ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
07.05.2013 | 12:16

(սկիզբը` այստեղ)

ԱՇԱԿԵՐՏ- Տե՛ր, մեր օրերում որոշ ուսյալ մարդիկ և նրանց հետևորդները քո արյամբ կատարված քավությունն ու փրկագործումը անիմաստ և անօգուտ են համարում՝ ասելով, որ Քրիստոսը պարզապես հիանալի ուսուցիչ էր և օրինակ մեր հոգևոր կյանքի համար, և որ մեր փրկությունն ու հավիտենական երջանկությունը մեր սեփական ջանքերից ու բարի գործերից են կախված:

ՏԵՐ- 1. Երբեք մի՛ մոռացիր, որ հոգևոր և կրոնական մտքերն ավելի քիչ են կապված գլխի հետ, քան սրտի, որն Աստծո տաճարն է: Երբ մարդու սիրտը լցված է Աստծո ներկայությամբ, գլուխը նույնպես լուսավորված է: Բանականության աչքերը և միտքն անօգտակար են առանց ճշմարիտ լույսի, ինչպես որ բնական աչքերը՝ առանց ցերեկվա լույսի: Մթության մեջ մարդ կարող է պարանն օձի տեղ ընդունել, ճիշտ ինչպես այս աշխարհի իմաստուններն են խեղաթյուրում հոգևոր ճշմարտությունն ու մոլորեցնում պարզ սրտերը: Եվ սատանան, երբ խաբում էր Եվային, ոչխարին կամ աղավնուն չօգտագործեց, այլ օձին՝ բոլոր կենդանիներից ամենախորամանկին: Այսինքն՝ նա վերցնում է իմաստունների խորագիտությունն ու ուսյալների ճարտարությունը և դրանք վերածում իր նպատակին ծառայող գործիքների: Բավական չէ միայն ուսյալ և խելացի լինել, մարդ պետք է նաև աղավնու անմեղություն ունենա, դրա համար եմ ասել. «Խորագէտ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման»:
2. Իմ խաչն ու հատուցումը հավատացյալների համար անում են այն, ինչ իսրայելացիների համար արեց պղնձե օձը. ով հավատով նայեց դրան, փրկվեց: Բայց և այնպես կային մարդիկ, որոնք հավատալու փոխարեն այն պարզապես պղինձ համարեցին և սկսեցին քննադատել ու ասել. «Եթե Մովսեսը հակաթույն ապահովեր, կամ էլ ինչ-որ ուժեղ դեղ կամ հատուկ դեղամիջոց տար մեզ այս թունավոր օձերի դեմ, դրան կարելի էր հավատալ, բայց այս ձողն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ թույնի վրա»: Եվ բոլորը մահացան: Այս օրերում ևս նրանք, ովքեր բծախնդրություն են անում փրկության այն ձևի հանդեպ, որն Աստված է սահմանել, կմեռնեն իրենց սեփական մեղքի թույնի մեջ:
3. Մի պատանի գլորվել էր անդունդը: Նա այնքան էր վնասվել ու այնքան արյուն կորցրել, որ մահվան շեմին էր: Երբ հայրը նրան բժշկի մոտ տարավ, բժիշկն ասաց. «Կյանքը արյունն է, իսկ այս պատանու արյան պաշարը սպառված է: Բայց եթե որևէ մեկը պատրաստ է զոհաբերելու իր սեփական կյանքը, տղան կարող է փրկվել, այլապես նա կմահանա»: Հայրը, որի սիրտն այնքա՜ն էր լցված որդու հանդեպ սիրով, իր սեփական արյունն առաջարկեց: Պատանու երակների մեջ ներարկվելով՝ այն կազդուրեց նրան: Մարդն ընկել է սրբության լեռից և կոտրատված ու վիրավոր ընկած է իր մեղքերից. այդ վերքերի պատճառով նրա հոգևոր կյանքը մարել է, և նա մոտ է մահվան: Բայց նրանց համար, ովքեր հավատում են ինձ, ես թափեցի իմ մշտագո և հոգևոր արյունը, որ նրանք փրկվեն մահից և հավիտենական կյանք ձեռք բերեն: Ես եկա, որ նրանք կյանք ունենան և առատապես ունենան, ու այդպես ապրեն հավիտյան:
4. Հին ժամանակներում մարդկանց արգելված էր կենդանիների արյուն խմել կամ որոշ բաներ ուտել՝ հավատալով, որ այդ կերպ նրանք կխուսափեն որոշ հիվանդություններից, և քանի որ մարդը կենդանական մարմին ունի, միգուցե նրա կենդանական հակումներն ուժեղանային միս ուտելով կամ արյուն խմելով: Բայց այժմ «իմ մարմինն իսկապես միս է և իմ արյունն իսկապես խմելիք է», քանզի նրանք հոգևոր կյանք են պարգևում, և նրանց միջոցով են կատարյալ առողջություն, երկնային երջանկություն և ուրախություն ստանում:
5. Մեղքերի ներումը լիակատար փրկություն չի նշանակում. դա կարող է գալ մեղքից բացարձակապես ազատ լինելուց միայն: Հնարավոր է, որ մարդ մահանա իր մեղքի հիվանդությունից, չնայած ամբողջական ներում է ստացել դրա համար: Օրինակ՝ մի մարդ, որի ուղեղը վնասվել էր տևական հիվանդության պատճառով, այդ վիճակում հարձակվեց մեկի վրա ու սպանեց նրան: Երբ հայտարարվեց նրա մահվան դատավճիռը, ազգականները բացատրեցին հանգամանքներն ու խնդրեցին գթալ նրան, և սպանության մեղքի համար ոճրագործին ներում շնորհվեց: Բայց նախքան ընկերները բարի լուրը կհասցնեին նրան, մինչ իրապես ճանապարհին էին, նա մահացավ այն հիվանդությունից, որի պատճառով գործել էր սպանությունը:
Ի՞նչ օգուտ ուներ այդ ներումը մարդասպանի համար: Նրա իրական ապահովությունը հիվանդության բուժումը կլիներ, և հետո նա կկարողանար վայելել ներման իրական երջանկությունը: Այդ պատճառով ես մարմին հագա, որ ապաշխարող հավատացյալներին կարողանամ ազատել մեղքի հիվանդությունից, դրա պատժից ու մահից՝ այդպիսով վերացնելով թե՛ պատճառը և թե՛ հետևանքը: Նրանք չեն մեռնի իրենց մեղքերի մեջ, քանզի ես կփրկեմ նրանց, և նրանք կանցնեն մահվանից՝ դառնալով հավիտենական կյանքի ժառանգներ:
6. Շատ մարդկանց համար կյանքը լի է վտանգով, և նրանք նման են այն որսորդին, որը գետի վրա խոնարհված ծառի ճյուղին մեղրախորիսխ է նկատել: Մագլցելով ծառը՝ նա սկսում է վայելել մեղրը, միանգամայն անտեղյակ, որ մահվան վտանգի մեջ է, որովհետև գետի մեջ՝ իր ներքևում, բաց երախով կոկորդիլոս էր պառկած՝ պատրաստ կուլ տալու նրան, իսկ ծառի բնի շուրջը գայլերի մի ոհմակ էր հավաքվել՝ սպասելով նրա ցած իջնելուն: Ավելին, միջատները կերել էին ծառի արմատները, որի վրա նստած էր, և այն շրջվելու վրա էր: Կարճ ժամանակ անց ծառը տապալվում է, և անզգույշ որսորդը դառնում է կոկորդիլոսի զոհը: Այսպես և մարդկային հոգին, հաստատված լինելով մարմնի մեջ, կարճ ժամանակ վայելում է մեղքի խաբուսիկ և անցողիկ հաճույքները՝ կուտակված ուղեղի մեղրախորիսխում, առանց մտածելու, որ դա աշխարհի այս զարհուրելի ջունգլիի մեջ է: Այնտեղ սատանան պատրաստ նստած է՝ պատառ-պատառ անելու, իսկ դժոխքը կոկորդիլոսի նման բաց երախով սպասում է` կուլ տալու այն, մինչ ամենից վատթարը՝ մեղքի անտեսանելի փոքրիկ միջատը, կերել է մարմնի և կյանքի այդ նույն արմատները: Շուտով հոգին գահավիժում է և դժոխքի հավիտենական բաժին դառնում: Բայց այն մեղավորին, որը գալիս է դեպի ինձ, ես կազատեմ մեղքից, սատանայից և դժոխքից ու կտամ հավերժական ուրախություն, որը ոչ ոք նրանից չի խլի:
7. Սատանան իր ճարտար խոսքով և հրապուրանքներով մարդկանց դեպի իրեն է ձգում ու կլանում նրանց, ինչպես օձն է փոքր թռչուններին հմայում իր փայլփլող աչքերով և իր զոհը դարձնում: Բայց նրանց, ովքեր հավատում են ինձ, ես ազատում եմ այդ փորձառու օձից և այս հոգեկործան աշխարհի գայթակղություններից: Ես ազատ եմ արձակում նրանց այնպես, որ ինչպես թռչուն, որը հեշտությամբ հաղթահարելով երկրի ծանրության ուժը՝ ազատ թռչում է բաց երկնքում, նրանք բարձրանան աղոթքի թևերով և հասնեն ապահով հանգրվանն ու իրենց սրտերի սիրելի օթևանը, որ պատրաստված է իմ քաղցր սիրո թովչանքներով:
8. Ինչպես դեղնախտով մարդն է ամեն ինչ դեղին տեսնում, այդպես էլ մեղավորի և փիլիսոփայի դեպքում ճշմարտությունն ինքնին մեկի մեղքի կամ մյուսի տեսությունների կերպարանքն ու ձևն է կրում, և շատ զարմանալի չի լինի, եթե նման մարդիկ ավելի առաջ գնան ու ինձ իրենց նման մեղավոր համարեն: Բայց իմ գործը, որը մեղավորների փրկությունն է, կախված չէ աշխարհի լավ կարծիքից, այլ իր խաղաղ ճանապարհով մշտապես ընթանում է հավատացյալների կյանքում: Ճիշտ ինչպես Ղևին Աբրահամից դեռ սերված չլինելով՝ տասանորդ վճարեց ինձ, չնայած դեռ ծնված չէր, այդպես հավատացյալների բոլոր սերունդներն իմ մեջ՝ խաչի վրա բաշխված են գտնում քավությունն ու փրկագինն իրենց մեղքերի, թեև նրանք այդ ժամանակ նույնիսկ ծնված չէին, քանզի այս փրկությունը աշխարհում մարդկային բոլոր ցեղերի համար է:
9. Այն արտահայտությունը, թե մարդն իր սեփական ջանքերով և լավ գործերով կարող է փրկություն ձեռք բերել, հիմար և անհեթեթ է այնքան ժամանակ, քանի դեռ նա վերստին չի ծնվել: Աշխարհի ղեկավարներն ու բարոյագիտության ուսուցիչներն ասում են. «Լա՛վը դարձիր լավն անելով», իսկ ես ասում եմ. «Ի՛նքդ լավը դարձիր նախքան լավ գործեր անելը»: Երբ այդ նոր և լավ կյանքը սկսես, լավ գործերը բնական հետևանք կլինեն:
Միայն հիմարը կասի, թե դառը ծառը մշտապես պտղաբերելով ի վերջո կքաղցրանա: Իրականում դառը ծառը կարող է քաղցրահամ պտուղ տալ՝ պատվաստվելով քաղցր ծառին, և երբ քաղցր ծառին հատկանշական բնությունն ու որակները փոխանցվեն դառը ծառին, դրա բնական դառնությունը կանհետանա: Սա այն է, ինչ մենք կոչում ենք նոր արարչություն: Նույնպես և մեղավորը կարող է ձգտում ունենալ՝ անելու այն, ինչ ճիշտ է, մինչդեռ միակ արդյունքը մեղքն է: Բայց երբ նա զղջում է և հավատով պատվաստվում է իմ մեջ, նրա ներսի հին մարդը մահանում է, և նա դառնում է նոր արարած: Ապա այդ նոր կյանքից, որի ակունքը փրկության մեջ է, լավ գործերն են պտուղ դառնում, և այդ պտուղը մնում է ընդմիշտ:
10. Շատերը փորձից գիտեն, որ մարդու բնական բարությունը չի կարող տալ ո՛չ ճշմարիտ խաղաղություն, ո՛չ էլ փրկության կամ հավիտենական կյանքի վստահություն: Երիտասարդը, որին հավիտենական կյանքի փնտրտուքը բերեց ինձ մոտ, վառ օրինակ է: Իմ մասին նրա առաջին կարծիքը սխալ էր, ինչպես մեր օրերում աշխարհ տեսած շատ մարդկանց և նրանց հետևորդների կարծիքը: Նա կարծում էր, թե ես այն ուսուցիչներից մեկն եմ, որոնք նման են սպիտակեցրած գերեզմանների, և որոնց կյանքում ճշմարիտ բարության ոչ մի նշույլ չկա: Հետևաբար ես ասացի նրան. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում բարության մասին: Ոչ ոք բարի չէ, բացի Մեկից»: Բայց նա չկարողացավ իմ մեջ տեսնել բարության և կյանքի միակ պարգևողին: Եվ երբ փորձեցի նրան ինձ ընկերակից ընդունել և իսկապես բարի մարդ դարձնել ու կյանք շնորհել նրան, տխրեց ու հեռացավ ինձնից: Նրա կյանքը մի բան բոլորովին պարզ է դարձնում. նրա պատվիրանապահությունն ու բարությունը չեն գոհացնում իրեն, ոչ էլ հավիտենական կյանքի համոզվածություն են տալիս: Եթե նրա բարի գործերը խաղաղություն տային իրեն, չէր գա ինձնից հարցնելու, կամ եթե եկել էր, ինձ չէր վշտացնի, այլ հավատալով իմ խոսքերին՝ կհեռանար ուրախացած:
Շատ չանցած՝ երիտասարդ Պողոսը ճանաչեց ինձ, և նրա սրտի ցանկությունն ամբողջովին իրականացավ: Տխուր հեռանալու փոխարեն նա թողեց այն ամենը, ինչ ուներ, և հետևեց ինձ: Նմանապես յուրաքանչյուր ոք, ով դադարում է հավատալուց իր սեփական արդարությանը և հետևում է ինձ, ճշմարիտ խաղաղություն ու հավիտենական կյանք կստանա ինձնից:

ԱՂՈԹՔ

ԱՇԱԿԵՐՏ- Երբեմն այս հարցն է տրվում. «Քանի որ Աստված ամբողջովին տեղյակ է մեր կարիքներին և գիտի ինչպե՛ս բավարարել դրանք լավագույն ձևով, ոչ միայն բարու համար, այլ նաև չարի, դրանց մասին ինչպե՞ս պետք է աղոթենք Նրան: Անկախ այն բանից` մեր կարիքները աշխարհիկ են, թե հոգևոր, կարո՞ղ ենք մենք մեր աղոթքներով փոխել Աստծո կամքը»:

ՏԵՐ- 1. Նրանք, ովքեր նման բան են հարցնում, պարզորոշ ցույց են տալիս, որ չգիտեն՝ ի՛նչ է աղոթքը: Նրանք չեն ապրել աղոթալից կյանքով, այլապես կիմանային, որ աղոթքն առ Աստված խնդրանքի ձև չէ: Աղոթքը ջանքն է՝ կառչելու Աստծուն՝ կյանքի Արարչին, ու երբ գտնենք Նրան, որ աղբյուրն է կյանքի, և Նրա հետ հաղորդակցության մեջ մտնենք, այն ժամանակ ողջ կյանքը մերը կլինի, և Նրա հետ այն ամենը, ինչ կյանքն է, կատարյալ կլինի: Աստված չարագործներին, նրանց հանդեպ սիրուց մղված, տալիս է, ինչ անհրաժեշտ է նրանց կյանքի համար այս աշխարհում, բայց այդ մարդկանց հոգևոր կարիքները Նա նույնիսկ ցույց չի տալիս նրանց, քանի որ հոգևոր կյանք չունեն:
Եթե Աստված այդպիսի հոգևոր բարիքներ շնորհեր նրանց, նրանք չէին կարողանա գնահատել դրանք: Բայց նրանց, ովքեր հավատում են, երկու տեսակ նվերներն էլ շնորհվում են, և արդյունքը լինում է այն, որ շատ կարճ ժամանակում նրանք ավելի քիչ ուշադրություն են դարձնում աշխարհիկ բարիքներին և իրենց սերն անտեսանելիի ու հոգևորի վրա են խարսխում: Մենք չենք կարող փոխել Աստծո կամքը, բայց աղոթական մարդը կարող է բացահայտել Աստծո կամքը, որ վերաբերում է իրեն: Այսպիսիների համար Աստված Իրեն հայտնի է դարձնում սրտի ծածուկ սենյակում և նրանց հետ հաղորդության մեջ մնում: Եվ երբ բացահայտ է դառնում, որ Նրա գթառատ նպատակները նրանց իսկ բարօրության համար են, կասկածներն ու դժվարությունները, որոնցից նրանք գանգատվում են, ընդմիշտ անհետանում են:
2. Աղոթքն ըստ էության Սուրբ Հոգով շնչելն է, և Աստված Իր Սուրբ Հոգին այնպես է հեղում աղոթական մարդկանց կյանքում, որ նրանք դառնում են «կենդանի հոգիներ»: Նրանք երբեք չեն մեռնի, քանզի Սուրբ Հոգին աղոթքի միջոցով հեղվում է նրանց հոգևոր թոքերի մեջ ու նրանց հոգիները լցնում առողջությամբ, զորությամբ և հավիտենական կյանքով:
Աստված, որ Սեր է, բոլոր մարդկանց անհատույց պարգևել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ կյանքի համար, բայց երբ Նա բոլորին փրկություն և Սուրբ Հոգին է ընծայում անհատույց, նրանք պատշաճ չեն գնահատվում: Սակայն աղոթքը մեզ ուսուցանում է գնահատել նրանց, քանի որ նրանք այնքան անհրաժեշտ են, որքան օդը և ջուրը, ջերմությունը և լույսը, առանց որոնց կյանքն անհնար է:
Մեր հոգևոր կյանքի համար անհրաժեշտ բաները Աստված առատորեն ապահովել է, բայց մարդիկ այնքան թեթևորեն են վերաբերվում դրանց, որ որևէ երախտագիտություն չեն հայտնում իրենց Արարչին: Մյուս կողմից, սակայն, ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի Նրա նվերները, որոնք սակավ են և մեծ դժվարությամբ են ձեռք բերվում, նրանք բարձր են գնահատում, չնայած այդպիսի բաներով մարմնի քաղցն ու ծարավը չեն կարող հագեցվել, ոչ էլ սրտի բուռն ցանկությունը կբավարարվի: Աշխարհի մարդիկ այսպիսի անմտությամբ են վարվում հոգևոր բաների նկատմամբ, բայց ինչ վերաբերում է աղոթական մարդկանց, նրանց իմաստնություն և հավիտենական կյանք է տրվում:
3. Այս աշխարհը նման է լայնատարած օվկիանոսի, որում մարդիկ սուզվում և խեղդվում են, սակայն ծովային կենդանիները շարունակում են իրենց կյանքը ամենախոր ջրում, որովհետև նրանք ժամանակ առ ժամանակ բարձրանում են մակերես, բանալով իրենց բերանները՝ վերցնում են օդի որոշակի քանակ, որը նրանց հնարավորություն է տալիս ապրելու խորքերում: Արդ, նրանք, ովքեր բարձրանում են այս կյանք-օվկիանոսի մակերես, ներանձնական աղոթքի միջոցով շնչում Աստծո կենսապարգև Հոգին, նույնիսկ այս աշխարհում կգտնեն կյանք և ապահովություն:
4. Չնայած ձկներն իրենց ողջ կյանքը ծովի աղի ջրերում են անցկացնում, սակայն աղի չեն դառնում, քանզի իրենց մեջ կյանք ունեն: Նույնպես և աղոթական մարդը, չնայած պետք է ապրի մեղքով ապականված այս աշխարհում, զերծ է մնում մեղքի արատից, քանզի աղոթքի միջոցով նրա կյանքը պաշտպանված է:
5. Ճիշտ ինչպես ծովի աղի ջուրն է արևի տաք շողերի ներքո ձգվում վեր և աստիճանաբար ամպերի կերպարանք ստանում ու, փոխարկվելով քաղցր, կազդուրիչ ջրի, անձրևի նման թափվում է երկրի վրա (ծովի ջուրը վեր բարձրանալիս ներքևում է թողնում իր աղն ու դառնությունը), այդպես էլ երբ աղոթական մարդու մտքերն ու ցանկությունները վեր են բարձրանում հոգու միգապատ բխման նման, Արդարության Արեգակի շողերը դրանք մաքրում են բոլոր մեղսալից արատներից, և նրա աղոթքները դառնում են հսկա ամպ, որն օրհնության անձրևի նման թափվում է երկնքից՝ երկրի վրա շատերին կազդուրում բերելով:
6. Ճիշտ ինչպես ջրային թռչունն է իր ողջ կյանքն անցկացնում ջրի մեջ լողալով, բայց թռիչքի ընթացքում նրա փետուրները լիովին չոր են, նույնպես և աղոթական մարդկանց օթևանն այս աշխարհում է, բայց երբ գալիս է նրանց վեր թռչելու ժամանակը, նրանք անցնում են մեղքով աղտոտված այս աշխարհը և անբիծ ու անարատ մուտք գործում իրենց հավիտենական հանգստի տունը:
7. Նավի տեղը, ըստ էության, ջուրն է, բայց եթե ջուրը հոսի նավի մեջ, այն և՛ անհամատեղելի է, և՛ վտանգավոր: Նույնպես և մարդու համար այս աշխարհում իր օթևանն ունենալը ճիշտ է և լավ իր, ինչպես և ուրիշների համար, քանի որ իրեն ջրի երեսին պահելով՝ կկարողանա օգնել նրանց՝ իր հետ հասնելու կյանքի նավահանգիստը: Բայց եթե աշխարհը մուտք գործի նրա սիրտը, դա մահ է ու կործանում: ՈՒստի աղոթական մարդը միշտ խնայում է իր սիրտը Նրա համար, ով այն կերտել է՝ Իր տաճարը լինելու, ու այդպիսով թե՛ այս աշխարհում և թե՛ այն, որը գալու է, նա խաղաղության ու ապահովության մեջ է հաստատվում:
8. Բոլորս էլ գիտենք, որ առանց ջրի անհնար է ապրել, բայց եթե սուզվում ենք դրա տակ, խեղդվում և մահանում ենք: Ջրից օգտվելու կարիք ունենալու և խմելու ժամանակ դրա մեջ ընկնելու և տակը սուզվելու հարկ չկա: ՈՒստի աշխարհը և աշխարհիկ բաները խոհեմաբար պետք է օգտագործվեն, քանզի առանց դրանց կյանքը ոչ միայն դժվար է, այլև անհնարին: Աստված հենց նրա համար է ստեղծել աշխարհը, որ մարդիկ կարողանան օգտվել դրանից, բայց մարդիկ չպետք է թաղվեն դրա մեջ, քանի որ այդպես աղոթքի շունչը կդադարի, և նրանք կկործանվեն:
9. Եթե դադարելով ապրելուց աղոթական կյանքով՝ հոգևոր կյանքն սկսում է նվաղել, ապա այն աշխարհիկ բաները, որոնք կոչված են օգտակար լինելու, վնասակար ու կործանարար են դառնում: Արևն իր լույսով և ջերմությամբ ապրեցնում ու ծաղկեցնում է բոլոր բույսերը, բայց նաև նրանց թառամելու ու մահանալու պատճառ է դառնում: Օդը նույնպես կյանք և զորություն է տալիս բոլոր կենդանի էություններին, բայց նաև դրանց քայքայման պատճառն է: Հետևաբար «արթո՛ւն մնացեք և աղոթե՛ք»:
10. Մենք պետք է այնպես ապրենք այս աշխարհում, որ նրա մեջ լինելով՝ նրանը չլինենք: Այդ դեպքում այս աշխարհի բաները վնասակար լինելու փոխարեն օգտակար կլինեն և կնպաստեն հոգևոր կյանքի զորացմանը, բայց միայն այն պայմանով, որ հոգին իր երեսը միշտ դարձնի դեպի Արդարության Արեգակը: Այսպես երբեմն պատահում է, որ անմաքուր և կեղտոտ հողակտորում ծաղիկներ են ծլում ու ծաղկում, և նրանց անուշ բուրմունքը ճնշում է տեղի գարշահոտությունը: Ծաղիկները, շրջվելով դեպի արևը, լույս և ջերմություն են ստանում նրանից, ու կեղտը վնասակար լինելու փոխարեն պարարտացնում է դրանց և օգնում աճելու ու փարթամանալու: Նույնպես և աղոթական մարդը. երբ նա աղոթում է, իր սիրտը դարձնում է դեպի ինձ և լույս ու ջերմություն ստանում ինձնից, և այս չար աշխարհի գարշահոտության մեջ նրա նոր ու սուրբ կյանքի անուշ բուրմունքը փառավորում է ինձ, և նրա մեջ ոչ միայն անուշ հոտ է առաջանում, այլ նաև պտուղ, որը կմնա հավիտյան:
(շարունակելի)

Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ