«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ընդդիմությանը կհաջողվի՞ կերտել միասնական թեկնածու

Ընդդիմությանը կհաջողվի՞  կերտել միասնական թեկնածու
26.10.2012 | 13:07

Միանգամից ասենք` ոչ: Ճիշտ է, այսօր որոշ ուժեր բանակցություններ են վարում` հասկանալու, եթե Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, ինչի հնարավորությունը նախորդ օրը պառլամենտում չժխտեց նաև Տիգրան Սարգսյանը` նոր կամ հին հուշագրի ձևաչափով, ապա Վարդան Օսկանյանին հնարավո՞ր է կտրել ԲՀԿ-ից` իր «թևով», «ճեղքում» ապահովել ու դարձնել միասնական թեկնածու, որի շուրջը կհավաքվեն «Սերժ Սարգսյան` մինուս» ուժերը, որպեսզի գոնե այդպես դուրս չմնան խաղից, չհայտնվեն լուսանցքում` էլ ավելի մարգինանալով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Վարդան Օսկանյանը պատրաստ չէ նման քայլի: Անչափ տրիվիալ պատճառով. գլխին կախված «գիլիոտինի», որն ամեն րոպե կարող է «գործել»` կալանավորման տեսքով: Եվ առանց լուրջ երաշխիքների, ընդ որում, տրված ոչ թե քաղաքական ասպարեզում կենդանի մնալու, չմեռնելու իդեա-ֆիքսով տառապող ուժերից, այլ գերտերություններից, գոնե այս պահին, ինչպես երևում է Օսկանյանի ռիտորիկայի վերջին մեղմացումից, չկան, իսկ առանց դրանց Օսկանյանն էլ ավելի մեծ խաղի մեջ չի մտնի:
Ավելին, լավատեղյակները պնդում են, որ եթե այնպես ստացվի, որ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, ապա Օսկանյանը չի գնա կոշտ քայլերի անգամ ԲՀԿ-ի նկատմամբ և դուրս չի գա կուսակցությունից… որովհետև կարելի է և պայմանավորվել ոչ միայն «սարքված» քրգործի, այլև ապագայում փոխվարչապետի ստեղծվող ինստիտուտում «ոտնատեղ» ապահովելու գործում. սպասվող սահմանադրական փոփոխություններով մի քանի փոխվարչապետի ստատուս է սահմանվելու, այնպես որ…
Սա դիտարկենք որպես պլան «բ» (պլան «ա»-ն միասնական թեկնածուն է, որի դեպքում ամեն ինչ պարզ է) և փորձենք հասկանալ, թե ինչ է անելու ընդհանուր ընդդիմությունն այս ժամանակ:
Միասնական թեկնածու չլինելու պարագայում վերջինս ունի երկու ուղի` բոյկոտել ընտրությունները կամ գնալ սեփական թեկնածուով:
Ասենք անկեղծ. իշխանությունն անչափ դաժան վարվեց նրանց հետ` բոլորին վերջնականորեն մղելով լուսանցք` հերթով պայթեցնելով այդ ուժերի ներքին պարիսպները: Այսօր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի վիճակներն առանձնապես շատ չեն տարբերվում «Ժառանգությունում» տիրող վիճակից: Ընդ որում, ներքին դետոնատորների պայթյունները, բացի քաղաքական էֆեկտից, հոգևոր հզոր էֆեկտ են պարունակում իրենց խորքում` «չկա բան, որ չգա լույսի մեջ» չափաբանության հանգույն: Բանն այն է, որ ամենասկզբում շատ քչերը գլխի ընկան, թե վերջնահաշվում ում ջաղացին էր «էնիք» ածում 2007-ին «Մարիոթում» իր քաղաքական ասպարեզ վերադառնալու լուրով բոլորիս հիացրած «հիմնադիր» նախագահը: Իսկ նրանք, ովքեր գլխի էին ընկնում, ՀԱԿ-ում անվանվում էին «դավաճաններ» և խմբակային «լինչի» ենթարկվում (նրանց թվում և` խոնարհ ծառաս):
Ահա և այս օրերին պարզվեց, որ, ի վերջո, ՀԱԿ-ն այնքան փող ունի, որ կարող է արդեն գնել «ռենտգեն ապարատ» (հիշենք, որ ժամանակին Լևոն Զուրաբյանն ասել էր, որ իրենք չունեն ռենտգեն ապարատ, որ նայեն ու ԲՀԿ-ի ականջների հետևում տեսնեն Քոչարյանին) և տեսնել, թե ով է կանգնած ԲՀԿ-ի և նաև… իրենց հետևում, բացապարզելով նաև մի շատ մե՜ծ ճշմարտություն, որ ասել էր Տեր-Պետրոսյանը շատ ժամանակներ առաջ. այն է` ինքը կառաջադրվի 2013-ին միայն այն դեպքում, եթե առաջադրվի Քոչարյանը, ու ինչպես 2008-ին, ձևով նրա դեմ կրակոտ պայքարով, բովանդակությամբ` «տակից» օգնելով` ռեաբիլիտացիայի կենթարկեր մեռնող ՀԱԿ-ը. մեկ էական տարբերությամբ` այն ժամանակ վարչապետ դառնալու համար, 2013-ին` նախագահ:
Չստացվեց: Համենայն դեպս, այս պահի զարգացումներն այդ փաստագրումն են կատարում: Եվ սա է Զուրաբյան Լևոնի և ՀԱԿ-ում նրա թևի խուճապի միակ և հիմնական պատճառը:
Ասել է` ընդհանուր ընդդիմադիր դաշտում ոչ «ա» և ոչ էլ «բ» սցենարները չեն գործելու. Ժառանգականներին իշխանությունն էնտեղ է պայթեցնում, ՀՅԴ-ն շատ զգույշ է խաղում, շատ լավ հասկանալով, որ տեղ չունի պայթելու։ ՀԱԿ-ն էլ` հրեն, տեսնում եք, ուստի միասնական թեկնածուի մասին խոսք լինել չի կարող:
Մնում է պլան «գ»-ն. եղունգ ունես, գլուխդ քորիր, եթե այդ պայթյուններից հետո գլուխդ տեղում է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ