Լոնդոնի օլիմպիական խաղերը Հայաստանի պատվիրակության համար, դեռ չսկսված, ավարտվեցին ցավալիորեն տհաճ անակնկալով: Ռուսաստանի Դաշնության Պոդոլսկ քաղաքում անցկացված վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ իրեն զգալ տվեց ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի մեջքի վնասվածքը: Որքան էլ մոսկովյան բժիշկները ջանացին մարզիկին բերել անհրաժեշտ մրցապայքարային կոնդիցիայի, այդուհանդերձ, չհաջողեցին մինչև վերջ: Արդյունքում` օլիմպիադայում մենք զրկվեցինք մեր գլխավոր հարվածային ուժից:
Ո՞վ է ասել, թե...
Թվում էր, թե ճակատագիրն այսքանով կբավարարվի մեզ մատուցած տհաճ ծառայության մատուցմամբ, սակայն պարզվեց, որ ոչ: Մենք արդեն ունենք յոթ կորուստ (Նորայր Բախտամյանը մեկ մրցաձևում էլ է հանդես գալու), փոխարենը` ոչ մի մեդալ: Եթե ի սկզբանե էլ մեկից մեկ պարզ էր, որ անլուրջ է մեր լողորդներից լուրջ մրցակցություն ակնկալելը (այստեղ մենք ցավալիորեն հետին դիրքերում ենք), ու վառ ռոմանտիկի երևակայություն պիտի ունենայիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանից բազմամարտում մեդալային ելույթի հավակնություններ ունենալու համար, ապա մեդալային ելույթի հույսի շող կար ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի, հրաձգությունից Նորայր Բախտամյանի մասնակցությունից (վերջինիս հետ կապված` բավականին լուրջ վերապահումներով):
Հիշատակված այս քառյակից, չդիտվի թե Անդրանիկ Հակոբյանին վերցրել ենք հատուկ նշանառության տակ, սակայն օլիմպիադայում նրա առաջին ու վերջին մրցելույթը համոզչորեն ցույց տվեց, որ համաշխարհային բռնցքամարտում նման մարտաոճով, նման բարոյակամային հատկանիշներով արդեն անհնար է առաջ գնալ: Մեր մարզիկի ելույթն առարկայնորեն ցույց տվեց, որ հայկական բռնցքամարտը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և կարոտ է վիրահատական միջամտության:
Սա առանձին, լուրջ ու ծավալուն թեմա է` համապատասխան ֆեդերացիայի աշխատանքի կազմակերպման սկզբունքները հիմնավոր քննության առնելու (ընդհանրապես, կարծում ենք, մեր բոլոր ֆեդերացիաների աշխատանքն է անհրաժեշտ հատուկ քննության առնել` առաջին հերթին կողմնորոշիչ ունենալով դրանց նախագահների վզերի հաստությունը կամ թվացյալ մարզական տեսքը) մեր ներքին առաջնություններում մրցումները կազմակերպելու որակական կողմին անդրադառնալու և շատ այլ հրամայականներով` դրանց հավելած մարզիկ-մարզիչների վճարման խնդիրը, որոնք մարդիկ (առաջին հերթին նկատի ունեմ մարզիկներին ու մարզիչներին) ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նաև պիտակավորումներից վախենալով, գերադասում են չբարձրաձայնել:
Որքան էլ միջանկյալ, այստեղ հարկ համարենք նշել, հարգելի ընթերցող, որ լրատվամիջոցները քեզ աններելիորեն մոլորեցրել են մարզաձևից Բաքվի աշխարհի առաջնությունում իբր թե մեզ համար ստեղծված աննպաստ պայմանների վերաբերյալ հրապարակումներով: Դրանք ավելի շատ ներքին հոգեբանական բնույթի են եղել: Այնպես որ, ներկայացվածը սուտ է կամ արտաքին օգտագործման համար: Պարզապես մարդիկ իրենց ձախողած աշխատանքը փորձել են բացատրել կամ ներկայացնել չեղած դժվար պայմաններով, և ուրիշ բան մի փնտրեք:
Այստեղից սահուն անցում կատարենք օլիմպիական շարժմանը:
Դրա` այդ օլիմպիական շարժման վերակենդանացման կուբերտենյան տարիներին ազնիվ, արդար մրցակցության կողքին հավասարի իրավունքով գործածության մեջ դրվեց «Կարևորը մասնակցությունն է» պատգամ-կարգախոսը: Խոստովանենք` սա իսկապես առողջ սկզբունք է: Սակայն, ինչպես շատ բաներում, կյանքն այստեղ էլ է իր անհրաժեշտ խմբագրումներով մուտք գործել: Գնալ օլիմպիադա` մտքի մեջ կամ հոգու խորքում չունենալով հաղթելու ցանկությունը, պարզապես արխայիկ, իրեն սպառած պատկերացում է: Հակառակը պնդողները կամ անհուսորեն հետ են մնացել ժամանակից, կամ էլ պարզապես նրանց ձեռք է տալիս այսպես մտածելը: Օլիմպիադան, ինչպես ցանկացած մրցաշար` մեծ, թե միջին, ծառայում է մի նպատակի` հայտնաբերել ուժեղագույնին, այլապես այն դառնում է մեր հորինած համահայկական խաղեր, որը սկզբունքորեն ամեն ինչ է նախ և առաջ ու միայն վերջում մրցակցություն ենթադրող բան:
Այն էլ` չափազանց աղոտ:
Սակայն համահայկական խաղերը եկեք թողնենք մի կողմ, չմտնենք ուրիշի վար ու ցանքի տարածք, մանավանդ որ այն մարդկանց մի խմբի համար դարձել է լուրջ եկամտի աղբյուր, իսկ ուրիշի գրպանին կպչելը, ինչպես ժամանակին նկատել են հին հույներն ու հին եգիպտացիները (չմոռանանք նաև հին չինացիներին), հղի է ցանկացած անկանխատեսելի հետևանքներով, մանավանդ որ այդ գործի գլխին կանգնած մարդիկ նաև վառ արտահայտված դեմագոգիայի զինանոցին հրաշալի տիրապետող վարպետներ են, հայրենասիրությունն իրենց եկամտաբեր մասնագիտության վերածողներ:
Չմանրանանք: Եթե կուզենան հակառակը պնդել, մենք առարկայնորեն նրանց կմերկացնենք այնպես, ինչպես Լենինը մերկացրեց Կլարա Ցետկինին ու Ռոզա Լյուքսեմբուրգին` հերթով ցույց տալով նրանց խոցելի տեղերը: Սակայն եկեք համալսարանական տարիներից մեր փիլիսոփայության դասախոսի սիրած համեմատությունը, որ նա առանձնահատուկ պաթոսով էր արտասանում հատկապես իգական սեռի ներկայացուցիչների ներկայությամբ, թողնենք մի կողմ ու սույն նյութի թվացյալ կտրված տեղից անցնենք մեր հիմնական ասելիքին:
Ինչպես տեսնում ենք, օլիմպիական մեդալների մեր հավակնությունների շրջանակը բավականին նեղանում է: Մեր հույսը, ռեալ նայենք, մնում են թայքվոնդոիստ Արման Երեմյանը, նրա հետ մեկտեղ, մեր ըմբիշներն ու ծանրորդները: Իհարկե` Տիգրան Մարտիրոսյանին հանած: Թե ինչ կանեն մեր այս մարզիկները հայոց երկնքում պայծառ գարուն բերելու համար, ոչինչ չի մնում անելու, բացի հույսով սպասելուց, սակայն եկեք առանձնապես հորթի հրճվանք չապրենք, մասնավորապես Մելինե Դալուզյանի հիմնական մրցակից որակված Օքսանա Սլիվենկոյի բացակայությունից, որովհետև 69 կիլոգրամ քաշային կարգում նվազագույնը հինգ ծանրորդուհի է պատվիրել նախնական 250 կիլոգրամ քաշ:
Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև կանանց +75-ում, որտեղ մրցանակային երրորդ տեղի համար Հռիփսիմե Խուրշուդյանին ձեռնոց նետելու հայտ է ներկայացրել ևս երկու, թե երեք մարզուհի: Երրորդ տեղից ենք խոսում, որովհետև ռուս Կաշիրինան նախնականի համար պատվիրել է տասնհինգ կիլոգրամ ավելի` 300 կիլոգրամ, իսկ չինուհի Լուլուն լրիվ «խելագարվել» է` նրա նախնականը կշռում է 315 կիլոգրամ:
Իսկ այն, ինչ արել են 85 կիլոգրամ քաշայիններն իրենց նախնական պատվերներով, պարզապես մարդուս շունչ է կտրում: Իր 380-ով այստեղ մեր Արա Խաչատրյանը երկրորդ տասնյակում է: Սակայն ասածս նրա համար չէ, որ թաշկինակներս հանենք ու տանենք աչքներիս: 56-ում Բ խումբն էր ներկայացնում հյուսիսկորեացի մարզիկը, մինչդեռ վերցրեց ու շրջանցեց մեկ տասնյակ ծանրորդի, այդ թվում և` օլիմպիական ոսկու ռեալ հավակնորդ չինացուն` աշխարհը կանգնեցնելով կատարված փաստի առաջ: Ինչո՞վ ընդօրինակման արժանի փաստ չէ:
Այս նախնականների ցուցակը նայելով` անհամեմատ մեծ ոգևորություն է առաջ բերում 69-ում Առաքել Միրզոյանի համար պատվիրված քաշը, եթե այդ 340 կիլոգրամը բլեֆ չէ: Այ, եթե Հոկսեն Միրզոյանն իմանար, որ աշխարհում բոլորս իրենից շատ ենք ուզում, որ Առաքել Միրզոյանը դառնա եթե ոչ օլիմպիական չեմպիոն, ապա գոնե մրցանակակիր, ինչքան լուսավոր կներկայանար այդ նույն աշխարհը:
Կարող էր, չէ՞
Մինչ մենք ապագայի մեր լուսավոր գծագրումների ծիրում ենք ու բավականին վատ զգացողություն ունենք արդեն իսկ իրենց մրցելույթներն ավարտած մեր մարզիկների մասնակցության առնչությամբ, օլիմպիադայի առաջին օրը, համենայն դեպս, սիրտ պատռող ապրումներ մեզ հասցրեց պարգևել: Խոսքս վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը ոսկե մեդալ բերած Արսեն Գալստյանին:
Մեր ազգակիցն անցավ անասելի դժվար ճանապարհ: Մեկ քառորդում կորեացու համառ դիմադրությունը չհաջողվեց կոտրել ո՛չ առաջին հինգ, ո՛չ էլ ձյուդոյում լրացուցիչ Golden Score կոչված երեք րոպեում: Համառ պայքարի ելքը որոշվեց երեք մրցավարների խորհրդակցության արդյունքում: Երեքն էլ միաձայն որոշեցին, որ առավել արժանավորը Արսեն Գալստյանն է:
Կիսաեզրափակչիում հայազգի ձյուդոիստի մրցակիցն աշխարհի կրկնակի չեմպիոն Ռիշոդ Սոբիրովն էր, ով օլիմպիադա էր եկել իր հասանելիք ոսկե մեդալի հետևից: Առաջ անցնելով ասենք, որ համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում գտնվող ուզբեկ մարզիկը չդիմացավ Արսեն Գալստյանին: Հիմա մեր դյուցազնի եզրափակիչ ելույթի մասին. մարտի երեսունմեկերորդ վայրկյանին կատաղի գրոհի անցած Հիրոակի Հիրոական Ճապոնիա վերադառնալուց հետո էլ դեռ երկար է մտածելու, թե ինչ կատարվեց իր հետ, որ ակնթարթի մեջ պարտություն կրեց իպոնով (ձյուդոյում այսպես է կոչվում մաքուր հաղթանակը):
Արսեն Գալստյանը հաղթեց, իմ գոռոցից մեր շենքն իր յոթանասուներկու տուն, ավելի քան երեք հարյուր բնակչով դիվադադար լցվեց բակ` մեր ու մանուկ ուրանալով: Շփոթ էր, կատարյալ շփոթ: Սակայն, անկեղծ ասած, այդ պահին ես չէի մտածում, թե այդ հաղթանակի իմ ճիչն ինչ կարող էր արժենալ շենքի բնակիչներին, որովհետև ապշանքով լսում էի ռուս հաղորդավարին, ով մի գլուխ փաստում էր, որ ծնունդով Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուրում ծնված հայ ազգի զավակը Ռուսաստանին բերեց առաջին օլիմպիական ոսկին, որ ռուսական ձյուդոյի պատմության մեջ սա առաջին ոսկե մեդալն է, որ Արսեն Գալստյանն արդեն իսկ պատմություն է` մեծատառով պատմություն, որ նրա հայրը…
Արսենի մասին ամբողջական պատմությունը, իհարկե, եթե Աստված կամենա, ես մեկ ուրիշ անգամ կանեմ ու հիմնավոր կանեմ, սակայն ռուս հաղորդավարի ասելիքը իմ մեջ խլացել էր զարհուրելի ողբերգությունից: Ես մտածում էի, թե օրավուր դատարկվող Հայաստանից այսօր ևս քանի՞ հայ ընտանիք բռնեց օտարություն տանող ճամփան, ու դրանց մեջ քանի՞սն են ապագա օլիմպիական խաղերի չեմպիոն կամ պարզապես արժանավոր հայ: Մտածում էի` չէ՞ որ Արսեն Գալստյանի պատվին հնչող Ռուսաստանի հիմնը կարող էր լինել Հայաստանի հիմնը` Հայաստանի, որ ոսկրի մեջ մտած ցավի պես ուտում, քրքրում է մարդուս: Մտածում էի` այս ի՜նչ դաժան կուտակում կա մեզնից մեր հողին փոխանցվողի մեջ, որ մեր հողի վրա չենք կարողանում ինքնահավաքվել, ինքնակազմակերպվել:
Սա ի՞նչ գրողի տարած ճակատագիր է:
Մտածում էի` ո՞վ է լինելու այն պետական այրը, ով կոչված է ղեկավար հորջորջվելուց առաջ լինել ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ:
Վերջաբան, որ կարող էր և չլինել վարջաբան
Լոնդոնի օլիմպիական խաղերի լոգոն բոլորիս աչքի առաջ է արդեն քանի ամիս: Նկատե՞լ եք դրանում պատմությանն առայժմ անհայտ հայի մատի խառը լինելը: Հապա ուշադրություն դարձրեք դրա վերին ձախ ու ներքին աջ անկյան գծագրումներին: Դրանք հայերենի Հ տառը ձեզ չե՞ն հիշեցնում:
Իսկ ինչ է նշանակում երկու Հ տա՞ռը:
Կեցցեք` երկրի անվան սղագրում-հապավում:
Իսկ որ երկիրն է այդպես անվանվո՞ւմ:
Դարձյալ կեցցեք` Հայաստանի Հանրապետությունը:
Բա որ ասում եմ, թե աշխարհն առանց մեզ չի կարող յոլա գնալ, կարծում եք` կատակո՞ւմ եմ:
Չէ, բարեկամներս:
Առանց մեզ անհնար է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Ի դեպ, Նոբելյան մրցանակի արժանի այս բացահայտման հեղինակը ես չեմ, այլ մեր Ռազմիկ Աբրահամյանը, ով ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ հոդվածներից մեկից առաջ նեղացել էր, որ հաշվի չեմ առել իր կարծիքն ու չեմ գրել, որ եզրափակիչ զույգը կազմելու են Իսպանիան ու Հոլանդիան: Պատկերացնում ե՞ք, ինչ խայտառակություն կլիներ, եթե լսած լինեի նրան: