38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լրջանալու պահը. առհասարակ լրջանալու

Լրջանալու պահը. առհասարակ լրջանալու
13.09.2012 | 18:56

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում ֆուտբոլի մեր ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն էլ ունեցավ: Չասեմ ում հետ, որովհետև ընթերցողը հրաշալի գիտի` Բուլղարիայի ընտրանու: Խաղն էլ տեսել է, հանդիպման բացասական արդյունքի մասին` իրազեկված (իրազեկվա՞՜ծ… կաշվի՛ վրա զգացած, ինչպես սիրում էր արտահայտվել բարեկամներիցս մեկը, երբ ուզում էր շոշափելի ընդգծած լինել որևէ բան):

Անուղղելի լավատեսները վկայում են, որ երկու հանդիպման արդյունքով ամբողջ երեք միավոր ունենք վաստակած:
Վատատեսները միանգամայն արդարացիորեն դժգոհում են` ընդամենը երեք միավոր է ունեցածներս:
Երկու կողմի պնդումների մեջ էլ ճշմարտության հատիկը մեր ունեցած երեք միավորն է, իսկ սա համարյա գիտաբժշկական փաստ է, ինչպես կասեր հայտնի վեպի հայտնի հերոսը: Սակայն եկեք Օստապ Իբրահիմովիչին թողնենք մի կողմ, քանզի նրանից այս պահին այնքան օգուտ կա, որքան Բուրունդիում ծաղկած նշենիներից:
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք Մալթայի հետ հանդիպմանը` փորձելով հնարավորինս զուսպ լինել քննադատության մեջ` ենթադրելով, որ նյութի առանձնապես կրքեր չբորբոքող «Պահից ավելի կարևորենք ընթացքը» վերնագիրը զգաստության հրավեր կլինի մեր հավաքականի պատասխանատուների համար: Անկեղծ ասած, ես այս պահին էլ համոզված չեմ` կարդացե՞լ են արդյոք նրանք նյութը, թե՞ «անձնական օգտագործման» լրագրողների հրապարակումներից այն կողմ նրանց համար այլևս աշխարհ գոյություն չունի, բայց որ, ինչպես ցույց տվեց Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպումը, պահից ավելի նրանք կարևորում են… պահը, սա կարծես թե աքսիոմատիկ ճշմարտություն դառնալու վտանգավոր հավակնություններ է ձեռք բերում:
Ավելի կոնկրետացված արտահայտվեմ` թիրախ ունենալով ո՛չ մեր ընթերցողին: Դրա համար էլ չեմ ասում` կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր:
Ի՞նչ տեսանք մեր հավաքականի երկրորդ խաղում:
Բարձրակարգ կամ բարձրակարգին մոտեցող խաղացողնե՞ր` այո:
Տրամաբանված գործողություննե՞ր` ոչ:
Ստանդարտ դիրքերից իրացումնե՞ր` այո:
Այդ դիրքերից արդյունավետ իրացումնե՞ր` ոչ:
Դաշտում իրար գտնելու, միմյանց նպատակային, հասցեագրված փոխանցումներ անելու ջանքե՞ր` այո:
Գործադրված ջանքերի արդյունավետությո՞ւն` ոչ:
Շարունակե՞մ:
Սակայն ո՞ւմ պարզ չեն հետևելիք թվարկումները, երբ խաղը շոշափելիորեն բոլորիս մտապատկերում է, և հիշողության ժապավենը հետ տալուց հետո միակ օգուտը քայքայված նյարդերի ավելորդ քայքայումն է լինելու:
Մալթայի հավաքականի հետ հանդիպումից հետո Վարդան Մինասյանը հավաքականի կատարմամբ խոստացել էր որակապես այլ բնույթի խաղ, որը, բնականաբար, ենթադրում էր (ենթադրում է) տակտիկական նորույթների կիրառում, նոր մարտավարություն:
Չխորանանք:
Մարդն արել էր հետևություն, տեսել դրանց անհրաժեշտությունը:
Այո, թիմի մարզիչը տեսել էր դրանց անհրաժեշտությունը: Սակայն չեմ կարող դիմանալ գայթակղությանն ու հարցնել` բարեկամներս, իսկ դուք տեսա՞ք այդ ամենը:
Դուք, ընդհանրապես, այդտեղ խաղ տեսա՞ք:
Ես մի կողմ եմ դնում ոմանց ջանադրաբար անարդյունք վազելը:
Ես վազելուց չեմ հարցնում:
Ես հարցնում եմ խաղից:
Վարդան Մինասյանն ասում է` ընդհանուր թիմը վատ խաղաց:
Ճի՛շտ է ասում:
Սակայն ո՞վ է մեղավոր, որ ընդհանուր թիմը վատ խաղաց:
Ե՞ս:
Եթե ես, պատրաստ եմ ու անվերապահորեն ընդունում եմ իմ մեղավորությունը: Սակայն դրանից բա՞ն է փոխվում:
Ինձ, եթե խոսքի զգացմունքային կողմը դնենք մի կողմ, ուրիշ բան է հուզում:
Ընթացքին տեր լինելը:
Խաղ է, աշխարհ չի ավերվում, որ պարտվել ենք (առհասարակ, մենք բնույթով դիմացինին բարի կամեցող ազգ ենք, թող բուլղարացիներն իրենց լավ զգան այդ երեք միավորի համար):
Ես վախենում եմ թիմն անօգուտ պաշտպանության տակ վերցնողներից:
Վտանգավորն, այ, այստեղ է: Սրանից պիտի վախենալ:
Ասում են` բուլղարացիները մեզ սադրեցին:
Է, եղա՞վ:
Հարց` բա ինչո՞ւ մեր շախմատիստները «չսադրվեցին»:
Հը՞:
Մեզ սադրեցի՜ն… Բա որ վաղը-մյուս օրը բուլղարական թրծվածքի սույն զենքով զինված մեզ գան ու սադրեն նաև մնացածները՞ (գիտեմ, որ հայերենում հարցականը «ը» տառի վրա չի դրվում, բայց թե, խնդրում եմ, սիրելի ընթերցող, ներեք անգրագիտությունս):
Հիշեցնե՞մ հնարավոր սադրողներին, թե՞ այսքանով յոլա գնանք:
Հիմա ի՞նչ. դառնամ ու ռուսական հայտնի ասացվա՞ծքը հիշեցնեմ վատ պարողին խանգարող էն անտեր բաների մասին:
Սակայն ողջ ցավն այն է, որ, ախր, վատ «պարողներ» չունենք: Եթե ուզում եք իմանալ, շատ էլ լավ «պարողներ» ունենք: Պարզապես…
Եկեք այսպես պայմանավորվենք` ասենք, որ խմբային մեր երկրորդ խաղը կայացավ մեզ համար շատ վատ օր, դա գիշերային վատ երազ էր, ու այս պայմանավորվածություն-խոստովանությունից հետո մեր թիմի ողջ երկրպագուներով եղածը պատմենք հոսող ջրին, ծայրահեղ դեպքում` մածնի շշին ու թեման փակենք` Վարդան Մինասյանին ասելով, որ մենք հավատում ենք (դեռ հավատում ենք) իր մարզչական ունակություններին, թիմը համախմբված առաջ տանելու կարողությանը և հուսանք, որ ամեն ինչ կշտկվի ու, եթե իտալացիներին պարտվենք, դրանից համազգային ողբերգություն չենք սարքի (շատ էլ լավ գիտակցում ենք` Մարկոսն ու Ղազարյանը կարմիր քարտ ստացած չլինեին էլ, մեկ է, իտալական փորձությունը սարսափելի ծանր է լինելու)։ Եթե, իհարկե, հավաքականն իրեն դրսևորի որպես հավաքականություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ