Մենք, անշուշտ, պանրակեր ժողովուրդ ենք։ Մեր հյուսիսային սլավոն եղբայրները, գիտեք հավանաբար, կաթնասեր են և կաթնաշոռապաշտ։ Նրանք շուկայի ցնցումներից ավելի անցնցում են դուրս ելնում, զի կաթնամթերքային «խորհրդարանում» պանիրը գնային մեծամասնություն է կազմում։ Այսպիսով, պանրակեր ժողովուրդները մեծ տանջանքով են դիմակայում կաթնամթերքային ցնցումներին։ Եվ, ահավասիկ, մեզ վերստին պատժում են կենդանական ծագմամբ կերակուրների կատաղած գներով։ Ինչո՞ւ։ Ի՞նչ իմանամ, փաստն է առկա, եկեք նրանից էլ կառչենք, բայց էսպես, նախ թիկունքով շրջվում ենք դեպի կառավարական տան ժամացույցը, հայացքով էլ շամփրում արտաքին գործոց և էներգետիկայի նախարարությունների պատուհանների վարագույրները։ Է, էդ ո՞ւմ հայտնի չէ, որ նշյալ վարագույրներից անդին են սաղմնավորվում և բոյ քաշում մեր գլխին թափվող արհավիրքները` վարկերի ու դրամաշնորհների տեսքով։ Մի խոսքով, երբ նախաամանորին ¥դեպքը, հիշենք, մի երկու-երեք տարի առաջ էր¤ դաժանորեն թանկացավ հավկիթը, ըմբռնումով ընկալեցի, զի համոզված էի, որ հայոց ճերմակ հավերը ¥վրադիր` մեր նորանկախ աքաղաղները կարմրակատար¤ պիտի մարեն արևմտյան վարկերը։ Հավերը սպանեցին հավատս։ Ավելի ստույգ` ոչ թե հավերը, այլ հավկիթային շուկան։ Այլևս չեմ հավատում ո՛չ հավերին, ո՛չ էլ կովերին։ Ավելի ստույգ` ոչ թե կովերին, այլ կովակաթնային շուկային։ Ի դեպ, ի՜նչ հմայիչ են հանգավորվում հայոց շուկան և միջազգային տնտեսական «շոկ»-ը, շուկան, շոկային թերապիան ու շնկշնկան հուշերը` առ քարի դար։
Այո՜, այս ամենը գրում եմ վաղամառային երազիս ազդեցությամբ։ Այցի էր եկել կապուտաչյա կարմիր կովը, ներկայացավ որպես «Խոշոր կճղակավորների հանրապետական ասամբլեայի» պատվիրակ և աչքս խոթեց ասամբլեայի հրովարտակը, ուր նշված էր, որ հանրապետության կովերը, եզները, ցլերն ու չոբանները լվանում են կճղակները և անմասն են հայկական շուկայի կաթնամթերքային ցնցումներից, այսինքն, գնային սանձարձակությունից։ Ասամբլեան, հավատացեք, զորեղ ուժ է, ունի 27 հազար 500 գլուխ, նույնքան էլ պոչ, բնականաբար, 55 հազար կոտոշ և 220 հազար կճղակ։ Անմասն են, զի նրանց գիտամեթոդական բոլոր հաշվարկների համաձայն` «... 2013-ի գարնանը կաթնամթերքի գինը պիտի նվազեր, հետևապես բազում ընտրարշավներից կեղեքված ՀՀ բնակչությունը պիտի հոգեկան բավարարում ստանար` էժան և որակյալ պանիր, կաթնաշոռ, թթվասեր և պարզապես կաթ գնելով։ Ավա՜ղ, կատարվեց անսպասելին. մեր անարատ կաթը հետընտրական շոկային թերապիայի ենթարկվելով բարոյական անկում ապրեց, անկասելի աճելով գնի մեջ։ Հաստատվեց մեր խոտաճարակային մղձավանջը` հերթական անգամ ընտրությունները խարխլեցին մեր և ձեր բարեկամական դաշնագիրը` դուք մեզ ձեր գրերում ու նկարներում գովերգում ու գուրգուրում եք, մենք ձեզ էժան կաթ ենք հրամցնում։ Արդ, առաջարկում ենք միանալ մեր պայքարին հետևյալ ձևաչափով. մենք` ասամբլեայի անդամներս, ողջ ամառ կաթադուլ ենք հայտարարում, դուք ձեր հերթին դադարում եք ուտել թանկուկրակ պանիրը, կաթնաշոռը և կաթնային մյուս տեսականին։ «Խոշոր կճղակավորների հանրապետական ասամբլեա», 30 մայիսի, 2013 թ.։ Կատարող` Կապուտաչյա կարմիր կով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ