Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ղարաբաղն ավելին է, քան մեր բակային մանր հաշիվները

Ղարաբաղն ավելին է, քան մեր բակային մանր հաշիվները
23.04.2013 | 13:28

Երեկ, Աջափնյակի 17 թաղամասում ՀԱԿ քարոզարշավն իրականացնող երիտասարդների են ծեծել: Տղաներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: ՀԱԿ կուսակցությունն արդեն հանդես է եկել տեղի ունեցածը դատապարտող հայտարարությամբ և այն գնահատել որպես ՀԱԿ քարոզարշավը խոչընդոտելու փորձ: Այսօր էլ ՀՀԿ շտաբն է դատապարտել կատարվածը և քաղաքակիրթ քարոզարշավի կոչ արել:
Հայաստանում ընտրական գործընթացը դեռևս թերություններ ունի, որոնք անհնար է չնկատել: Ընտրական բռնությունները, թաղային մակարդակով հարցեր լուծելը, բռունցքների միջոցով միավորներ հավաքելը արդեն այնքան են արմատացել, որ թաղային հեղինակությունների դեմ պայքարն այլևս օրախնդիր է: Ի վերջո, նույն այդ հեղինակություն կոչվածները կարող են այնքան հղփանալ, որ Հայաստանն անցնի անմակարդակ ու գողական շերտի կառավարելիության տակ: Արդեն իսկ այդ միտումները կան, քանի որ, դատելով ՀՀԿ հայտարարությունից, ՀՀ քաղաքացիների այս տեսակը պարզապես դուրս է եկել վերահսկողությունից և սեփական խաղն է խաղում: Սա իրականում արջի ծառայություն է իշխանությանը և կարող է այս պարագայում ստվեր գցել Երևանի քաղաքապետի ընտրությունների ողջ գործընթացի վրա: Հայաստանը պարտավորություններ ունի միջազգային հանրության նկատմամբ` երկրում ժողովրդական արժեքների հաստատման առումով: Հայաստանը պարտավորություն ունի, ի վերջո, ապագա սերունդների առջեւ:
Իրականում բռունցքային տրամաբանությունը միայն ընտրական պրոցեսներում չի արտահայտվում: Ուժային մեթոդներով հարցեր լուծելը բիզնեսի աշխարհում նույնպես առկա է: Փոքրիկ մանկական ծեծկռտուքների կարող ենք հանդիպել նաև շենքերի բակերում, դպրոցներում, երեկոյան` թաղամասերի ոչ այնքան բանուկ հատվածներում: Հետխորհրդային շրջանում արժեքների վերագնահատում տեղի ունեցավ, որը տարիների ընթացքում հասարակությանը դուրս թողեց վերահսկողությունից: Օրենքներով կառավարվող որոշակի համակարգից ազատագրված հասարակությունը ազատությունը, անկախությունը սխալ հասկացավ: Սա վտանգավոր է, քանի որ կարող է, ի վերջո, տանել անարխիայի հաստատման, որին, չենք կարծում, թե ձգտում է իշխանությունը:
Քարոզարշավին մնացել է մոտ երկու շաբաթ: Ոչ մի ձայն ավելին չէ, քան մարդկային կյանքը: Թաղային հեղինակությունների ինքնագլուխ հաշվեհարդարները ընտրական քարոզիչների նկատմամբ Հայաստանին ավելի մեծ վնաս են հասցնում, քան կարող են հենց իրենք` այդ խուլիգանությունները հրահրողները երևակայել: ԱՄՆ Պետդեպի կամ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներն ու հայտարարությունները մեզ համար նաև Ղարաբաղի հարցի խոցելիության գին ունեն` ի նպաստ հարևան երկրի: Մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու դրսում, քան` մի ձայն ավել-պակասի հարցն է ներսում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ