Երկու օր է ԱԺ-ում անշլագ է, և դա այն դեպքում, երբ նախագահական, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նիստեր տեղի չեն ունենում` քվորում չլինելու պատճառով:
Ոնց երևում է` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ՀՀԿ-ի համար ղողանջ արթնության է վերածվել. բոլորը մեկ մարդու նման նստած են դահլիճում, քվեարկում են, համարյա մինչև օրվա կես` այդպես արձանացած մնում աթոռին: Բայց դա չէ միայն այս երկու օրվա հմայքը. կոնսոլիդացվել է ողջ խորհրդարանական համքարությունը` «մի ուրիշ ձև»: Թե՛ ընդդիմությունից, թե՛այլընտրանքային «ուժից» գրեթե բացականեր չկան, նրանց «արձանները» նույնպես «ամբողջությամբ» տեղակայված են դահլիճում: Էլ չեն ասում, որ նախորդ օրը պառլամենտական իր «հայտնությամբ» բոլորին զարմացրեց նույն ինքը` Գագիկ Կոլյայիչը: Գալուստ Գրիգորիչին հարցրինք` իսկ ինչո՞ւ այսօր չի բարեհաճել ժամանել Ձեզանից մեկենասված-թևանցուկ արված ԲՀԿ առաջնորդը, հո բան-ման չե՞ք ասել «ականջին»: Գալուստ Գրիգորիչը նախ ինքն իր ներսում ժպտաց մեր «սադրանքի» վրա, ապա «ահավոր» դիվանագիտական պատասխան տվեց. «Այդ հարցով պետք է դիմեք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին»: Թողեցի՞ք` դիմենք, էնպես արագ տարաք «ներքին» դռնով, որ չհասցրինք: Գրիգորիչը իր նման իմաստուն ժպտաց ու փափուկ հեռացավ:
Քիչ հետո ԱԺ միջանցքը լցվեց լուրով, բա չեք ասի, որ էսպես` «կարմիր շորով մի խիզան…», մի խոսքով, Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ: Միջանցքում «ինտերվյու» տվողների պակաս չկար: Հայտնվեց անձամբ ինքը` ՀՅԴ ֆրակցիայի ղեկավար Աղվան Վարդանյանը: Առավոտյան վերջինս հասցրել էր մեզ հետ զրույցում ասել՝ «էդ որ մենք գրում ենք, թե մահափորձի գիշերը ՀՅԴ-ն չի այցելել Պարույր Հայրիկյանին` հիվանդանոց, հե՜չ էդպես չի»: Ավելին, իրենք հիվանդանոցում Աշոտյանի կողքին կանգնած լսում էին, թե ինչպես էր վերջինս մեզ «ինտերվյու» տալիս: Չեն ցանկացել «երևալ»:
Մի խոսքով, «ընկերների« ֆրակցիան այս անգամ որոշել էր ոչ մեկից հետ չմնալ, ու պարոն Վարդանյանին գործուղել էր միջանցք` Պարույր Հայրիկյանի որոշման առնչությամբ ասելու, որ ՀՅԴ-ին այդ որոշումից ո՛չ տաք է, ո՛չ սառը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ