Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի՞ թեկնածուն է, թե՞ ՀՀԿ-ի» հարցին ի պատասխան ասաց.
-Տեղական ինքնակառավարման մարմիններով հիմնականում նաև կուսակցություններն են զբաղվում, որովհետև անմիջական շփումների բեռը ժողովրդի հետ ոչ մեկը չի ուզում տանել: Ծանր է այդ բեռը` անընդհատ հարվածների տակ ես ընկնում: Եթե դժգոհ է ժողովուրդը, քո կուսակցությանն է անպատվելու, որովհետև դու ես գնացել: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների 72 տոկոսը ՀՀԿ-ից է: 642 համայնքներում ընտրություններ պիտի լինեն աշնանը և բոլոր տեղերում էլ մի սկզբունք է գործում` առաջադրվում է նա, ով ավելի շատ է ընդունված ժողովրդի կողմից: Երբեմն սխալվում ենք, որովհետև դա էլ է շատ բարդ որոշել: Ճշգրիտ որոշել: Կոնկրետ Գյումրիի դեպքում Սամվել Բալասանյանը ցույց տվեց, որ բավականին ընտրազանգված ունի և լավ է ընդունվում Գյումրիի ժողովրդի մեջ: Այս օրերին հարցնում են` Բալասանյանը հանրապետակա՞ն է դառնալու... Կարծում եմ` հարցն ավելորդ է: Համայնքի ղեկավարը մեկ խնդիր ունի` համայնքի ժողովրդի հետ լինել: Մենք էլ էինք թեկնածուներ քննարկում: Իհարկե, եթե սկզբունքը քաղաքական ամբիցիաների հաստատումը լիներ, կարող էինք Բալասանյան Սամվելին չընտրել, մեր ակտիվից որևէ մեկին ընտրել:
-Այնուամենայնիվ, հանրապետության երկրորդ քաղաքը առանց մարտի հանձնելը տարօրինակ չէ՞, հարցը Սամվել Բալասանյանի անձին կամ կուսակցական պատկանելությանը չի վերաբերում, այլ` սկզբունքին:
-Խնդիրն այն չէ, թե որ կուսակցությունից է, խնդիրն այն է, թե ժողովուրդն ինչպես կընդունի և ինչ պիտի անի ընտրվողը: Ես կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը բավականին լավ թիմ ունի, կարծում եմ` նաև կօգնեն ներդրումների հարցում, իսկ դա շատ մեծ նշանակություն ունի: Ամբողջ Գյումրիում նախագահի որդեգրած քաղաքականության շնորհիվ կամաց-կամաց բոլոր անօթևանները օթևան ունեցան: Մեր թեկնածուի հաղթելու շանսը շատ մեծ է, բայց մենք այդպես որոշեցինք, որովհետև ոչ թե խնդիր ունենք ցույց տալու, որ ամեն ինչի տերը մենք ենք, այլ ուզում ենք ասել` ամեն ինչի տերը ժողովուրդն է, թող ժողովուրդն էլ որոշի ինքն ինչ է ուզում, ում է ուզում: Սովորաբար, երբ հանրապետականը մի տեղ ծառ է տնկում, մնացած կուսակցությունները իրենց դրոշներով գալիս են ու, դրոշները շուրջբոլորը տնկելով, ասում` էս ծառն իմն է:
Մենք դրան էլ ենք համաձայն, թող ծառն աճի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ