշված գավառների, ինչպես նաև Բաղեշի, Բուլանղի, Վարդոյի և Տիգրանակերտի հայերին տեղահանել և կոտորել են: Ստեղծված իրավիճակը մեզ հուշում է կռվել մինչ ի մահ: Ճիշտ է, քաղաքի և Դաշտի զգալի թվով երիտասարդներ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հրամանով իրենց զենքով, զինամթերքով և սննդի որոշ պաշարով բարձրացել են Սասուն, սակայն եղած սակավաթիվ երիտասարդներով սահմանափակ զենք, զինամթերքով պետք է ամրանալ Մուշ քաղաքում և կռվել»: Զարմանալի էր, որ տասնյակ տարիների հեղափոխական գործիչ, թունդ դաշնակցական, ազգասեր և ըմբոստ Վարդան վարդապետը ասում է` Ժողովրդիս կհրամայեմ, որ գնա հանձնվի, եթե իրենց մի մասը կոտորվի, գոնե քաղաքի մեջ մնացած կանայք և երեխաները անվնաս կմնան: Վարդան վարդապետը, անսալով Կոտոյանի թախանձանքներին, Մուշ քաղաքի արու բնակչության մեծ մասին առաջնորդեց դեպի ՈՒրֆա, սակայն ճանապարհին Տարոնի Սողգոմ և Ալիզոնան գյուղերի մարագներում իր հետ բոլորը ողջակիզվեցին: Հունիսի 29-ին` Վարդավառին հաջորդող մեռելոցի օրը, թուրք կանոնավոր բանակը մի քանի թնդանոթներով զինված, գերմանացի սպայի մասնակցությամբ հարձակվեց քաղաքի պաշտպանների դիրքերի վրա: Հինգ օր շարունակ քաղաքի սակավաթիվ պաշտպանները Հաջի Հակոբ Կոտոյանի ղեկավարությամբ (որը ոչ միայն Անդրանիկի զինվորն է եղել, այլև մտահղացել էր Առաքելոց եկեղեցու կռիվը), հերոսական դիմադրություն ցույց տվեցին թուրք կանոնավոր բանակին, ոչնչացնելով հարյուրավոր թուրք ասկյարների:
Հուլիսի 3-ին Կոտոյանը դիմում է իր քաջերին. «Իմ սիրելիներ, ես տեսնում եմ, որ դուք բոլորդ էլ քաջ և անձնազոհ կռվող եք, մեր դիրքերը հարմար են պաշտպանության համար, մենք կարող ենք երկար ժամանակ դիմադրել անարգ թշնամուն, սակայն մեր ունեցած փամփուշտները սպառվելու վրա են, յուրաքանչյուրիս մոտ կա 15-20 փամփուշտ, որը կբավարարի մեկ-երկու ժամվա կռվի, Սասունից ստացվելիք օգնությունը չկա, նրանք մեզ հուսախաբ արին, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է կռվելով հեռանալ, մի մասը` դեպի Սասուն, մի մասը` Տաշոյի կամրջով դեպի Քան»: «Իսկ Դո՞ւք»,- գոչեցին մարտիկները: «Ես տարիքով եմ, ես կմնամ մինչև վերջ»։ Նա ընդամենը 47 տարեկան էր: Մնաց և անմահացավ:
Հունիսի 28-ին Վարդավառ էր: Տարոնի հայությունը մեծ շուքով տոնում էր այդ տոնը դեռ նախաքրիստոնեական ժամանակներից: Սուրբ Կարապետ կամ Գլակա վանքում, որը, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի կառուցած առաջին եկեղեցին էր Հայոց աշխարհում (այստեղ ամփոփված էին Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի նշխարները), կատարվում էին մեծ հանդիսություններ: Բոլորին հիացնում էին փահլևան Վաչագանի ելույթները:
1915-ի այդ օրը ժողովուրդը խռովահույզ էր, չարագուշակ տեղեկություններ էին շրջանառվում: Ռուսական զորքը հաղթականորեն մոտենում էր Տարոն աշխարհին, արդեն գրավված էր Մանազկերտը, որտեղից Մուշ ոտքով 8-10 ժամվա ճանապարհ էր: Նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդու ուղեղում չէր կարող տեղավորվել ամբողջ ազգի ոչնչացման դիվային գաղափարը: Եթե անգամ Մուշ քաղաքում, որտեղ գործում էին Մշո առաջնորդարանը, դաշնակցության բյուրոն և այլ հասարակական կազմակերպություններ, լիիրավ պատկերացում չկար կատարվելիքի մասին, ապա հասկանալի էր, որ Տարոնի 100-ից ավելի հայաբնակ գյուղերն ապրում էին առօրյա հոգսերով, կարոտով սպասում էին թուրքական բանակ զորակոչված կամ Սասուն բարձրացած իրենց հարազատներին: Գյուղերում տղամարդ չէր մնացել: Հակոբ Կոտոյանի առաջարկը` Սասունում կուտակված զինուժով հարձակվել Մուշ քաղաքի և Դաշտի գյուղերի թուրքական թույլ կայազորների վրա, առգրավել զենքը, զինել նորանոր երիտասարդների և Սասունի բնակչության հետ կռվով անցնել ռուսական ճակատ, մերժվել էր Ռուբեն Տեր-Մինասյանի, Վահան Փափազյանի (Կոմս), Կարո Սասունի և այլոց կողմից: Շրջանառվում էր Ռուբեն Տեր-Մինասյանի այն տեսակետը, թե առանց Սասունն ընկճելու, թուրքը չի հարձակվի Տարոն աշխարհի վրա: Քանի դեռ Անդոկ լեռը գրավված չէ, մենք իբրև ամուր բերդ կանգնած ենք Դաշտի և քաղաքի կողքին: Ռուբենի ինքնավստահ, սակայն զինվորական տեսանկյունից սնանկ տեսության պատճառով, Դաշտի և քաղաքի քիչ թե շատ մարտական պատրաստություն անցած երիտասարդներ իրենց զենքով և զինամթերքով բարձրացել էին Սասուն` Մշո քաղաքի և Դաշտի գյուղերը թողնելով անպաշտպան:
Դաշտի հարյուրավոր գյուղերից էր Արագա վանքը, որը հիշվում է Արշակունիների ժամանակներից, եղել է իջևանատեղի: Մեղրագետի և նրա վտակներից մեկի միախառնման տեղում կառուցված գյուղը և Արքավանք կամ Արագավանքը հայտնի էր իր գեղատեսիլ տեսքով, անգամ ԱԴՕ-ն հիացել էր գյուղի տեսքով և մանավանդ «Կլիճ» ավետարանով, որը 9-րդ դարի գործ էր: Դա հազվագյուտ կատարելության հասցրած ձեռագիր մագաղաթյա ավետարան է, համարյա բոլոր էջերը նկարազարդ են: Նկարների նրբությունը և գույների ներդաշնակությունը հիացմունք են պատճառում:
Վարդավառի օրը առավոտյան գյուղ են ներխուժում շուրջ 50 զինյալներ, Մուսա-Բեկի ղեկավարությամբ: Նրանք պահանջում են բնակիչներին հավաքվել գյուղի կալերում` կառավարության «Հատուկ» հրահանգին ծանոթանալու: Մեկ-երկու ժամում գյուղի բնակչության գերակշիռ մասը, հիմնականում կանայք և երեխաներ, հավաքվում են պահանջվող տեղում: Բնակիչներին բաժանում են մի քանի խմբերի և զենքի ուժով լցնում Արագա վանքը, Վրթոյի և Մանուկի մարագները: Մուսա-Բեկին զեկուցում են, որ Շահենենց Ղազարը, որը մոտ 70 տարեկան էր, իր նման 8 տարեցներով, ունենալով 3 հրացան, պատրաստվել է պաշտպանության: Չեթեների առաջին գրոհն ավարտվում է անհաջողությամբ, 3 չեթե արյունաշաղախ թավալվում է գետնին: Հետագա բոլոր հարձակումները ևս մատնվում են անհաջողության, սպանվում է շուրջ 10 չեթե, սակայն ծերունիների խումբը ևս զոհեր է տալիս: Մուսա-Բեկը հրամայում է դադարեցնել հարձակումները մինչև առավոտ: Գիշերվա խավարից օգտվելով` ծերունի մարտիկները հեռանում են Ղազարի տնից, սակայն, ընկնելով չեթեների խաչաձև կրակի տակ և կրակելով մինչև վերջին փամփուշտը, հերոսաբար զոհվում են: Առավոտյան Մուսա-Բեկը` սպանվածների դիակները նայելով, ասում է. «Մի ժամանակ ես Ավոյի հետ շատ մտերիմ էի, այդ տանը ես շատ աղ ու հաց եմ կերել և կարգադրում եմ Ղազարին թաղել նրա տղայի` Ավոյի կողքին»:
Ավոն հայդուկ էր, Ալվառինջի հայտնի Հայդուկ Սայդոյի փեսան, որը Գևորգ Չավուշի հանձնարարությամբ մտերմացել էր հատկապես Շեկո տան քրդերի հետ, ինչպես նաև Մուսա, Խասմ և Նհո եղբայրների հետ: Ավոն նենգաբար սպանվել էր 1906-ին Ալեգրբուն գյուղում:
Վրթոյի մարագը լցրել էին շուրջ 60 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, դրանց մեջ էր նաև Բայազը` իր երեք և տագերակնոջ ու նրա երկու երեխաներով: Կեսգիշերին Բայազը կարողանում է քանդել մարագի կտուրի մի փոքր հատված, և բոլոր երեխաները և կանանցից մի քանիսը մեծ դժվարությամբ դուրս են գալիս բացված անցքից ու զգուշությամբ հեռանում դեպի Մեղրագետի մոտակա եղեգնուտը. դրանց ոգեշնչողը և կազմակերպիչը 35-ամյա Բայազն էր: Սանամը` Բայազի տագերակինը, լինելով ծանրամարմին, չի կարողանում դուրս գալ նեղլիկ անցքից, դրա համար փորձ է արվում լայնացնել այն, սակայն աղմուկից պահակ չեթեն արթնանում է և դադարեցնում մնացածների փախուստը: Հաջորդ օրը դրանք բոլորը ողջակիզվում են: Լույսը չբացված, Բայազը, կանանց և երեխաներին թողնելով Մեղրագետի ափին, գնում է տուն, վերցնում է «Կլիճ» ավետարանը, փաթաթում է ասեղնագործ կտորի մեջ և զգեստի տակից կապում մեջքին: Ապա, վերցնելով որոշ սննդամթերք, վերադառնում է խմբի մոտ: Լուսաբացին խումբը փորձում է անցնել Մեղրագետը, սակայն դեռ գետի կեսը չանցած, քրդերը նկատում են և սկսում են կրակել: Սկսվում է խուճապ, իրարանցում, խմբի անդամներից շատերը զոհվում կամ խեղդվում են Մեղրագետում, այդ թվում` Բայազի մեկ և տագրոջ 2 երեխաները: Քրդերը փորձում են անցնել գետը, այդ պահին Արագա վանքի կողմից սրընթաց շարժվում են երկու ձիավոր, որոնց արձակած գնդակներից քրդերը լեղապատառ փախչում են: Հեծյալները` մոտենալով խմբի կենդանի մնացած կանանց և երեխաներին, ներողություն են խնդրում, որ չեն կարող նրանց իրենց հետ վերցնել, որ իրենք կարևոր առաջադրանք են կատարում, սակայն բացատրում և ցույց են տալիս այն երթուղին, որով նրանք կարող են հասնել ռուսական բանակին: Անմարդկային բազում զրկանքներ կրելով` խմբի մնացորդները հուլիսի 13-ին հասնում են ռուս զորքին: Բայազ Մելքոնյանը փախեփախի երկար ու ձիգ ճանապարհներին իր մեջքին կապած ուներ «Կլիճ» ավետարանը:
1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսի հայ-թուրքական պայմանագրից հետո տասնյակ մշեցիներ հանգրվանեցին Ախուրյանի շրջանի Հայկավան (Բաջողլի) գյուղում, նրանց հետ էր նաև Բայազը իր զավակներով: Ավետարանը երկար տարիներ ծառայեց իր ժողովրդին` տարոնահայությանը և նրանց ժառանգներին, մինչև 1993-ը: 1993-ին անհայտ անձինք ավետարանը առևանգեցին:
Տարոնահայերի ժառանգներին կոչ եմ անում համախմբվել «Տարոն-Տուրուբերան» հայրենակցական կազմակերպության շուրջ, բարձր պահել մեր հայրենակիցների` Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Եղիշեի և Մամիկոնյանների պանծալի դրոշը:
Եկել է մեր պապերի և հետևաբար մեր կորցրածի գույքագրման պահը` շարժական և անշարժ գույքի, հողի, մեր պապերից թալանվածի հատուցման պահը:
Տարոնահայերի, մշեցիների ժառանգներին խնդրում եմ տվյալներ ներկայացնել ձեր պապերի, հարազատների, բարեկամների ծննդավայրի, ունեցվածքի, զոհված և կենդանի մնացած մարդկանց մասին:
Սպառիչ տեղեկությունների համար զանգահարել` 010-34-16-83, 093-35-98-80 հեռախոսահամարներով, կամ գրել` Երևան, Ֆուչիկի 24/4:
Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ
«Տարոն- Տուրուբերան» հայրենակցական
կազմակերպության նախագահ