«Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու փորձերը», -ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Միաժամանակ, հայտնի է, որ նա ողջունել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու ուղղությամբ: «Ամերիկան և Եվրոպան միշտ խորհուրդ են տվել ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ», -ասել է նա: kommersant.ru կայքի տեղեկացմամբ` Շևարդնաձեն Սաակաշվիլիին մեղադրել է Աֆղանստանում վրաց զինծառայողների մահվան մեջ: Կայքը հաղորդում է, որ «Ասավալ-դասավալի» հետ զրույցում Շևարդնաձեն քննադատել է Սաակաշվիլիի կողմից ժամանակին ընդունված`Վրաստանի զինվորներին Աֆղանստան ուղարկելու մասին որոշումը, ցավակցել է օրերս Աֆղանստանում զոհված վրաց երեք զինծառայողների հարազատներին և տարակուսանք հայտնել, որ վրացական զորքերը մինչև հիմա Աֆղանստանում են, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հանում են իրենց զորքերը այնտեղից: Ըստ հոդվածագրի` Շևարդնաձեն ասել է, թե ՆԱՏՕ-ն հարցը որևէ կերպ չի փաթաթել Վրաստանի վզին, Սաակաշվիլին դա արել է իր նախաձեռնությամբ, սակայն նախկին նախագահը ոչինչ չի ասել այն մասին, որ 2003-ին ինքն իր նախաձեռնությամբ վրացական զորքերին ուղարկեց Իրաք` ԱՄՆ-ին աջակցելու համար:
Վրաց անկախ քաղաքագետները կարծում են, որ Սաակաշվիլիի ռեժիմի դեմ ուղղված հանրային դատի պահանջը կարող է շրջվել դեպի նախկին նախագահը: Մասնավորապես, Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Իոսիֆ Ցինցիձեն ասել է, որ եթե պետք է որևէ մեկին դատել, ապա, առաջին հերթին, Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Շևարդնաձեին` բոլոր հանցագործությունների համար, այդ թվում` խորհրդային տարիներին իրականացված գնդակահարությունների:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ