Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սրա հետ գալու ես իշխանության, որ ի՞նչ անես

Սրա հետ գալու ես  իշխանության, որ ի՞նչ անես
05.03.2013 | 00:21

Մինչ մարզերում և մայրաքաղաքում մարդկանց ժպտալն ու բարևելը, Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի նախ իր որոշ թիմակիցներին «բարեկրթության դասեր» տա: Զորօրինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին: Կին, որն ամենատարբեր ամբիոններից սրան-նրան պիտակավորելու գեշ խասիաթ ունի, բայց առանց վարանելու կարելի է փաստել. հենց ինքն է արժանի կրելու գործընկերներին (և ո՛չ միայն) իր իսկ տված որակումները։

Մինչ բուն ասելիքին անցնելը պարզաբանենք. օրերս ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը Զառային համարել էր «բարեկրթությունից» զուրկ, «անպարկեշտ վարքի» տեր անձնավորություն: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իրավացիորեն հորդորել էր` «մտածել, նոր խոսել»: Նույն խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն էլ, գյումրեցուն հատուկ շիտակությամբ, տիկին Զառայի ուղեղում «հինգ կոպեկի խելք» չէր տեսել` քաղաքական իրողությունները ճիշտ գնահատելու համար:
Զուտ մասնագիտական մղումներից ելնելով, փորձեցի տիկին Զառային խոսելու, հակադարձելու հնարավորություն ընձեռել: Բայց նախագահականի դիմաց իր ականջ սղոցող ֆալշ երգով (նայեք` youtube-ը) «լաո»-ին զարթնելու կոչ անող հիշյալ պատգամավորուհին «պայթեց» ու ջղաձգվելով, ինձ շփոթեց «լաո»-ի հետ` և «զարթնելու» կոչ անելով` ճչաց. «Խանգարում եք, դո՛ւրս եկեք: Այլևս իմ սենյակ չմտնեք»։ Նրա նյարդեր սղոցող ձայնից հանկարծակիի եկած, ինքս այս սանձարձակին հանդարտության կոչ արեցի, բայց ստացվեց հակառակը, իմա` օրենսդիրն ավելի կատաղեց: Պատկերավոր ասած` «պլինտուսից» ցածր բարեկրթություն ունեցող սույն տիկինը կարծեց, թե մանկությանս վարդագույն երազանքն իր` Զառա (իսկականից որ Զա՛-ռա՛) Փոստանջյանի սենյակ մտնելն ու իր հետ, ինչպես ժողովուրդը կասեր` «մասլահաթ» անելն է:
Տիկին Զառան աշխատում է... Է՜հ, Զա՛-ռա՛, Զա՛-ռա՛։ Ինչո՞ւ ես սոփեստություն անում։ Ո՛վ, ո՛վ, բայց լրագրողներս ախր լավ գիտենք քո աշխատանքը, չէ՞։ Հիշեցնե՞մ։ Սիրով.
ա) «Ժառանգություն» խմբակցությունն արդեն քանիերորդ անգամ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը։ Քեզ (այո՛, մի՛ զարմացիր` հենց քե՛զ. հիստերիկները` անկախ սեռից, արժանի չեն, որ իրենց «Դուք»-ով դիմեն) հարցեր ուղղեցի, սակայն քո իսկ ներկայացրած նախագծի առնչությամբ, որքան էլ զավեշտական է, ասելիք չունեիր: Այս մասին պատմեցի կուսակիցներիցդ մեկին։ Պատասխանը կարճ էր. «Որ գլխում բան լիներ, կխոսեր»:
Ի դեպ, հարգելի ընթերցող, տիկին Փոստանջյանին միայն ՀՀԿ-ական Շուշանը չէ, որ «գիժ» է անվանել։ Զարուհուն իր իսկ կուսակցությունում էլ են այդ մականունով «կնքել»:
բ) Համաներում հայտարարելու մասին օրինագծին միակ դեմ քվեարկողը դու էիր, որից հետո շփոթահար դուրս եկար դահլիճից ու կրկին լրագրողներին ասելու ոչինչ չունեիր։
Շարունակե՞նք գործերիդ թվարկումը, հեղափոխական Զա՛-ռա՛։ Շարունակե՛նք.
գ) Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միանալու համար կուսակիցներիդ «ուտում» էիր, բայց երբ շարժումը սկսեց մարել, առնետի հանգով առաջինն ինքդ պո՛ւկ փախար կործանվող նավից և անվանարկեցիր Լևոն Տեր-Պետրոսյանին:
Քաջագործություններիցդ մտաբերե՞մ այլ դրվագներ։ Այո՞։ Խնդրեմ.
դ) Հայ քաղաքական պայքարի պատմությունը ոսկե տառերով «կարձանագրի» այն պահը, երբ ծղրտում էիր ու ոստիկանների դեմքերը «ճանկռտում»։ Փա՜ռք այդ տղամարդկանց, որ դիմացան քեզ նմանին ու ոտնատակ չարին։
Տիկին Զա՛-ռա՛, մի բան էլ փաստենք ու (ինչպես կասի Կարմեն Դավթյանը)` պըրծ...
ե) Պետբյուջեի գումարներով պտտվում ես աշխարհում, ԵԽԽՎ-ում «վոյաժներ» տալիս, համագործակցում թուրքերի ու ադրբեջանցիների հետ, որ ստորագրություններ հավաքես ու աշխատես Հայաստանի դեմ:
Սա չէ՞ քո աշխատանքը, որի անվանումը (հիմա էլ ես որակումներ տամ) հստակ է` դա՜-վա՜-ճա՜-նո՜ւ-թյո՜ւն։
Եվ վերջում մեկ հարց ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին` Րաֆֆի՛, էս չի՞ քո թիմի անդամը. սրա հետ գալու ես իշխանության, որ ի՞նչ անես:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ