«Գրանիշ» գրական ակումբը ներկայացնում է իր նոր` «Գրանիշ խուժանական» համարը: Այն տպագրության է պատրաստել խմբագրակազմը` Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան: Լեզվանի, offline, այժմ էլ խուժանական խորագիրը կրող պարբերականի յուրաքանչյուր թողարկումը թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Զրուցակիցս ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:
-Ինչո՞ւ խուժանական:
-Կա էրոտիկ գրականության ճիշտ ներկայացման խնդիր. անցյալ տարվա սկզբին լրատվամիջոցներն ակտիվ քննարկումներ սկսեցին այս հարցի շուրջ՝ մեծ մասամբ ուշացած ու սխալ գնահատականներով: Եվ ծնվեց գաղափարը՝ «Գրանիշի» համարներից մեկը նվիրել էրոտիկ գրականությանն ու նրա ներկայացման խնդիրներին: Ինչո՞ւ խուժանական: Տարանջատում արեցինք մոտավորապես այս համատեքստում` «թե ինչպես ամեն խուժանություն դեռևս խուժանական չէ»: Խուժանականը խոսակցական, ժողովրդական լեզվից եկող բառն է, որին սահմանումային եզր ենք տվել. այն ներկայացնում է գրականության մեջ էրոտիկի գեղագիտական, կենսալից բնականությունը, իսկ խուժանությունը ոչ գրական, բաց եզրույթ է, որը պատկերում է անհատական մտասևեռումների, գեղագիտական արժեք չունեցող բաց տեսարանների անհիմնավոր ներկայությունը:
Համարը պատրաստելիս նաև մի հետաքրքիր փաստի հետ առճակատվեցինք. խուժանական գրականության սղության՝ մերօրյա ստեղծագործող հեղինակների տեքստերում: Բայց, մյուս կողմից, այս մտահոգությունը նաև հիմնավորում էր մեր այն տեսակետը, որ էրոտիկ գրականության ներկայությունը, որպես ամբողջական գեղագիտական երևույթ, հետանկախության ժամանակաշրջանին է պատկանում՝ 90-ականների նախասկզբին. ուշացածը՝ հասարակական քննարկումներն էին՝ մոտ տասը-տասնհինգ տարվա կտրվածքով: Այսինքն, գրականությունը վաղուց հաղթահարել է էրոտիզմի ազատականացումը:
-Հայ ժամանակակից հեղինակներից ովքե՞ր են ընդգրկված այս համարում, և ինչպե՞ս է կատարվել ընտրությունը:
-Ընդգրկված են արձակագիրներ Հովհաննես Թեքգյոզյանի, Գուրգեն Խանջյանի, Լիլիթ Կարապետյանի պատմվածքները, Անահիտ Հայրապետյանի, Աշոտ Գաբրիելյանի բանաստեղծական շարքերը, իսկ, այսպես կոչված, ոչ էրոտիկ հատվածում տեղ են գտել նաև Ներսես Աթաբեկյանի, Հրանտ Ալեքսանյանի ու Ավագ Եփրեմյանի բանաստեղծական շարքերը: Համարում կլորսեղանային ձևաչափի մի քննարկում կա, որը նպատակ ունի տարբեր հարթություններից, տարբեր մոտեցումներով ամբողջացնելու էրոտիկ գրականության մասին խոսակցությունները. քննարկմանը մասնակցել են արձակագիրներ Գուրգեն Խանջյանն ու Նառա Վարդանյանը, գրականագետներ Քրիստինե Հովհաննիսյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և մասնակիորեն նաև ես: Թարգմանական հատվածում ներկայացված են Սալման Ռուշդիի «Ցենզուրայի մասին» էսսեն, ռուս ժամանակակից, «բացախոս» համարում ունեցող բանաստեղծուհի Վերա Պավլովայի բանաստեղծությունները:
Պատմական անդրադարձով տպագրված են նաև «Վահագնի ծնունդը» առասպելն ու դրա նորովի մեկնությունը՝ ի դեմս Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում հնչող մի հատվածի, Դանիել Վարուժանի «Օ Լալագեն» բանաստեղծությունն ու դրա մասին հնչած անցյալ ու ներկա գնահատականները, ինչպես նաև Աշոտ Խաչատրյանի էրոտիկ մտասևեռումներով դեպի խոր հոգեբանություն գնացող «Ժամանակ և դիպված» պատմվածքը: Պատմական ու ժամանակակից զուգահեռումներով փորձել ենք ներկայացնել էրոտիկ գրականության կատարած տեղաշարժը:
-Անուններ, որ դուրս են մնացել «Գրանիշի» խուժանական համարից:
-Կան հեղինակներ, որ կարևոր դեր են կատարել, բայց «Գրանիշի» այս համարում չկան. մասնավորապես` Վիոլետ Գրիգորյանը, ով, շատ առանցքային հեղինակ լինելով, չցանկացավ իր մասնակցությունն ունենալ այս համարում:
-Հաշվի առնելով, որ մեր ժամանակը գերքաղաքականացված է, հնարավո՞ր է` նոր համարը նվիրվի այդ ոլորտին: Գրողի խոսքն այս դեպքում էլ երիցս կարևոր է, և, կարծում եմ, ունենք դրա պակասը:
-Այդպիսի մտահղացում ունենք: Ոչ միայն քաղաքական, գրողը` հասարակության խնդիրների թեժակետում: Հաջորդ համարը գուցե կառուցենք հենց այդ տեսանկյունից: Նպատակ ունենք նաև մանկական համար հրապարակելու` ներկայացնելով մանկական գրականությունն ու թարգմանական նոր գործեր:
-«Գրանիշը» հասնո՞ւմ է ընթերցողին: Վաճառվո՞ւմ է արդյոք պարբերականը:
-Կա որոշակի գնելիություն, երևի բոլոր գրական պարբերականներից ավելի է ներկայացվում հանրությանն ու վաճառվում: Ջանում ենք ընթերցողին հնարավորինս մոտեցնել գրականությունը, նաև նոր մոտեցումներ ցուցաբերել` հին գրականությունը նորովի ներկայացնելով, դիզայնով, նոր շունչ, մտահղացումներ հաղորդելով և այլն:
-Ի՞նչ արժե «Գրանիշը»: Ընթերցասերը կարող է կանգնել երկընտրանքի առաջ` գի՞րք գնել, թե՞ պարբերական:
-«Գրանիշն» արժե 1500 դրամ: Գիրքը մեկ հեղինակի գեղագիտական ամբողջականություն է, իսկ «Գրանիշի» մեկ համարը ամբողջական ինֆորմացիա է տալիս այս կամ այն թեմայի վերաբերյալ: Հենց այդ նպատակով էլ մենք թեմատիկ համարներ ենք թողարկում:
-Մեր օրերում տպագիր մամուլը միտում ունի թվայնացվելու: Ձեր դեպքում հակառակ տենդենցը նկատվեց. «Գրանիշ» առցանց պարբերականն ընթերցողին ներկայացավ դասական` տպագիր տարբերակով:
-Էլեկտրոնային տարբերակով մենք կարծես մի քանի տարում դաշտ ապահովեցինք` տպագիր մամուլ ստեղծելու համար: Այն ավելի ամբողջական խնդիրների է անդրադառնում, մի բան, որ կայքում փոքր-ինչ դժվար է: Սա է էական տարբերությունը մեր գործելաոճի:
-Ի՞նչ ճակատագիր են ունենում չվաճառված ամսագրերը, արխիվացնո՞ւմ եք, նվիրո՞ւմ:
-Տպաքանակը շատ չէ, համարներն այնքան չեն ավելանում, որ չիմանանք` ինչ անել: Եվ հետո՝ չվաճառված բնորոշումը «Գրանիշի» համար սխալ է, երկու տարի հետո էլ հանդեսը կարող ես ձեռքդ վերցնել և թեմատիկ ամբողջականության մեջ ընթերցել այն:
-Գրադարաններին տրամադրո՞ւմ եք:
-Ազգային գրադարանին անձամբ ենք տրամադրում, մարզային գրադարաններ, երևի թե, չի հասնում:
-Կարո՞ղ ենք խոսել գրական ամսագրերի մրցակցության մասին, թե՞ եղած քիչ թվով պարբերականները շատ են տարբեր` մրցակից լինելու համար:
-Տարբեր ամսագրեր են, մրցակցություն գոնե տպագիր մամուլի դեպքում չեմ զգացել: Այսօր գրական ամսագիր տպագրելը թանկ հաճույք է, հրատարակչական տեսանկյունից ոչ շահավետ:
-Վճարվո՞ւմ են գրանիշցիները:
-Առայժմ ամբողջն արվում է անվճար հիմունքներով: Հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցը ևս կկարգավորվի, գրականությամբ զբաղվողները նույնպես կվճարվեն:
-Ինքներդ ամսագիր գնո՞ւմ եք:
-Այո, ես նաև լավ գնորդ եմ, հրատարակիչների համար լավ հաճախորդ։
-Ե՞րբ լույս կտեսնի «Գրանիշի» հաջորդ համարը:
-Հավանաբար` գարնան վերջին:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ