Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Մի ճաշեք դեսպանների հետ

Մի ճաշեք դեսպանների հետ
02.04.2013 | 11:46

2009 թ. մայիսին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ճաշի հրավերը: Դեսպանը նույնչափ հետաքրքրված էր Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունների վերաբերյալ Հովհաննիսյանի տեսակետով, որքան վերջինիս՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող կարծիքով: Ճաշի սեղանի շուրջ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա կազմվեցին երկու մանրամասն հաշվետվություններ, որոնցից մեկը վերաբերում էր նրա ներքաղաքական պատկերացումներին, մյուսը՝ արտաքին քաղաքական մոտեցումներին: Առաջին հեռագրի մեջ Յովանովիչն անդրադառնում է Հովհաննիսյանի մասին իր տպավորություններին. «1990-ական թթ. ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարված ամերիկահայ հայրենադարձ Հովհաննիսյանը բացառություն է հետխորհրդային Հայաստանի կոշտ ու առանց կանոնների քաղաքական կյանքում: Մինչ Հայաստանում ծնված քաղաքական գործիչներն առաջ են գնում անազնիվ քայլեր անելով, Հովհաննիսյանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի՝ տասնամյակներով աղճատված քաղաքական մշակույթը փոխակերպելու իր ծրագրին: Անցած տարի նա քաղաքացիության հետ կապված հարցերի պատճառով իրավունք չստացավ առաջադրվելու նախագահական ընտրություններում, եւ լայնորեն տարածված կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները երբեք էլ բարեփոխիչ Րաֆֆիին թույլ չեն տալու բարձրագույն պաշտոններ զբաղեցնել երկրում: Րաֆֆիի հետ զրուցելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ ինքն էլ է հասկանում, որ իր գնացքն արդեն մեկնել է, եւ նա այժմ աշխատում է երիտասարդ, բարեփոխումների ձգտող քաղաքական գործիչների պատրաստման ուղղությամբ, որպեսզի նրանց միջոցով տապալի այն քաղաքական աշխարհայացքը, որը կեղեքել է իր նախնիների հայրենիքը»:

Յովանովիչի երկրորդ հեռագիրն առնչվում էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին Հովհաննիսյանի աջակցությանը, ինչի պաշտպանությամբ հանդես են եկել բոլոր երեք նախագահական վարչակազմերն անկախությունից ի վեր: Այնուհանդերձ, Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրդովեցուցիչ հայտարարությունները, որոնք հատկապես վերաբերում էին Ղարաբաղին, եւ նրա կողմից օգտագործվող «հուզական բառապաշարը» «քայքայում են Հայաստանի նյարդերը»: Հովհաննիսյանը կարծում էր, որ հայկական կողմի պատասխանը ոչ համարժեք է: Վերջինս նշել էր, որ կարգավորմանը միտված ճանապարհային քարտեզի ժամանակի ընտրությունը, որն անմիջապես նախորդում էր նորընտիր նախագահ Օբամայի՝ ապրիլի 24-ի ուղերձին, կասկած ու մտավախություն է հարուցել, թե Հայաստանի կառավարությունը վաճառվել է: Յովանովիչն իր հերթին ընդգծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման ներկա հնարավորությունը «իրապես բացառիկ է», եւ որ «երկու կողմերի վստահությունը, որը հատկապես առկա է նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Էրդողանի միջեւ, էական է այս հնարավորությունը չկորցնելու առումով»: Համաձայն այս հեռագրի՝ «Հովհաննիսյանն այնուհետ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ «սահմանի բացումը» հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիա–Հայաստան բանակցությունների անգամ մաս չպետք է կազմի: Նա կոչեց 1993թ. Թուրքիայի կողմից սահմանի փակումն իբրեւ «թշնամական գործողություն» եւ ասաց, որ տարիներ անց այն բանից հետո, երբ «Թուրքիան միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ իր սահմանը, այժմ ձգտում է «լրացուցիչ ստացականներ» ձեռք բերել՝ այն բացելու համար: Հովհաննիսյանն իր դժգոհությունն արտահայտեց, որ ներկա թուրքական մոտեցումը հավասարազոր է «թեթեւամիտ դիվանագիտության»:

Հեռագրի վերջում ամփոփելով Հովհաննիսյանի արտաքին քաղաքական մոտեցումների վերաբերյալ տպավորությունները՝ Յովանովիչը գրում է. «Ցեղասպանություն վերապրածների թոռը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հեռացրին արտաքին գործերի նախարարի պաշտոնից, երբ 1990-ական թթ. սկզբին Թուրքիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ հանդես եկավ սուր դիտողություններով, ակնհայտորեն խիստ տեսակետ ունի այն հարցի առնչությամբ, թե ինչպես պետք է Հայաստանը կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ: Իրենց հասարակությանը հարաբերությունների կարգավորմանը պատրաստելու համար իշխանությունները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե միայն հաջողվի իրենց մոտեցման արժանիքների մեջ համոզել այնպիսի հարգված գործչի, ինչպիսին Հովհաննիսյանն է: Եթե Հովհաննիսյանը պատշաճ կերպով տեղեկացվի եւ խորհրդատվություն ստանա՝ կարող է դառնալ հարաբերությունների կարգավորման հզոր ջատագով, եթե ոչ, տեղ կզբաղեցնի ընդդիմախոսների երկար եւ աճող ցուցակում¦:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ