Արդեն երկրորդ տարին է Արարատյան հարթավայրում իր վնասակարությամբ լուրջ հետևանքներ է թողնում կարտոֆիլի և լոլիկի ցեց վնասատուն: Այն մեծ աղմուկ բարձրացրեց նաև գյուղացիական տնտեսություններում: Նույնիսկ եղավ մի շրջան, երբ ոլորտի տարբեր ներկայացուցիչների կողմից կարծիք հնչեցվեց, թե Արարատյան դաշտավայրի վնասված հողատարածքներում պետք է դադարեցնել մորմազգի բույսերի մշակությունը: Այս կապակցությամբ վերջերս գյուղատնտեսական նախարարությունում ընդլայնված քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցեցին փորձառու գյուղատնտեսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզային կնտրոնների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: Արդյունքում որոշում կայացվեց, շարունակել Արարատյան հարթավայրում մորմազգի մշակաբույսերի մշակումը, հատկապես վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի, տաքդեղի և այլնի, առանց որոնց պարզապես հնարավոր չէ պատկերացնել մեր ազգաբնակչության կյանքն ու կենցաղը:
Այսօր իր հրավիրած ասուլիսում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, խոսելով վերը նշված խնդիրների շուրջ, խորհուրդ տվեց հողագործներին կարտոֆիլի տնկանյութը Արարատյան հարթավայր տեղափոխել միայն ցանքի նախօրյակին և հաջորդ օրն իսկ անմիջապես կատարել ցանք, որովհետև, նրա խոսքով, եթե այդ տնկանյութը բերվի և պահպանվի այն համայնքներում, որտեղ վարակ կա (իսկ այդ ցեցի թիթեռը շատ լավ զարգանում է նաև պահեստարաններում), մինչև գարնանային տունկը կարտոֆիլի պալարները կարող են լրջորեն վնասվել, և այդ վարակը ավելի կշատանա:
Ըստ փոխնախարարի, շատ հաճախ, այս կամ այն ծրագիրն իրականացնելիս, բավարար արդյունք չստանալու դեպքում, հողօգտագործողները դժգոհում են, թե պատշաճ արդյունք չի տալիս տվյալ թունաքիմիկատը: «Պետք է նկատի ունենալ մի հանգամանք, որ նման վնասատուի դեմ առանձին վերցրած որևէ միջոցառում բարձր արդյունք չի կարող տալ: Վնասատուի դեմ անհրաժեշտ է կազմակերպել պայքարի համալիր միջոցառումներ` սկսած կանխարգելիչ ագրոտեխնիկական միջոցառումներից, քիմիական, կենսաբանական, մեխանիկական պայքարից, վերջացրած մորմազգի, մոլախոտային բուսականության դեմ միջոցառումներով»:
Կարտոֆիլի վնասատուն բավականին լուրջ զարգացում է ստանում նաև ջերմատան պայմաններում: Պարոն Պետրոսյանը խորհուրդ տվեց ջերմատներում կիրառել ֆերոմոնային թակարդներ, որոնք գրավում են արուներին և որոնցով հեշտ է «ֆիքսել» վնասատուի զարգացման պահը, որից հետո նոր կատարել քիմիական միջոցառում: Արդյունավետ միջոց է նաև էլեկտրական լարվածության հատուկ վահանակով լուսային թակարդը, որը նույնպես կիրառելի է ջերմատներում (այն մեխանիկորեն ոչնչացնում է վնասատուներին): Մեծ արդյունք է տալիս նաև գունավոր կպչուն ժապավենների օգտագործումը:
«Ամենակարևորը` որ մեր հողագործները հետևեն մասնագետների խորհուրդներին և լուրջ վերաբերվեն նրանց: Երբեք պետք չի մտահոգվել, թե կարող են կորուստներ ունենալ»,- ասաց գյուղփոխնախարարը` ընդգծելով, որ Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եթե կատարվի ճիշտ ժամանակին, այսինքն` մինչև կանաչ տարածքների չորանալը, ապա անկասկած կստանան մաքուր և առողջ բերք:
Ավելացնենք, որ կարտոֆիլի ցեցը ամբողջ աշխարհում տարածված վնասատու է: ՈՒնի հարավամերիկյան ծագում: Բնական պայմաններում կարող է տալ 4-13 սերունդ: Յուրաքանչյուր թիթեռ կարող է մինչև 200 ձու ձվադրել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ