«Իր ջանասիրությամբ, եռանդով, աշխատասիրությամբ Մարգարիտ Եսայանը բարձրացնում է պատգամավորի դերակատարությունը»,- այսօր ԱԺ-ում «Գժանոց կամ թեժ աշուն» գրքի շնորհանդեսին այսպիսի խոսքերով հեղինակ-պատգամավորին բնութագրեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Մարգարիտ Եսայանն էլ նկատեց, որ եկել են նոր ժամանակներ, երբ պատգամավորներն արդեն գիրք են գրում:
Պատգամավորը բոլոր հրավիրյալներին իր մակագրությամբ գիրք նվիրեց, իսկ այն ձեռք բերողները, մասնավորապես պատգամավորները, մասնակցում էին նաև հանգանակությանը: Հավաքված գումարը, հեղինակի հավաստմամբ, ուղղվելու է անապահով ընտանիքներին (ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հիսուն հազար դրամ տրամադրելու):
Մարգարիտ Եսայանը, խոսելով գրքի բովանդակության մասին, ասաց, որ այն ապաքաղաքական է, գրվել է լրագրությամբ զբաղվելու տարիներին: Գիրքը թարգմանված է երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ