Հեղինակն ավելի քան 140 կենսագրականներում շարադրել է չտեսնող գիտնականների, իրավաբանների, արվեստագետների, մանկավարժների, լրագրողների, արտադրության ու մշակույթի կազմակերպիչների` հպարտություն ու հարգանք ներշնչող ձեռքբերումները:
Այո՛, հայ ընթերցողը հպարտության զգացում կապրի` ծանոթանալով իր չտեսնող հայրենակիցների կյանքին ու գործունեությանը. տաղանդավոր կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, հասարակական գործիչ, բրայլյան այբուբենի հայերեն տարբերակի հեղինակ Նիկողայոս Տիգրանյան, գուսան Հավասի, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Սիմոն Հովհաննիսյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, եզակի աշխատությունների հեղինակ Երջանիկ Գևորգյան, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, ավելի քան հարյուր գիտական հոդվածի, մի շարք աշխատությունների, այդ թվում` «Մովսես Խորենացու դարը» ուշագրավ մենագրության հեղինակ Ալբերտ Մուշեղյան և այլք:
Հարություն Մինասյանի տևական ու պրպտուն աշխատանքի արդյունքն է այս բացառիկ հրապարակումը: «Հասարակությունը դեռևս չի կարողացել ըստ արժանվույն գնահատել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հսկայական ներուժը և նրանց ճանաչել որպես հասարակության լիարժեք ու լիիրավ անդամներ»,- գրում է հեղինակը: Հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու գործընթացի ճանապարհին, թերևս լավագույն նախաձեռնություն է այս գրքի լույսընծայումը:
Գրքում ներկայացված գործիչները ուղի են հարթում շնորհալի նոր սերնդի համար:
Հեղինակը հանրությանը ներկայացնելով չտեսնող մարդկանց հաջողությունները, նպատակին հասնելու նրանց ձգտումը, ցուցաբերած զարմանալի կամքն ու կորովը, կարծևս անուղղակիորեն կոչ է անում առանձնահատուկ ուշադրություն դարձնել չտեսնող երիտասարդների կրթությանն ու դաստիարակությանը` նրանց համար ստեղծել ուսումնառության, դաստիարակության և հմտություններ ձեռք բերելու առավել քան բարենպաստ պայմաններ:
Գրքի սկզբում Ալբերտ Մուշեղյանը և Երջանիկ Գևորգյանը գիտնականներին հատուկ բանիմացությամբ իրենց վերաբերմունքն են արտահայտել հրապարակման առթիվ, գնահատանքի ջերմ խոսքեր հղել հեղինակին և նրա շնորհաշատ նախաձեռնությանը:
Հոդվածները շարադրված են այբբենական կարգով, և ընթերցողը դյուրությամբ կարող է գտնել ու կարդալ ցանկացած կենսագրական:
Գրքում ներկայացված են նաև այլազգի տասնյակ նշանավոր չտեսնող գործիչներ, տիֆլոմանկավարժներ: Գրքում զետեղված են չտեսնողներին նվիրված պատմվածքներ, բանաստեղծություններ, առակներ, առածներ, ասացվածքներ:
Սա բացառիկ մի բառարան է, որից կարող են օգտվել տիֆլոլոգները, արատաբանները, հասարակական ինտեգրացիայի ջատագովները:
Գիրքը կարելի է ձեռք բերել «Նոյան տապան» գրախանութից:
Խոսքս ցանկանում եմ ավարտել Ալբերտ Մուշեղյանի հետևյալ դիպուկ դիտարկմամբ. «Տեսողության բացակայությունը հաղթահարելու համար մարդը, հատկապես տաղանդավոր մարդը, ստիպված է զորակոչի ենթարկել իր ներքին ուժերը, դրսևորել բացառիկ կամքի ուժ, որն այլ կերպ կոչում են ոգու արիություն»:
Անահիտ ԾԱՏՈՒՐՅԱՆ