Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը կազմաքանդելու և արժեզրկելու գործում չի կարող մրցակցել Տեր-Պետրոսյանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը կազմաքանդելու և արժեզրկելու գործում չի կարող մրցակցել Տեր-Պետրոսյանի հետ
26.04.2013 | 01:00

Լևոն Տեր-Պետրոսյանի «երրորդ գալուստն» ապացուցում է, որ հայ քաղաքագիտական միտքն ու քաղաքական ավանդույթը կանգնած են լրջագույն խնդրի առջև: Առաջին նախագահը կարող էր պատմության մեջ մնալ որպես հիմնադիր նախագահ, որպես ռազմական հաղթանակ կռած գլխավոր-գերագույն հրամանատար, սակայն նախընտրեց վերադառնալ հրապարակային քաղաքականություն և վերածվեց շարքային իշխանատենչ, հեղափոխական գործչի: Եվ ո՞վ կարող է երաշխավորել, որ «ավազակապետությունը» կազմաքանդելու փոխարեն սեփական քաղաքական հենարանը կազմաքանդած Տեր-Պետրոսյանը չի կազմաքանդի նաև նորաստեղծ ՀԱԿԿ-ը: Առնվազն միամիտ պետք է գտնվել, որպեսզի հավատալ «լևոնականների» այն պնդումներին, թե Տեր-Պետրոսյանի ՀԱԿԿ-ը միակ ընդդիմությունն է, որը կարող է հասնել իշխանափոխության: Նախ և առաջ, քաղաքականության բնագավառում հաջողում են այն ուժերն ու գործիչները, որոնք դրսևորում են հավասարապես սկզբունքայնություն և ճկունություն: Անհնար է հաջողել, եթե Տեր-Պետրոսյանը ՀՀԿ-ին հայտարարում է «չար», իսկ ԲՀԿ-ին` բարի: Սա ճկունություն չէ, սա, ընդամենը, անսկզբունքայնություն է, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ Տեր-Պետրոսյանի «երկրորդ գալուստն» ազդարարում էր աննկուն պայքար ընդդեմ օլիգարխիայի և նրա շահերը սպասարկող իշխանական բուրգի:
Պետք է նշենք, որ արժեզրկելը Տեր-Պետրոսյանի «կրեդոներից» է: Այսպես` 1988-ի շարժումը բոլորինն էր, որը հանգեցրեց անկախության և ռազմական հաղթանակի, ազատագրված Արցախի: Սակայն, 1990-ականների սկզբներին Տեր-Պետրոսյանն ու նրա խումբը սեփականաշնորհեցին 1988-ի շարժման բրենդը` ստեղծելով ՀՀՇ կուսակցությունը և ներկայանալով որպես 1988-ի շարժման արժեքային համակարգի միակ իրավահաջորդ: Դրանով իսկ Տեր-Պետրոսյանը վանեց այն բոլոր ուժերը և գործիչներին, որոնք պակաս գործ չեն արել անկախության և արցախյան գոյամարտի շրջանում, սակայն չէին ցանկանում տեղ ունենալ լևոնական իշխանական հիերարխիայում: Թերևս սա էր պատճառը, որ 1998-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց, քանզի նրա կողքին մնացել էին ոչ թե 1988-ի շարժման առաջամարտիկները, այլ մեծ մասամբ հեղափոխությունից օգուտ քաղած պատեհապաշտները: Նույնը կատարվեց նաև վերջերս, երբ Տեր-Պետրոսյանը որոշեց կազմաքանդել ՀԱԿ կուսակցությունների դաշինքն ու ՀՀՇ կուսակցությունը` ձևավորելով ՀԱԿԿ-ը: Ստացվեց այնպես, որ 2007-2008 թթ. «համաժողովրդական շարժման» իրավահաջորդը միայն ՀԱԿԿ-ն է, իսկ մյուս քաղաքական ուժերն ու գործիչները մոռացության են մատնվելու: Արդեն իսկ ուրվագծվում է թշնամանքի այն սլաքը, որ բաժին է հասնելու Արամ Զ. Սարգսյանին, Պետրոս Մակեյանին, Նիկոլ Փաշինյանին, Սոս Գիմիշյանին, Գառնիկ Մարգարյանին և շատ ու շատ այլ գործիչների, ովքեր մեծագույն նվիրվածությամբ ծառայում էին Տեր-Պետրոսյանի հեղափոխական իշխանատենչությանը:
Ինչևէ, սա խնդիր է, որին հետագայում պետք է անդրադառնան պատմաբանները` գնահատականներ տալով յուրաքանչյուրի գործունեությանն ու մղումներին: Միևնույն ժամանակ, խիստ զարմանալի է այն մարդկանց վարքագիծը, ովքեր շարունակում են աջակցել Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագրերին: Սա նման է ինքնախաբեության և ինքնախարազանման, երբ չի երևում ոչ միայն գործընթացի վերջը, այլև չի ուրվագծվում այն սկզբունքային, արժեքային համակարգը, որի հիման վրա Տեր-Պետրոսյանի ՀԱԿԿ-ը պետք է քաղաքական գործունեություն ծավալի: Ոչ մի քաղաքական միավոր չի կարող ընդմիշտ ընդդիմադիր կամ ընդմիշտ իշխանական լինել, քաղաքականությունը ենթադրում է դերակատարության փոփոխություն, եթե, իհարկե, դա բխում է սկզբունքներից, այլ ոչ կենցաղային օրակարգից: Տեր-Պետրոսյանով հիացածները չեն ցանկանում հաշվի նստել նաև այն պարզ իրողության հետ, որ տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, որի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նոր սերունդը չի ցանկանում հաշվի նստել Տեր-Պետրոսյանի «մեծության» հետ, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Տեր-Պետրոսյանը, Վանոն, տեր Հուսիկն ու Բաբկեն Արարքցյանը նոր սերնդի համար այլևս հեղափոխական հերոսներ չեն, և նրանց հեղինակությունը միայն պատմական արժեք է, ուրիշ ոչինչ: Ի վերջո, «Լևոնի վկաները» պետք է հասկանան, որ քաղաքական պրագմատիզմն ըստ Տեր-Պետրոսյանի վերջում հանգեցնում է արժեզրկման և կազմաքանդման, քանզի քաղաքականությունը կյանքի նման միշտ գտնում է իր բնականոն հունը, և ՀԱԿԿ շարքերում տեղ գտած երիտասարդները երկար չեն սպասելու` փորձելով իրենց քաղաքական ապագան կառուցել ավելի արդյունավետ ճանապարհով:
Ի դեպ, նկատելի է լևոնականների հեգնական վերաբերմունքը «Բարև» շարժման նկատմամբ, սակայն հարց է առաջանում, թե ինչո՞վ է Տեր-Պետրոսյանը խելացի կամ արդյունավետ Րաֆֆի Հովհաննիսյանից: Ի՞նչ տարբերություն ոստիկանապետի հետ համատեղ աղոթք կազմակերպելու և իշխանության հետ ի սկզբանե տապալված օրակարգով բանակցելու, այնուհետև օլիգարխիկ կուսակցության կցորդի վերածվելու միջև: Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանը կազմաքանդելու և արժեզրկելու գործում չի կարող մրցակցել Տեր-Պետրոսյանի հետ, ով այս գործում Հայաստանի բացարձակ չեմպիոնն է:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ