ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ոստիկանությունում անելիքները շատ են

Ոստիկանությունում անելիքները շատ են
24.12.2012 | 15:26

Այն, որ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման խնդիրը վաղուց հասունացած էր, փաստ է, և այդ ուղղությամբ բարեփոխումներ սկսվեցին 2009-2010 թվականներից։ Նկատենք, որ բարեփոխումների առանցքում սկսեցին վերանորոգվել ոստիկանության անձնագրային բաժինները։ Այս նոր քաղաքականությունն իրականացվեց ճանապարհային ոստիկանությունում, և նման այլ ծրագրեր կյանքի կոչվեցին։ Իսկ մեկ տարի առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոր ռազմավարություն առաջադրեց ոստիկաններին ու ոստիկանության այն ժամանակ նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին` պահանջելով խնդրի անվերապահ ու լիարժեք իրականացում: Ի՞նչով է առանձնացել 2012-ն այս առումով։

«Ոստիկանությունը ծառայում է հասարակությանը` գործելով օրենքի շրջանակներում և իրացնելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Սակայն ցանկացած ծրագիր, բարեփոխման ցանկացած խոստում մեռելածին է, եթե իրագործողը չկա կամ, որ ավելի վատ է, ինքն էլ չի հավատում իր խոսքին ու գործին»,- մի առիթով ասել էր ոստիկանության պետ ,գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Փորձագետների գնահատմամբ տարին կարևորվեց ոչ միայն ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչությունների ստորաբաժանումների վերակառուցմամբ, արտաքին ծառայությունների բարեփոխմամբ, այլև կադրային նոր քաղաքականությամբ, ինչը միտված է որակական նոր մակարդակի բարձրացնելուն ոստիկանություն-քաղաքացի վստահությունը։ Համաձայնեք, որ վստահությունը դատարկ տեղը չես նվաճի։ Հաճախ ոստիկանության դերը դիտարկվում է միայն հանցագործության դեմ պայքարի առանցքում։ Սակայն հանցագործության կանխարգելումը, ՃՈ-ում, անձնագրային վարչություններում աշխատանքների բարելավումը ևս ոստիկանության ուղղակի պարտավորությունն են, և մարդն ավելի հաճախ այս ոլորտներում է շփվում ոստիկանության հետ և կարծիք կազմում։ «Իհարկե, փոփոխություններ կան. օրերով անձնագրեր ստանալու համար հերթ չենք կանգնում, տեղեկանքները տրվում են սահմանված ժամկետում։ Հետո հաճելի է, որ անձնագրային վարչությունները մաքուր են, վերանորոգված»,- նշում էին մեզ հետ զրույցում մեր համաքաղաքացիները։ Ինչ խոսք, նորոգված և տեխնիկապես հագեցած վայրում ոչ միայն սպասարկումն է հաճելի, այլև աշխատողի համար աշխատելը տանջանք չի դառնում։ Մնում է հուսալ, որ հերթը մի օր կհասնի Կենտրոն համայնքի անձնագրային և ոստիկանության վարչությանը։ Ինչ վերաբերում է ՃՈ-ին, ապա այս ոլորտում ևս վարորդները դրական տեղաշարժ են արձանագրում. «Համենայն դեպս կարևոր է, որ ոստիըանը թարգել է թփի տակ թաքնվելով փող աշխատել։ Հեշտացել է նաև մեքենաների գրանցման գործընթացը»։
Խոսել ոստիկանության աշխատանքից և չանդրադառնալ տեղամասային տեսուչների ինստիտուտի ներդրմանը, անչափահասների հանցագործության դեմ պայքարին և նոր ձևավորված մայրաքաղաքային «Հրեշտակներ» գումարտակին, կարծում ենք, ճիշտ չի լինի։ Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից տեղեկացրին, «2012-ին «Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատանքներ են տարվել: Բացի դրանից, այս ժամանակահատվածում ոստիկանության ամենատարբեր ծառայությունների ներկայացուցիչները տասնյակ հանդիպումներ են ունեցել հանրապետության դպրոցներում, դասախոսություններ կարդացել, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, մասնակցել զանազան միջոցառումների: Երեխաներն իրենց հերթին այցելել են ոստիկանության բաժիններ, ի մոտո ծանոթացել իրավապահների աշխատանքին, հնարավորություններին ու միջոցներին, կարգախմբերի հետ պարեկային շրջայցերի ելել: Ինչ վերաբերում է համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնմանն ու խորացմանը, ապա կարևորվում է ոստիկանական հենակետերի բացումը մայրաքաղաքի տարբեր համայնքներում: Այս կառույցը, որին նախապես ոստիկանության այլ ստորաբաժանումներին օժանդակողի դեր էր վերապահված, բովանդակային փոփոխություն է կրել, և այսօր ոչ միայն առավել ընդգրկուն, այլև որակապես այլ գործառույթ ունի: Համայնքային ոստիկանությունը հենց հանրային ոստիկանությունն է, ժողովրդի ոստիկանությունը: Հենակետերում ծառայություն են կատարում պատրաստված, երիտասարդ, նորովի մտածող ոստիկաններ։ Համայնքային ոստիկանությունը, «Հրեշտակների գումարտակի» պես, ապագայի ոստիկանության նմուշն է, և այն, որ ոստիկանության պետը անձամբ է մասնակցում հենակետերի բացմանը, զրուցում բնակիչների ու ծառայողների հետ, անհոգնել մանրամասնում համայնքային ոստիկանության խնդիրներն ու նշանակությունը, վկայում է, որ ստեղծումի այս ընթացքը նույնպես անշրջելի ու ավարտուն է լինելու»:
Ի դեպ, ոստիկանների գնահատմամբ, տարին կարևորվեց նաև ոստիկանության կրթահամալիրի բարենորոգմամբ։ Իսկ հասարակության տեսանկյունից, բարեփոխումներից բացի, 2012-ին սկսվեց 10-20 տարվա վաղեմության քրեական գործերի վերհանման գործընթացը։ Փորձագետների հավաստմամբ այս պահին ողջ ծավալով շարունակվում է հանցավորության դեմ պայքարի և հանցագործությունների կանխարգելման աշխատանքները: Գուցե և ոստիկանության ոլորտում դրական տեղաշարժեր կան, սակայն պետք է նկատենք, որ ոլորտում անելիքները դեռ շատ են, ինչը չեն ժխտում նաև ոստիկանությունում։ Եվ, անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին, նշում են. «Ոստիկանությունն ունի և ունենալու է նպատակային թիրախներ` պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում, հասարակական կարգի պահպանում, օրենքի գերակայության ամրապնդում, բայց ամենագլխավոր թիրախը, թերևս, նոր ոստիկանի ձևավորումն է: Ոստիկան, որի համար գործը նվիրում է, համազգեստը` պատիվ, ծառայությունթ` առաքելություն: Միայն այսպիսի ոստիկանի գոյությամբ կունենանք քաղաքացիական հասարակություն, ամուր պետականություն ու հզոր պետություն»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 12622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ