Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին

Երբ օտարը բախվում է հայաստանյան խաղի կանոններին
22.04.2013 | 18:01

Գարնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ՀՀ նախագահի ընտրություններին վերաբերող զեկույցը, որի հեղինակն է Նորվեգիայի պատվիրակության ղեկավար, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անդամ Կարին Ուոլդսեթը: Ինչպես և սպասվում էր, ընդհանուր առմամբ դրական գնահատելուն զուգահեռ, զեկույցում բազմաթիվ անդրադարձներ կան ընտրություններում տեղ գտած թերություններին: Մասնավորապես, զեկույցի հեղինակին և Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդներին մտահոգել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, բազմաթիվ քաղծառայողների մասնակցությունը գործող նախագահի օգտին արվող քարոզչությանը, ինչը նշանակում է չտարանջատել պաշտոնեական և քարոզչական գործառույթները: Դիտորդներին մտահոգել է նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ունեցել է քարոզարշավի իրականացման ընդարձակ ցանց, իսկ նրան մրցակից մյուս թեկնածուները ունեին միայն սահմանափակ թվով շտաբներ:
Սակայն, ըստ զեկույցի հեղինակի, 2013 թ. ՀՀ նախագահի ընտրության առանձնահատկությունը հետևյալն է. «Երկրում երեք հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրապայքարին, ընդդիմադիր ուժերը ձախողեցին միասնաբար հանդես գալու հնարավորությունը, ինչը բացասաբար անդրադարձավ մրցակցության և ընտրության լայն շրջանակի ապահովման գործընթացներին»: Վերջին փաստը, չմոռանանք, շփոթություն ու տարակուսանք է պատճառել ոչ միայն եվրոպացի դիտորդներին, որոնք, ըստ ամենայնի, առաջնորդվում են դասական քաղաքագիտական պատկերացումներով և իրազեկված չեն Հայաստանի քաղաքական ուժերի գործունեության, նրանց համագործակցության տարբեր ձևերի մասին:
Դեռ ՀՀ նախագահի ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ նման մի մտահոգություն էր հնչեցրել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը՝ հայաստանյան ընտրություններին վերաբերող իր անդրադարձում նշելով. «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքների նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում: Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են , թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը»: Այն ժամանակ դեսպանի այս մտահոգությունները շատերն ընկալեցին որպես դիվանագիտական էթիկետի խախտում և միջամտություն այլ երկրի ներքին գործերին: Սակայն, անկախ ամեն ինչից,՝ արժե իմանալ, թե ինչ են մտածում մեր մասին և բարձրաձայնում քաղաքական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչները, երբ բախվում են Հայաստանում գործող կուսակցությունների «խաղի կանոններին»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ