Որքան էլ պարադոքսալ է, այս նախագահական ընտրություններում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ մտրակը մոռացել տանը, բացառապես բլիթի քաղաքականություն է իրականացնում: Առայժմ: Այլ կերպ բացատրել ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի համաժամանակյա այցը, այն էլ Հայոց բանակի ծննդյան օրը Հայաստան, հնարավոր չէ: Մանավանդ որ այցի ընթացքում նաև «ակադեմիաներ» բացվեցին, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարանների գործարկման, ասել է` հիմք դրվեց խորացող ռազմատնտեսական համագործակցության, ինչի հանձնարարականն անձամբ Վ. Պուտինն է տվել` առանձին համաձայնագիր կնքելու տեսքով:
Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի պարագայում, ի տարբերություն ԱՄՆ-ի, նոր խաղացողի կարիք չկա: Ճիշտ է, Արևմուտքի դեպքում ևս միակ «խաղացողը» Սերժ Սարգսյանն է, այնուհանդերձ, ԱՄՆ-ը փորձում է աճեցնել-«գոյացնել» ևս մի քանի լուրջ խաղացողների, ինչն ակնհայտորեն դեռևս չի ստացվում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս խաղը նրբագեղ է դառնում այնքան, որ փորձում է ամբողջովին և անվերապահ «վերցնել» Սերժ Սարգսյանին, ինչպես ասացինք, բլիթի քաղաքանության տոտալ կիրառմամբ, ինչը Ռուսաստանի դեպքում գրեթե չի պատահում: Զուգահեռաբար էլ խաղի մեջ է պահվում Արթուր Բաղդասարյանը` ՀԱՊԿ մեդալով պարգևատրումով: Ասել է` Ռուսաստան-Հայաստան «ներքին» հարցերը կարգավորվում են հայաստանյան Ազգային անվտանգության խորհրդի, նրա ղեկավարի միջոցով. «Յանս» ջազ-ակումբում ժամեր շարունակ նստած Սեյրան Օհանյանը, Արթուր Բաղդասարյանը ոչ միայն ունկնդրել են հայոց ջազմեններին, նրանց երգին ընկերակցել (ասում են` ՌԴ պաշտպանության նախարարը, Պուտինի աջ ձեռք, նրա իրավահաջորդ համարվող Շոյգուն շա՜տ լավ է երգում), այլև խոսել են բավականին նուրբ հարցերից: Ճիշտ է, Եվրասիական միության խնդիրը, ըստ լավատեղյակների, մասամբ շրջանցվել է այցի ընթացքում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանում ևս խնդրի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա` կապված ՈՒկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի (Շոյգուն Հայաստանից ուղիղ Ղազախստան էր մեկնելու) պահվածքի հետ, այնուհանդերձ, ԱՊՀ տարածքում, էլ առավել Հայաստանում, իր «օրհնված» ոտքն ահավոր պնդացնող Ռուսաստանը փորձում է անել ամեն ինչ, որ ո՛չ այս, և ո՛չ էլ սպասվող զարգացումներում, ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի (մի՛ մոռացեք Գաբալան և մի՛ շրջանցեք այն հանգամանքը, որ Ադրբեջանում կարծես սկսվող «արաբական գարնան» հետևում կարող է կանգնած լինել առաջին հերթին հենց Ռուսաստանը), իրենից չհեռացնի Հայաստանը:
Դա է պատճառը, որ առաջին պաշտոնական այցով Ս. Շոյգուն հատկապես Հայաստան է ժամանում: Ավելին, Ռուսաստանի ԿԸՀ նախագահն է որոշել անձամբ գալ Հայաստան` նախագահական ընտրությունների օրը, ինչը, անկասկած, աննախադեպ է: Չնայած, եթե անկեղծ, նրա կարիքն ամենևին չկա էլ, մենք առանց իրեն էլ գլուխ կհանենք, մանավանդ որ իրենք այս անգամ քաղաքացիական անձ Չուրովին և ոչ թե հայտնի գեներալ Երմոլովին են ուղարկում` մեր ընտրություններին «Մյասնիկյանի արձանի մոտից» հետևելու, այնուհանդերձ, Չուրովի «խաղաղապահ» ներկայությունը ևս մեկ հիշեցում է Հայաստանին. «Ծառդ պտուղ կտա, զի ընտրություններն էս անգամ խաղաղ ու անշառ են անցնելու, ու էդտեղ իմ լուման մեծ է, իմացիր»:
Այնուհանդերձ, ռուսական տոտալ բլիթային քաղաքականությունը նույնքան «տոտալ» բլիթ-հակադարձի է արժանանում Արևմուտքի կողմից: ՈՒ խիստ «նաղդ»: Հայաստանին երեսուներկու միլիոն դոլար հատկացնելու տեսքով: Բոլոր դեպքերում, ո՞ւմ հասկանալի չեն քաղաքական-ռազմական և նյութական աջակցության տարբերությունները:
Մնում է, որ Հայաստանն այդ տարբերությունից այնպիսի հավասարում ստանա, որը բացառապես և միայն Հայաստանի օգտին լինի. որպես քաղաքականության ոսկե կանոն, կարողանա այդ ամենը ծառայեցնել իր շահերին:
Առայժմ, ոնց որ, ստացվում է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ