Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրում առաջացած ֆինանսական խնդիրները համեմատել է 1974թ. թուրքական ներխուժումից առաջացած ճգնաժամի հետ։ Նախագահի հրահանգով մեկանգամյա հարկում է իրականացվում բնակչության բանկային ներդրումներից: Եթե դեպոզիտի գումարը չի գերազանցում 100 հազար եվրոն, ապա հարկվում է դրա մոտ 6,75 տոկոսը: 100 հազար եվրոյից ավելի գումարի դեպքում հարկվում է 9,9 տոկոս։
Այս քայլը Կիպրոսին պարտադրել են եվրակառույցները 10 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու դիմաց։ Հատկապես Գերմանիան պնդել է դեպոզիտների վրա հարկ մտցնել՝ մտավախություն ունենալով, որ Կիպրոսի բանկերը կարող են օգտագործվել փող լվանալու համար։ Այս որոշման առանցքային պատճառներից է եղել այն, որ Կիպրոսի բանկային համակարգում դրամական մեծ ծավալներ կան Ռուսաստանի Դաշնությունից։ Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ հարկից ռուսական բիզնեսի վնասները Կիպրոսում կարող են կազմել շուրջ 3,5 միլիարդ դոլար:
Հազարավոր կիպրոսցիներ հերթ են կանգնել բանկոմատների մոտ, որպեսզի հասցնեն մինչև երեքշաբթի, երբ ուժի մեջ կմտնի այդ հարկատեսակը, հանել իրենց գումարները։ Որոշ բանկոմատներում, սակայն, գումարը շատ արագ վերջացել է։ Շատ բանկոմատներ էլ տալիս են սահմանափակ քանակությամբ գումար։