Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիային կոչ է արել հետաքննություն անցկացնել ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ շատ դաժան վերաբերմունքի առնչությամբ և պատժել մեղավորներին։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ստամբուլում տեղի ունեցած ասուլիսում ասել է, որ հետաքննությունը պետք է լինի արագ և բաց։ Ֆյուլերը Ստամբուլում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հերթական խորհրդակցությունների առնչությամբ։ «Նման դաժան դրսևորումները չպետք է տեղ ունենան ժողովրդավար երկրում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես կոչ է արել թուրքական իշխանություններին դատապարտել ցուցարարների նկատմամբ ճնշումները։
ԵՄ ներկայացուցիչը նկատել է, որ Եվրոպական միությունը չի հրաժարվում Թուրքիային ինչ-որ ժամանակ իր կազմ ընդունելու խոստումից, սակայն դրա համար Թուրքիան պետք է հետևի հիմնարար ժողովրդավարական իրավունքին և ազատություններին։