Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Մեր պատանեկանի նոր փորձությունը

Մեր պատանեկանի նոր փորձությունը
17.09.2012 | 23:40

Ոչ լրիվ մեկ ամիս է անցել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունից, որտեղ Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ունեցավ գերազանց մրցելույթ` վերադառնալով երկուական մեծ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով: Եվ ահա` նոր փորձություն: Մեր տասնյոթ տարեկաններն օրերս մեկնել են Սլովակիա, որտեղ մեկնարկել է աշխարհի երրորդ առաջնությունը:


Եվրոպականի համեմատ Հայաստանի պատանեկանը կրել է շոշափելի փոփոխություն: Մարզչական շտաբի որոշմամբ` աշխարհի առաջնությունը բաց են թողնում 62 կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոն Ժորժ Եղիկյանը, փոխչեմպիոն Գևորգ Սարիբեկյանը (56 կգ), երրորդ մրցանակակիր, գերծանրքաշային Միշա Վարդանյանը, ինչպես նաև Ռուբիկ Կարապետյանը (85-ում ցույց էր տվել չորրորդ արդյունքը): Ասել է թե` յոթից չորսը: Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի երկու ռեկորդների հեղինակ Անդրանիկ Կարապետյանին (77 կգ), փոխչեմպիոն Վարդան Միլիտոսյանին (69 կգ), բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին (94 կգ) Կոշիցեում կընկերակցեն 56 կգ քաշային Արամ Համբարձումյանը, Դավիթ Թաթոյանը (77 կգ) և Նարեկ Հովհաննիսյանը (94 կգ): Կազմի նկատելի թարմացումը ոչ միայն տակտիկական խնդիրների լուծում է նշանակում, այլև ուղղակի վկայությունն է այն փաստի, որ հավաքականում առկա է լուրջ մրցակցություն, և անհրաժեշտության դեպքում ի զորու ենք հավասարազոր կամ գրեթե հավասարազոր փոփոխություններ կատարելու: Սա խոսում է պինդ թիկունք ունենալու մասին, ինչը ձեռքբերում պիտի համարել:
Արդ, դառնանք նրան, թե, աշխարհամասի առաջնության համեմատությամբ, ինչպիսին են մեր հնարավորությունները, ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մեր մարզիկներից:
Սկսենք հավաքականի անվիճելի առաջատարից` Անդրանիկ Կարապետյանից: Դատելով նախնական պատվերներից` հայթաղցի մեր հրաշքը պիտի որ մրցակից չունենա նաև աշխարհի առաջնությունում` պայմանով, որ հասցրել է վերականգնվել ու շարունակում է մնալ մարզական գերազանց վիճակում: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում նա ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք (330=154+176) ու ամբողջ քսանութ կիլոգրամով շրջանցեց երկրորդ տեղը գրաված ռուս Արտյոմ Լեֆլերին: Աշխարհի առաջնությունում Անդրանիկի համար երկամարտում պատվիրված է 310 կիլոգրամ, ինչը մյուսների նկատմամբ մեր ծանրորդի գերազանցության ուղղակի վկայությունն է: Մնում է հաջողությամբ բարձրացնել պատվիրածը, և հաղթանակն ապահովված է:
Փոխարենը քաշային այս կարգում պիտի կատարյալ ճակատամարտ տա մեկ այլ խոստումնալից ծանրորդ` գյումրեցի Դավիթ Թաթոյանը, ում անվան դիմաց, ինչպես չորս այլ մարզիկների, գրանցված է 300 կգ արդյունք:
Ի՞նչ կարող ենք ասել մեր այս ծանրորդի մասին:
Դավիթը երկրի ընթացիկ տարվա երիտասարդական առաջնության ¥20 տարեկաններ¤ բրոնզե մեդալակիր է` երկամարտի 290 կգ ցուցանիշով: Հավատալ, թե հավաքականի գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Էդիկ Կիզողյանն այս ընթացքում մարզիկի ունեցած ընդամենը տասը կիլոգրամ աճի համար է հրավիրել նրան հավաքական, պարզապես միամտություն կլինի: Սակայն եկեք զարգացումներից առաջ չընկնենք, որովհետև բարձրակարգ մրցումներն ունեն իրենց տրամաբանությունը, որտեղ էական են բազմաթիվ գործոններ` սկսած ֆիզիկականից, ֆունկցիոնալ պատրաստվածությունից մինչև հոգեբանական: Հավատանք, որ ամեն ինչ պահանջված մակարդակի վրա է, ու Դավթին, իր անվանի թիմակցի հետ, մաղթենք հաջողություն ու մեդալային վերադարձ:
69 կգ քաշային կարգում գյումրեցի Վարդան Միլիտոսյանի պես նախնական 300 կիլոգրամ է հայտավորել նաև իրանցի Կարար Մոհամեդկադհումը: Այստեղ ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել նաև ռուս Հեթաջ Խուգաևի վտանգավոր հարևանությունը (290 կգ), որն անխուսափելիորեն խառնվելու է ավելի ազնիվ հարգի մեդալների համար նախորդ երկու ծանրորդների մղելիք պայքարին: Սակայն դառնանք մեր մարզիկին: Եթե հիշում եք, աշխարհամասի առաջնությունում Վարդանը ոսկին մեկ կիլոգրամի տարբերությամբ զիջեց (293=133+160) բելառուս Արտյոմ Շահաուին: Այն ժամանակ նրա համար ճակատագրական դարձան մոտեցումների ոչ արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այն հանգամանքը ¥մարզչի հավաստմամբ¤, որ մարզիկը վնասվածք է ունեցել: Հուսանք, որ ամեն ինչ անցյալում է, և գյումրեցի անվիճելիորեն տաղանդավոր մարզիկն այս անգամ հաջողությունը ձեռքից բաց չի թողնի ու բարձր նոտայով հրաժեշտ կտա պատանեկան մրցահարթակին` բոլորիս ուրախացնելով այնքան սպասված ոսկու փայլով:
94-ում Հայաստանն էջմիածինցի Սիմոն Մարտիրոսյանի հետ կներկայացնի քասախցի Նարեկ Հովհաննիսյանը: Հանրապետության ընթացիկ տարվա երիտասարդականում նա ցույց է տվել 293 (133+160) կգ արդյունք, ինչն առանձնապես «ծանր» արդյունք չէ: Սակայն սա եղել է գարնանը, մինչդեռ հիմա աշուն է, և պնդանալու համար բավականին երկար ժամանակ է մնացել հետևում:
Ինչի ակնկալիք կարող ենք ունենալ այստե՞ղ:
Դատելով մրցակիցների պատվիրած քաշերից` մեր մարզիկների համար մեդալի համար պայքարը չափազանց ծանր է լինելու: Սակայն, ի մասնավորի, տասնհինգամյա Սիմոն Մարտիրոսյանի համար ծանր էր լինելու նաև Եվրոպայի առաջնությունում, ուր մեկնել էր հանրապետության երիտասարդականում ունենալով 300 կգ արդյունք, մինչդեռ աշխարհամասի բրոնզի տեր դարձավ երկամարտի 321-ով: Այնպես որ, որքան էլ նախնական պատվերներն ուղղորդիչ են, մրցահարթակն է որոշում ուժերի վերջնական դասավորությունը: Ավելացնենք, որ մեր երկու մարզիկների համար էլ պատվիրվել է նախնական 315 կիլոգրամ ծանրություն:
Մեր հավաքականի վերջին ներկայացուցիչն Արամ Համբարձումյանն է, ով, ի դեպ, տղաներից առաջինն է սկսում մրցելույթը: Սևանցի այս մարզիկը ներկայացնելու է 56 կիլոգրամ քաշային կարգը: Արդեն այսօր երեկոյան կիմանանք, թե ինչպես է նա իրեն դրսևորել իր կյանքի առաջին խոշոր միջազգայինում:
Եթե հիշում եք, Եվրոպայի առաջնությունում այս քաշային կարգը ներկայացնում էր գյումրեցի Գևորգ Սարիբեկյանը, ու մերոնցից առաջինը նա սկսեց մրցելույթը: Եթե անկեղծ լինենք, այն ժամանակ նրանից մեդալի սպասումներ չունեինք, մինչդեռ մարզիկը, ոչ ավել-ոչ պակաս, վերցրեց ու աշխարհամասի փոխչեմպիոն դարձավ: Եթե մնանք այս տրամաբանության շրջանակներում, սույնն ինչո՞վ վարակիչ չի կարող լինել հանրապետության ընթացիկ տարվա երիտասարդականի չեմպիոնի համար, ի՞նչն է խանգարում: Ճիշտ է, այստեղ, դատելով նույն նախնականից, մրցակցությունից դուրս է չին Հաո Ժանգը, ու, երևի թե Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի Միրկո Սկարանտինոն, սակայն երրորդ տեղի համար կարելի է պայքարել, մանավանդ որ մեր տղան աշխարհի առաջնություն է մեկնել Հայաստանի առաջնությունում ցույց տված արդյունքը (213=93+160) հաստատ գերազանցելու նպատակադրմամբ:
Ամփոփենք:
Աշխարհի առաջնություն մեր հավաքականը գնացել է բավականին «ամբիցիոզ» նպատակով` դրա համար ունենալով ավելի քան բավարար հիմք, և պիտի որ սպասումներն արդարացվեն: Հուսանք, որ ամեն ինչ այդպես էլ կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ