Շախմատի համաշխարհային օլիմպիադան փայլուն ավարտ ունեցավ Հայաստանի տղամարդկանց ընտրանու համար: Վերջին տուրում հաջողությամբ հաղթահարելով հունգարական արգելքը` մեր տղաները, որ աշխարհի գործող չեմպիոններն են, իրենց բազմաթիվ նվաճումներին ավելացրին նաև օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Ի դեպ, սա մեր օլիմպիական երրորդ բարձրագույն նվաճումն է:
Փոքր-ինչ հետ գնալով ասենք, որ վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում ստեղծվել էր բավականին հետաքրքիր իրավիճակ. տասնյոթական միավորով Չինաստանի, Հայաստանի, Ռուսաստանի հավաքականներն ընթանում էին առջևից, ու, ավարտական տուրում մրցակիցների նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում, հենց այս երեքն էին լինելու օլիմպիական մեդալների տիրակալները: Սակայն դրության ողջ ինտրիգն այն էր, որ եթե Հայաստանին ու Ռուսաստանին, ի դեմս Հունգարիայի ու Գերմանիայի հավաքականների, բաժին էին հասել անհամեմատ հեշտ մրցակիցներ, ապա Չինաստանի մրցակիցը չորրորդ տեղում ընթացող ՈՒկրաինայի ընտրանին էր, որը, հաղթելու դեպքում, կարող էր խմբագրել պոտենցիալ մեդալակիրների ցանկը: Ասել է թե` գործող օլիմպիական չեմպիոնների հետ մրցապայքարում չինացիներին սպասում էր կենաց-մահու պայքար:
Առաջ անցնելով ասենք, որ, շնորհիվ Վասիլի Իվանչուկի ու Պավել Էլյանովի հաղթանակների, նախորդ օլիմպիադայի չեմպիոնները պոտենցիալ մեդալակիրների եռյակից դուրս մղեցին չինացիներին (3:1)` իրենք հարմարավետորեն տեղավորվելով այնտեղ: Նույն հաշվով ռուսները գերազանցեցին Գերմանիայի ընտրանուն (հաղթական միավորները բերեցին Վլադիմիր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը):
Ինչ վերաբերում է մեր ընտրանուն, Լևոն Արոնյանը, ով մրցաշարի արդյունքով առաջին խաղատախտակում ճանաչվել է ուժեղագույնը, ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի, Գաբրիել Սարգսյանը` Ֆերենց Բերկեշի հետ` բուն անելիքը ծանրացնելով Զոլթան Ալմասիի հետ սև ֆիգուրներով խաղացող Սերգեյ Մովսիսյանի ու Վլադիմիր Հակոբյանի ուսերին: Թեպետ, ի վերջո, մեր հավաքականին օդի պես անհրաժեշտ հաղթական միավորը Սերգեյ Մովսիսյանը բերեց, առիթից օգտվելով կուզենայի ի մասնավորի ծանրանալ Հուդիթ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան պարտիայի վրա, որտեղ նյութական կատարյալ հավասարություն էր, սակայն, չնայած դրան, դիմակայությունն ունեցավ բավականին տևական ընթացք, թեպետ այն նույն հունգարական ընտրանու համար մեդալային առումով ոչ մի խնդիր չէր լուծում, և հանգիստ խղճով կարելի էր վաղապես խաղաղ դաշն կնքել:
Սակայն` ոչ:
Վայրի տաղանդով օժտված այս հունգարուհին, ում նկատմամբ բնությունն անսահմանորեն շռայլ է գտնվել, ու նա հետաքրքրություն չգտնելով իր սեռակիցների հետ պայքարելու մեջ, վաղուց ի վեր հանդես է գալիս բացառապես տղամարդկանց մրցաշարերում, ինչպես ասում են, հարթ տեղը այնպիսի հզոր ուժի պայքար մղեց մեր Վլադիմիրի դեմ, ասես հնուց եկող հաշիվ ուներ հետը: Հաշիվ առհասարակ կարող է ունենալ յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր մեկի հետ: Սակայն այստեղ մոտավորապես այնպիսի տպավորություն էր, ասես ժամանակին Վլադիմիր Հակոբյանը տղամարդկանց բնորոշ «անխոհեմությամբ» «չէ» է ասել հունգար գեղեցկուհուն, ու մերժված կնոջ քենն էր խոսում Հուդիթի մեջ:
Ինչևէ: Կարևորն այն է, որ թեև Պոլգարը նյարդեր քայքայեց, սակայն արյուն չպղտորեց, ու մենք օլիմպիադայից վերադառնում ենք հաղթանակած, բացճակատ` հերթական անգամ ապացուցելով, որ մեր զենքն ուղեղն է, ոչ թե մարդասպանի կացինը:
Փակելով օլիմպիադայում մեր տղաների հրաշալի ելույթի մասին խոսքն ու շնորհակալություն հայտնելով նրանց գերազանց մասնակցության համար` ասենք, որ մեր ընտրանու հինգերորդ անդամը Տիգրան Լևոնի Պետրոսյանն էր, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը` վաստակաշատ Արշակ Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց ընտրանուն, այն ցույց տվեց վեցերորդ արդյունքը` հինգերորդ տեղը լրացուցիչ գործակիցների հաշվարկով զիջելով ռումինուհիներին: Այստեղ հաղթողը ռուս շախմատիստուհիներն էին, ովքեր նույն այդ լրացուցիչ գործակիցներով շրջանցեցին չինուհիներին: Տղամարդկանց ընտրանու պես ուկրաինուհիները նվաճեցին բրոնզե մեդալներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ