38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես մարզիչ եմ, դրա համար էլ դա իմ մեղքն է»

«Ես մարզիչ եմ, դրա համար էլ դա իմ մեղքն է»
17.09.2012 | 23:57

«Սևիլիայից» կրած պարտությունը Մադրիդի «Ռեալի» համար Իսպանիայի առաջնությունում եղավ թվով երկրորդը մեկնարկային չորս հանդիպումից: Ավելի վատ սկիզբ սկզբունքորեն դժվար էլ էր ակնկալել մի թիմից, որը լավ առումով ամբիցիոզ է ու արդարացված ամբիցիոզ է, որովհետև եթե պար ես բռնել, պիտի շորորաս, այլապես ի՞նչ տրամաբանություն ունի արածդ: ՈՒ քանի որ սպասված այդ շորորը վերածվել էր պարապ տեղը քամակ խաղացնելու, մարդու համբերության բաժակը լցվեց ու ստիպված եղավ հայտարարելու (աստառում նկատի ունենալով զգաստության հրավիրելը), որ ներկա պահին ինքը թիմ չունի:
Հարկավ հասկացաք, որ խոսքը Մոուրինյոյին է վերաբերում: Սակայն եկեք այս այնքան էլ չպահանջված մանրամասնը թողնենք մի կողմ ու հարցնենք` խի՞ստ է ասված:
Քանի որ «գուցե»-ն շատ սիրուն բառ է ու առանձնակի պատասխանատվություն ոչ պարտադրող, ոչ էլ պարտավորեցնող, բավարարվենք բառի սոսկական արտաբերումով ու վերը տրված հարցն առկախենք` ուրիշի գործերի մեջ քիթը չխոթելու ողջամտության հրամայականով, սակայն ավելացնելով, որ, ինչպես միշտ, մարդն իր ոճի մեջ է, և ականջալուր լինենք մեկին, ով իր մասին գոնե մինչև այժմ մտածում է ¥մտածում էր¤ որպես բացառիկի, անսխալականի. «Մեր հիմնախնդիրը հոգեբանության մեջ է: Մենք կոլեկտիվ ոգի չունենք: Թիմից միայն երկու, թե երեք հոգի է վճռականապես տրամադրված ու կենտրոնացած նրանում, որ ֆուտբոլը իրենց կյանքում կենտրոնական դերում է»:
Ինչպես ասում են, սա էլ հասկացանք` աչքաթող անելով գոնե մեր մարզական բոսերի, մարզիչների մտածողության համար (չնչին բացառություններով) անդյուրամարս թե՛ «հոգեբանություն», թե՛ «կոլեկտիվ ոգի» ասվածները:
Հետո՞` կհարցնեք:
Է, մինչև վերջ չլսե՞նք մարդուն, որ տեսնենք` ի՞նչ կա ատամի տակ, այս անգամ ո՞ւմ է թիրախ ընտրում ունեցած ձախողումների մեջ և ի՞նչ է «երգում».
«Սակայն ես մարզիչ եմ, դրա համար էլ դա իմ մեղքն է»:
Սա լսելուց հետո առնվազն սրիկա պիտի լինել վերն ասված «երգել» բառը մեկ այլ բառով չփոխարինելու համար, որովհետև չակերտների մեջ, ինչպես հասկանում եք, այն իմաստային այլ երանգ ու հնչեղություն է ձեռք բերում:
Հասկանում ե՞ք` ինչ է ասում Մոուրինյոն, ում կերպարային կարծրատիպը, համենայն դեպս, մինչ այժմ բացասական վեկտոր ունեցող ընկալումների պարարտ հիմք էր տալիս ¥գոնե ես չեմ հիշում մի դեպք, որ անհաջողության մեջ նա իր ունեցած մեղքը տեսած լիներ¤, որքան էլ անհնար է չընդունել նրա խոշորագույն մասնագետ լինելը:
Մոուրինյոն ասում է` ես մարզիչ եմ, դրա համար էլ դա իմ մեղքն է:
Այ, այստեղ նոր հասանք տեղ:
Սա ասում եմ նրանց համար, ովքեր նյութի սկզբից գլխի չէին ընկել, որ մենք տեղ հասնելու խնդիր չունեինք, քանի որ սկզբից ևեթ էլ տեղում էինք, իսկ, որ ավելի ճիշտ լինեմ, սկսած ՀՖՖ-ի պաշտոնական կայքին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տված բացառիկ հարցազրույցից:
Ինչ տեսանք այդ հարցազրույցո՞ւմ:
Տեսանք տեսական լավ յուրացված դատողություններ` առհասարակ, որոնք հաջողությամբ գործածելի են անգամ ածխահատությունից խոսելու, Բարաք Օբամայի` արևելից կողմերի քաղաքականությունը քննադատելու, ընդհանրական, ոչինչ չպարտադրող բաներից խոսելու համար, տեսանք պարտությանը նպաստած մասնավորեցումներ` կոնկրետացված, դետալային, սակայն, հասկանալի է, մեղքը դիմացինի, բացառապես դիմացինի ու կից հանգամանքների, պարագաների վրա բեռնումով, սակայն չտեսանք սեփական անձի սխալականության գոնե ակնարկ:
Չէ: Իսկապես վատ օրինակը վարակիչ է:
Ժամանակին հայկական ֆուտբոլն ուներ մեծ ֆուտբոլիստ լինելու կողքին նաև մեծ մարզիչ դառնալու հեռանկարներով անձ, ով այդպես էլ չկարողացավ ինքնադրսևորվել:
Իսկ գուցե սեփական սխալները գիտակցելու համար իսկապե՞ս պիտի լինել Գվարդիոլա, Ֆերգյուսոն կամ Մոուրինյո:
Ասել է թե` շարքային մեծություն:
«Շարքային»:
Հասկացա՞ք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ