Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Վաղվա հեռանկարն անհանգստացնող է»

«Վաղվա հեռանկարն անհանգստացնող է»
19.02.2013 | 11:55

«Իրատես de facto»-ի հյուրն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:


-Պարոն Թոփչյան, ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում ԶԼՄ-ների բուռն հետաքրքրությունը և հաճախ ոչ բարյացակամ վերաբերմունքը Ձեր անձի ու գործունեության նկատմամբ:
-Դա պարզապես սադրանք է` կազմակերպված մարդկանց միևնույն նեղ շրջանակի կողմից, բայց ինձ համար զարմանալի է, որ կարելի է ցանկացած սուտ ու բամբասանք թերթում տպագրել: Այդպիսի մի նյութ էլ վերջերս հրապարակվել է Ձեր թերթում` «Ասում են…» խորագրի ներքո: Թե ով է ասում, ինչի հիման վրա և ինչ իրավունքով, պարզ չէ: Մենք դա կարող ենք կոչել խոսքի ազատություն. իհարկե, ով ինչ ուզում է, կարող է ասել, սակայն դա, ըստ էության, ոչ մի առնչություն չունի իմ անձի և ֆիլհարմոնիկի գործունեության հետ: Ինձ հատկապես հուզում է այն փաստը, որ խոսակցության մեջ հիշատակվում է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անունը: Նախ, ես ներկա չեմ եղել խնդրո առարկա համերգին, գուցե այդ օրն անգամ քաղաքում չեմ եղել: Ձեր թերթից իմացա, որ համերգի ժամանակ Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունն է կատարվել, ինչը, իբր, բանավեճի առիթ է տվել: Չգիտեմ էլ, թե ինչ բանավեճի, բայց հանկարծ կարդում եմ, որ այդ ամենի հետևում կանգնած է Էդուարդ Թոփչյանը: Երանի՜ այնքան ուժեղ լինեի, որ լրատվամիջոցներն ինձ ենթարկվեին ու գրեին իմ ուզածը: Ինձ համար շատ ոգևորիչ և հուզիչ է, որ մեր հանրապետության առաջին տիկինը կարողանում է ստեղծագործել, պարտիտուրա գրել և հասցնել այն մակարդակի, որ դա կատարվի: Մենք էլ նախորդ համերգին նվագեցինք Ռիտա Սարգսյանի գործը, որը հիանալի, շատ գեղեցիկ ստեղծագործություն է, և եթե անգամ այդպիսին չլիներ, փաստն ինքնին հուզիչ է, խորին հարգանքի արժանի: Իսկ անկախ դրանից, ես երբեք ինձ թույլ չէի տա անհարգալից լինել առաջին տիկնոջ նկատմամբ: Պարզվում է` մարդիկ արդեն հասել են այնտեղ, որ ինձ ուզում են թշնամացնել երկրի առաջին դեմքերի հետ, որովհետև գիտեն` Հայաստանի ֆիլհարմոնիկի թիկունքին կանգնած է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ վերջերս նույնանման անհեթեթ պատմություն էին վերագրում ինձ` կապված Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչ վերաբերում է ֆիլհարմոնիկի վերաբերյալ բամբասանքներին, դրանք որևէ հիմք չունեն: Այսօր նվագախումբը հիանալի մակարդակի վրա է, և դա բոլորը տեսնում են մեր համերգներին, բայց նույնիսկ ամենալավ համերգի մասին կարելի է ցանկացած բան գրել: Դա ուղղակի փորձ է` մարդկանց ուշադրությունը շեղելու սեփական խնդիրներից ու թերացումներից: Եվ քանի դեռ մենք չունենք այն ընդհանուր մեխանիզմը, որը պիտի գնահատի մեր ունեցածը, շարունակ լինելու են միմյանց արածը փնովելու փորձեր: Իսկ անաչառ դատավորներ, ըստ էության, շատ քիչ կան:
-Հասարակությունը, երաժշտասեր հանրությունը անաչառ դատավոր չե՞ն:
-Հասարակությունը, որով լեփ-լեցուն է լինում դահլիճը մեր համերգներին, հիացած է ֆիլհարմոնիկով, բազմաթիվ լուրջ երաժշտագետներ և կոմպոզիտորներ (տասնյակ անուններ կարող եմ թվարկել) հիացած են ֆիլհարմոնիկով: Բայց կոնկրետ մեկ կամ երկու մարդու և նրանց շուրջը հավաքված մի քանիսին մենք չենք գոհացնում, և նրանք որոշել են իրենց ուզածն անել` կանգ չառնելով ոչնչի առաջ:
-Նկատի ունեք, թերևս, պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի՞ն, ում հետ հարցազրույցն օրեր առաջ տպագրվել է «168 ժամ» թերթում:
-Նաև` նրան, և շատ եմ ուզում հասկանալ. ինչպե՞ս է պատահում, որ ֆիլհարմոնիկի մասին կարծիք են հարցնում ոչ թե, ասենք, Տիգրան Մանսուրյանից, Երվանդ Երկանյանից, Սեդրակ Երկանյանից, Մելիք Մավիսակալյանից, Հովհաննես Չեքիջյանից, Սվետլանա Նավասարդյանից, Յուրի Դավթյանից, Սերգեյ Խաչատրյանից, Ռուբեն Ահարոնյանից, Դավիթ Հալաջյանից, Լևոն Չաուշյանից, Ստեփան Ռոստոմյանից, Վաչե Սարաֆյանից, Ռոբերտ Ամիրխանյանից, Մարտուն Իսրայելյանից ու շատ ուրիշ լուրջ երաժիշտներից (թող ինձ ներեն նրանք, ում անուններն այս պահին չտվեցի), այլ այն հատուկենտ մարդկանցից, ովքեր ինձ հետ ինչ-ինչ անձնական պատճառներով վատ հարաբերությունների մեջ են: Կամ` ինչպե՞ս է պատահում, որ երբեք չեն հիշում, օրինակ, թե ինչ բարձր գնահատական են տվել ֆիլհարմոնիկին լեգենդար մեծություններ Պենդերեցկին, Շչեդրինը, Գուբայդուլինան և համաշխարհային անուն ունեցող այն մենակատարները, ովքեր պարբերաբար հանդես են գալիս մեզ հետ (Միշա Մայսկի, Սթիվեն Իսսերլիս, Յուրի Բաշմետ և այլն, և այլն):
-Այն, որ Ռուբեն Տերտերյանը քննադատաբար է խոսում ֆիլհարմոնիկի հրավիրյալ երաժիշտների մասին, Դուք սո՞ւտ եք համարում: Մասնավորապես ասվում է, որ գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը ֆալշ է նվագում, պիկոլո ֆլեյտա նվագող Սառա Կարմեն ՈՒռենյա Կաբրերան շշից ջուր է խմում բեմում: Սրանք հերյուրանքնե՞ր են:
-Նախ համերգը, որի մասին խոսվում է, փայլուն է եղել: Կարող եմ վկայակոչել տասնյակ երևելի մասնագետների կարծիքներ: Ինքը` Ռուբեն Տերտերյանն էլ դա չէր կարող չզգալ: Ի դեպ, իրականում նա էլ է մտահոգված այն իրավիճակով, որ այսօր տիրում է կոնսերվատորիայում: Ինքս եմ մասնակից եղել մի քանի խոսակցության, որոնց ընթացքում նա իր տագնապն է հայտնել կոնսերվատորիայի ներկայի ու ապագայի մասին: Ընդհանրապես չէի ցանկանա նրան պատասխանել, սակայն ստիպված եմ երկու խոսք ասել: Մարդը երկժամանոց համերգի ընթացքում անհամբեր սպասել է այն պահին, երբ հիանալի նվագող գալարափողահարը մի փոքրիկ կիքս թույլ տա, և, դրանից բացի, ուշադրության արժանի ուրիշ բան չի նկատել այդ համերգում: Աշխարհի ամենահայտնի նվագախմբերում էլ լինում են նման թերություններ. այդպիսիք եղան նույնիսկ Կոնցերտգեբաուի պես լավագույն նվագախմբի երևանյան համերգի ժամանակ: Եթե Էնրիկը վատ գալարափողահար է, ինչո՞ւ են կոնսերվատորիայի մի քանի գալարափողահար ուսանողներն ամեն օր վազելով գալիս նրա մոտ` դասեր առնելու (իհարկե, անվարձահատույց) և խոստովանում, որ վերջապես կա մեկը, ով իրենց բան է սովորեցնում: Նման խոսակցությունների լավագույն պատասխանն էր օրերս Բրուքների 4-րդ սիմֆոնիայի մեր կատարումը, որտեղ Էնրիկը հիանալիորեն հանդես եկավ իր բարդագույն նվագաբաժնով: Ինչ վերաբերում է ֆլեյտահարուհու` շշից ջուր խմելուն, ապա սա անտեղի խոսակցություն է: Կոնցերտգեբաուի երևանյան համերգի ժամանակ բոլոր փողային երաժիշտների կողքին ջուր էր դրված, և մարդիկ խմում էին, շատերը` շշից: Նույնը տեսել եմ բազմաթիվ երկրներում, հանրահայտ նվագախմբերի համերգների ժամանակ: Սառա ՈՒռենյան Երևան էր եկել համերգից 5-6 օր առաջ` ձմռան ամենացուրտ օրերին: Նա եթե մի քիչ պակաս պատասխանատվության զգացում ունենար, ընդհանրապես այդ օրը չէր նվագի, որովհետև 39 աստիճան տաքություն ուներ: Այդ վիճակում նա այնքան լավ նվագեց, որ նույնիսկ Ձեր նշած հրապարակման մեջ նրա կատարողական մակարդակի մասին որևէ վատ բան հնարավոր չեղավ գրել: Եվ քանի որ երաժշտական որակի մասին ասելիք չկար, մեջտեղ ընկավ ջուրը: Մեզ մոտ միայն պիկոլո նվագողը չէ, որ համերգի ժամանակ ջուր է խմում. շատերն են խմում: Գիտե՞ք, թե ինչ է նշանակում փողային գործիքների մեջ փչելը: Դա ի՞նչ քննարկելու հարց է: Ավելացնեմ, որ Սառան սոսկ պիկոլո նվագող չէ, այլ, նախ և առաջ, տաղանդավոր ֆլեյտահարուհի. վկա` նրա կատարյալ նվագը Ռախմանինովի 3-րդ դաշնամուրի կոնցերտի և, առավել ևս, Բրամսի 4-րդ սիմֆոնիայի ժամանակ (որտեղ ֆլեյտայի շատ կարևոր նվագաբաժին կա):
-Արվեստագետներն ընդգծված անհատականության տեր մարդիկ են և, բնականաբար, դժվար են գնում կոմպրոմիսի: Ձեր և կոլեգաների փոխհարաբերություններում առկա լարվածությունն այդ հանգամանքո՞վ է պայմանավորված, թե՞ կան նաև այլ պատճառներ:
-Սա անիմաստ վեճ է: Իմ և ֆիլհարմոնիկի համերգների մասին, ինչպես նշեցի, շատ ավելին են դրական և առավել պրոֆեսիոնալ կարծիքները: Բայց ես չեմ ուզում այնքան նվաստանալ, որ սկսեմ բամբասանքներին պատասխանել:
-Արտասահմանյան համերգներին ո՞ր հայ կոմպոզիտորն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի այցեքարտը: Ինչպե՞ս եք ներկայացնում հայ երաժշտարվեստը դրսում` ոչ միայն երաժիշտ-կատարողներով, այլև հայ կոմպոզիտորական դպրոցով:
-Տարբեր հայ կոմպոզիտորներով ենք ներկայացնում հայկական երաժշտությունը դրսում: Բնականաբար, առաջինը Արամ Խաչատրյանն է: Կատարում ենք Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի, շատ ուրիշների գործերը:
-Իսկ Ավետ Տերտերյանի գործերն ընդգրկված չե՞ն Ձեր հայտագրերում:
-Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան երեք անգամ առաջարկել ենք կատարել, բայց չի ընդունվել կազմակերպիչների կողմից: Դա բարձրակարգ սիմֆոնիա է, բայց մարդիկ երևի մտածել են, որ բարդ երաժշտություն է: Ավետ Տերտերյանի բոլոր սիմֆոնիաները կատարել ենք վերջին տասը տարում կազմակերպված երկու փառատոնի ընթացքում: Առանձին-առանձին Տերտերյանի գործերը կատարել ենք բազմիցս: Նրա բոլոր սիմֆոնիաները ներառված են մեր համերգացանկում:
-Եթե կոնսերվատորիայում վիճակն այդքան վատ է, ինչպե՞ս եք կարողանում ֆիլհարմոնիկում լուծել կադրերի խնդիրը: Չէ՞ որ հենց նույն այդ կոնսերվատորիայի կոնտինգենտն է համալրում Ձեր կոլեկտիվը:
-Թող տպավորություն չստեղծվի, թե ես նպատակ ունեմ անպայման կոնսերվատորիան վատաբանելու: Պարզապես նշեմ մի քանի փաստ: Ֆիլհարմոնիկի հիմնական կազմը 30-ը, 40-ն անց մարդիկ են: Անգամ 60-ն անց երաժիշտ ունենք: Այսինքն` նրանք շատ տարիներ առաջ են սովորել կոնսերվատորիայում: Ամբողջ փողային խումբն ավելի քան 15 տարի առաջ է ավարտել կոնսերվատորիան: Իսկ երբ ասում են, որ ես ինքս էլ այնտեղ եմ սովորել, դա միայն մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ժամանակահատվածում հաճախ եմ եղել արտասահմանում և սովորել եմ Գերմանիայում ու Շվեյցարիայում` ներկա գտնվելով մեծ դիրիժորների փորձերին և նրանց հետ անձամբ շփվելով: Իմ ուսանողության շրջանը համընկավ այն մութ ու ցուրտ տարիներին, երբ ոչ միայն կոնսերվատորիայի, այլև ողջ Հայաստանի վիճակն էր աղետալի: Բայց իմ սովորելու տարիներին լարային դպրոցում կային այնպիսի խոշոր մասնագետներ, ինչպիսիք էին Վիլի Մոկացյանը, Պյոտր Հայկազյանը, Լևոն Զորյանը, Ալեքսանդր Չաուշյան ավագը, ուրիշներ: Այս մարդիկ ստեղծել էին հայկական լարային փայլուն դպրոցը, որը մենք, ցավոք, հիմա կորցրել ենք: Ո՞վ է կասկածի տակ դնում, որ Հայաստանի լարային դպրոցը բացառիկ է եղել: Դա ոչ ոք չի հերքում և չի կարող հերքել: Եվ ոչ ոք չի հերքում կոնսերվատորիայի պատմական նշանակությունը հայ մշակույթում: Ես մտահոգություն արտահայտելիս նկատի ունեմ այսօրվա վիճակը, և չի կարելի դա խառնել պատմական ճշմարտությունների ու այն երախտավորների անունների հետ, որոնցից մի քանիսին թվարկեցի, բայց և մտավախություն ունեմ, որ շատ արժանավորների մոռացա հիշատակել: Այդ մարդկանց սաներն են այսօր նվագում ֆիլհարմոնիկի կազմում` բացառությամբ 6-7 հոգու:
-Իսկ ի՞նչ է լինելու վաղը:
-Վաղվա հեռանկարն անհանգստացնող է, և փոխանակ բոլորս միավորվենք ու ինչ-որ լուծում գտնենք այդ հարցին, զբաղված ենք զրպարտություններով: Իսկ խնդիրը միայն կոնսերվատորիան չէ: Երաժշտական դպրոցները պետք է կադրեր տան կոնսերվատորիային, և մենք պետք է այդ մասին էլ մտածենք, ինչ-որ ձև գտնենք` երաժշտական դպրոցների մակարդակը բարելավելու: Շատ հեշտ է ամեն ինչ վերագրել մասնագետների` երկրից հեռանալուն: Այո՛, մասնագետները հեռացել են, բայց կա ավելի մեծ դժբախտություն` կրթական համակարգի անկատարությունը, և դա պետք է կարգի բերել: Ինչքան էլ գոռան, շեփորահարեն «հաջողությունների» մասին, ի՞նչ է դրանից փոխվելու: Ենթադրենք` ես լռեցի կամ գնացի այստեղից, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու: Օրեր առաջ ջութակահարների մրցույթ էր, որին մասնակցում էին 14 երիտասարդ: Նրանք համարվում են այսօրվա լավագույն երաժիշտները: Բացի այն, որ լավ չէին նվագում, պատկերն առավել վատթարացավ, երբ հանձնարարվեց նոտագրքից նվագել Բրամսի 4-րդ սիմֆոնիայի սկիզբը: Դա այնքան պարզ ու գեղեցիկ երաժշտություն է, որ կարելի է անգամ առանց թերթից կարդալու նվագել: Բայց նվագում էին այնպես, որ Բրամսն ինքն էլ չէր ճանաչի իր գործը: Ավելին` մասնակիցներից ոմանք դրսում հայտարարել էին, թե Չայկովսկու գործերից են նվագել: Եթե կոնսերվատորիայի ուսանողը կամ շրջանավարտը չգիտի Բրամսի 4-րդ սիմֆոնիան, էլ ի՞նչ մակարդակի մասին է խոսքը:
-Ի՞նչ է անում այսօր երաժիշտն իր բուն մասնագիտական գործունեությունից դուրս, հանգստի ժամին: Դուք սերում եք գրականագետների տոհմից, Արշալույս Բաբայանի, Էդվարդ Թոփչյանի թոռն եք, սրանից կարելի՞ է ենթադրել, որ Ձեր կապը գրականության հետ գենետիկորեն առկա է:
-Ցանկացած երաժշտական գործ կատարելիս ես տնտղում եմ դրա հետ կապված գրականությունը: Պիտի իմանամ, թե, ասենք, Շոստակովիչն այս կամ այն գործը գրելիս ինչու է հատկապես այդպես գրել, ինչ նախապատմություն ունի այն և այլն, և այլն: Ես մշտապես շրջապատված եմ գրականությամբ ու արվեստով, շատ եմ սիրում նկարչություն ու պոեզիա: Իմ սիրելի պոետը Պուշկինն է, նրան կարդում եմ անընդհատ, նույնիսկ նրա գիրքը, որպես թալիսման, հետս տանում եմ շրջագայությունների: Չգիտեմ` քանի անգամ եմ վերընթերցել Շեքսպիր. անգիր իմացածս տողերը կարիք ունեմ հազարերորդ անգամ կարդալու: Մեր ընտանիքը, հարկավ, գրականագետների ընտանիք է: Տատս և պապս ազնվական մարդիկ էին, վերին աստիճանի կիրթ ու առաքինի մարդիկ: Նույնը կարող եմ ասել հորս, հորեղբորս, եղբորս մասին. նրանք պրոֆեսիոնալ բանասերներ են, գրականագետ-քննադատներ, որոնցով ես հպարտանում եմ: ՈՒստի եթե մենք որոշենք ինչ-որ մարդկանց մասին ինչ-որ բաներ գրել, կգրենք այնպես, որ ամենաամուր պատին էլ խփես, փուլ կգա: Սակայն կրկնում եմ` ես չեմ ուզում չարախոսություններին պատասխանել:

Զրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ