Վերջին տարիներին հանրային գիտակցության մեջ աստիճանաբար արմատավորվում է այն կարծիքը, որ երկիրն անցել է անկախության առաջին շրջանը` իր լավ ու վատով, և այժմ դոփում է տեղում` խնդիրներ ունենալով նոր արժեհամակարգով տնտեսություն կառուցելու և հասարակական հարաբերություններ զարգացնելու հարցերում: Այստեղ նորից ցցուն է դառնում հայկական օլիգարխիայի խնդիրը: Ըստ էության, Հայաստանը հայտնվել է սոցիալ-բարոյական-տնտեսական այնպիսի իրավիճակում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ եկած օլիգարխների դասակարգը լուրջ խոչընդոտ է թե՛ պետության, թե՛ հասարակության զարգացման համար: Օլիգարխներն այն աստիճանի են հզորացել, որ իրենց ներկայացուցիչ-համախոհներն ունեն խորհրդարանում, կառավարությունում, անվտանգության մարմիններում, անգամ բանակում: Բարձրաստիճան սպայակազմի մի հատվածն էլ իր բնույթով օլիգարխ է և շահագրգռված է փոփոխությունները արգելափակելով:
ՈՒշագրավ է, որ վերջին տարիների զարգացումները նորից արթնացնում են դասակարգային պայքարի տրամաբանությունը: Եթե Արևմուտքի զարգացած կապիտալիստական տնտեսություններն են ակնհայտ դժվարությունների բախվում և հայտնվել են նախահեղափոխական իրականության պայմաններում, ապա Հայաստանում խնդիրը շատ ավելի խոր է և շատ ավելի վտանգավոր: Արևմտյան կապիտալիզմը դարերի պատմություն ունի, այն աստիճանի հղկված է, որ քաղաքացին լարված սոցիալական պայմաններում չի ապրում, իսկ հայաստանյան կապիտալիզմն իր ձևի և բովանդակության համադրությամբ դասական վայրի կապիտալիզմի նմուշ է, որի պայմաններում օլիգարխիան վերահսկում է բոլոր ոլորտները, ինչն էլ աստիճանաբար հանգեցնում է նրան, որ բնակչության մեծամասնությունն այլևս չի ցանկանում ապրել նման խաղի կանոններով` ձգտելով հեղափոխության և նոր հասարակարգի ստեղծման:
Իհարկե, հայկական օլիգարխիան ևս կարող է բռնել արևմտյան կապիտալիզմի ճանապարհը և խուսափել հեղափոխությունից, սակայն այստեղ առկա են մի շարք կարևոր նրբերանգներ: Նախ և առաջ, հայ օլիգարխների գերակշիռ մասը չունի այնպիսի ինտելեկտուալ կարողություններ, որ կարողանա ճիշտ ժամանակին կողմնորոշվել և հասարակության հետ կիսել իր կուտակած նյութական բարիքները: Մյուս կողմից, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, Հայաստանի պետական ապարատի առանցքային հատվածներում կան պաշտոնյաներ, որոնք իրենց էությամբ օլիգարխներ չեն, պետական գործիչներ են և տեսակի պահպանման պայքար են մղում օլիգարխիայի դեմ: Սա շատ կարևոր երևույթ է, և այս պայքարի վերջին փուլում վճռական է լինելու հասարակության դերակատարությունը: Եթե քաղաքացիները հոգնել են այս բարքերից, ուրեմն պարտավոր են աջակցել պետական ապարատի այն ներկայացուցիչներին, ովքեր մոտ ապագայում կենաց ու մահու պայքարի մեջ են հայտնվելու օլիգարխիայի դեմ:
Կասկածից վեր է, որ տեսակի պայքարը մտնում է վերջնական փուլ, և պետականության ապագան կախված է լինելու հասարակության տրամադրություններից և օլիգարխներից ազատվելու վճռականությունից: Միևնույն ժամանակ, պետության ապագայով մտահոգված տեսակը պարտավոր է դուրս գալ իր կաբինետներից ու հենց այսօրվանից հասարակության աջակցությունը հայցել, քանզի մի քանի տարի անց կարող է գնացքը գնացած լինել: Ինչ վերաբերում է օլիգարխիային, ապա նրանք պետք է հասկանան, որ դիրքերը զիջելու ժամանակն է, հակառակ պարագայում կբախվեն հեղափոխական ալիքից բխող «բոմժացմանը»:
(շարունակելի)
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ