Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ո՞Ւմ շուրջ է տեղի ունենալու կոնսենսուսը

Ո՞Ւմ շուրջ է տեղի  ունենալու կոնսենսուսը
11.12.2012 | 00:34

Նրանք, գոնե այս պահի դրությամբ, թուլացել ու հաճույք են ստանում: Ամենևին տպավորված չլինելով Սերժ Սարգսյանի ներքաղաքական-կադրային-մարդկային դինամիզմից իսպառ զուրկ քայլերից, պետք է այնուհանդերձ գրանցել` հերթական անգամ նա տպավորիչ գամբիտ իրականացրեց: Ապացուցելով, որ ինքը լավ շախմատ խաղացող Տեր-Պետրոսյանից, չխաղացող Ռոբերտ Քոչարյանից հմուտ հաշվող է, և եթե առաջին երկուսը դրսից աջակցություն չեն ստանում, նրանց մոտ գրեթե ոչինչ չի ստացվում, ապա ինքը, ինչպես եղել է «գորշ կարդինալ» եղած ժամանակներից առայսօր (երբ այլևս և ստիպված հրապարակային գործիչ է), լավագույնս է տիրապետում քաղաքական մանիպուլյացիոն սխեմաներին, հետ-առաջի մոդուլյացիային:

Ելնելով օրվա իրավիճակից, եթե Ծառուկյանը որոշում կայացնի (երեքշաբթի օրը նա հանդես է գալու հայտարարությամբ), որ չի մասնակցում ընտրություններին, նաև չի պաշտպանում գործող նախագահին, ինչպես շաբաթ օրն ասել է նախագահականում, ապա այդ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել գրեթե քաղաքական էպոգեայում: Եվ դա այն ժամանակ, երբ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Ծառուկյանի հետևում կանգնած իրական մենեջերները կհայտնվեն ոչ միայն ցուգցվանգի (երեկ նրանց հետ խոսել չէր լինում. նրանք վատ էին` «մի ուրիշ ձև»), գոյատևման ու լինելության խնդրի, այլև «մի ուրիշ» անլուծելի իրավիճակի առաջ:
Ի՞նչ ելքեր կգտնեն նրանք պատային այդ վիճակից. քաղաքական տեխնոլոգիաներին միշտ կարելի է ապավինել, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանն այսօր գտնվում է ահագին հետաքրքիր վիճակում, երբ կարող է շախմատային տախտակը դնել թևի տակ ու տուն գնալ` ժամանակ ունեցած «վախտ» ֆիգուրներն ըստ հայեցողության շարժելու, իրեն «տակից» օգնող Ծառուկյանին «օգնելու», որ վերջինս իր ռեսուրսը «տակից» մի քիչ կիսի, բաժին հանի նաև ընդդիմադիր մյուս թեկնածուներին:
Հասկանալի է` Սերժ Սարգսյանն այս պահին կանգնած է նաև «ում» հաղթելու անչափ լուրջ դիլեմայի առաջ, որպեսզի կարողանա առավելագույն լեգիտիմություն ապահովել իր համար: Ընդորում, սա կարող է և նրա համար աքիլլեսյան գարշապարի վերածվել, եթե «ոսկեղենիկ» մոտեցում հանդես չբերի, որովհետև սա խոսում է քաղաքական համակարգի և երկրում դիմակայության փոշիացման մասին:
Ընդ որում, այս հարցում նա պետք է կարողանա իր մոտեցումները նաև «համահունչ դարձնել» աշխարհաքաղաքական կենտրոնների, գլխավոր խաղացողների հետ, որպեսզի վերջիններս նաև «սրա վրա» իրեն չմահակեն:
Այս առումով խաղը բաց է, հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները: Թե՛ իր, թե՛, առավել ևս, քաղական ուժերի գլխավոր խաղացողների դեպքում:
Կարողանալո՞ւ են առաջին-երկրորդ նախագահները շատ արագ վերադասավորվել այն դեպքում, եթե Ծառուկյանը չառաջադրվի: Կզորե՞ն այլ անձի շուրջ կոնսենսուսի գնալ, ինչը միակ փրկությունը կարող է լինել նրանց համար: Եթե այո, ապա ո՞ւմ շուրջ է տեղի ունենալու այդ կոնսենսուսը: Երբ նաև ամեն րոպե այդ խաղում Սերժ Սարգսյանը կարող է «սոլո» մտնել ու նոր «պա-դե-դե» պարտադրել:
Զի չկա այն մարդը, ով քչից-շատից կկարողանա «համախմբել» շահերը, գոնե «հարամելու» սցենարը չտապալելու համար: Բագրատյանը չի գնա դրան: Բացի այդ էլ` Տեր-Պետրոսյանը երբեք չի ցանկանա, որ Բագրատյանը նախագահի թեկնածու լինի. նրանք արտաքուստ են միմյանց հետ լավ, ներքուստ երկուսն էլ իրար չեն ընդունում, չեն սիրում: Ի դեպ, Բագրատյանն ավելի շատ պատճառներ ունի Լևոնով հիացած չլինելու, քան Լևոնը, մանավանդ, եթե հիշենք հին օրերի Վազգենի և Վանոյի խնդիրները, որոնց «ճկույթին» արժանի մարդ Լևոնը չէր գտնում. իսկ նման բաները հեշտ չեմ մոռացվում: Էլ չենք ասում, որ Լյովիկ Զուրաբյանն օրերս գաղտնալսված ձևով ոնց է բողոքել Օսկանյանին` նույն Բագրատյանից:
Էն գլխից էլ չենք խոսում Օսկանյանի մասին, որպես «կոնսենսուս», որովհետև նույնպես չաշխատող տարբերակ է։ Ինչո՞ւ` հազար անգամ ենք ասել: Չենք խոսելու Լևոն Զուրաբյանի թեկնածության մասին` նույն պատճառով: Էլ ավելի անիմաստ ենք համարում ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի` օրերս շրջանառության մեջ դրված տարբերակը ևս:
Տեր-Պետրոսյանի առաջադրումը նույնպես բացառում ենք, չնայած առկա վիճակում միակ քչից-շատից աշխատող տարբերակը դա կարող է լինել: Բոլորից ու ամեն ինչից հոգնած Տեր-Պետրոսյանը կթրջվի՞ երրորդ անգամ նույն գետն անցնելով: Նրան լավ ճանաչողներն ասում են` միայն մեկ դեպքում, էն էլ չենք կարող բարձրաձայնել:
Ինչ է մնում անել ՀԱԿ-ին այդ դեպքում: Այն, ինչ անում է ՀՅԴ-ն արդեն ահագին ժամանակ` պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ: Չնայած ՀԱԿ-ն էլ մարտի մեկի խորհրդարանական հայտնի հանձնաժողովի և Ջհանգիրյանի պահվածքի հետ կապված արդեն սկսել է խաղալ իշխանությունների հետ:
Ծառուկյանի այսօրվա հայտարարությունից (՞) հետո նրանց կմնա ասել. «Լա՜վ, էլի, մա՛մ, մի քիչ էլ խաղամ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ