Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Համազգային տոնախմբության սպասումով

Համազգային  տոնախմբության սպասումով
27.07.2012 | 02:01

Այսօր կտրվի Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկը: Աշխարհը երեսուներորդ անգամ կմեկտեղի հնարավորությունները, ուժերը, կարողությունները խաղաղ մրցակցությունում չափելու համար ու, ցավոք, արդեն որերորդ անգամ, կխախտի օլիմպիական գերագույն պատգամը: Մենք նորից հպարտորեն, ի լուր աշխարհի, կհայտարարենք. «Սպորտ, դու խաղաղություն ես», ու այդ հայտարարության պահին նորից արյուն կթափենք նախամարդու կենդանական բնազդով: Տարօրինակ է, սակայն այսպիսին է կատարելության ձգտող անկատար աշխարհի զարգացման ընթացքը, և այստեղ տրամաբանություն փնտրելն անհնար է:

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Այսօր կտրվի օլիմպիական խաղերի մեկնարկը. լույսը բացվելուն պես սկսել է փաստել աշխարհը, ու նրա հետ մեկտեղ փաստում ենք մենք` մի պահ մոռանալով, որ օլիմպիադան արդեն վաղո՜ւց սկսվել է, ու սկսվել է դեռևս չորեքշաբթի` կանանց ֆուտբոլային թիմերի մրցաշարով և, որքան էլ խորհրդանշական լինի կամ հնչի, ամառային օլիմպիական խաղերի առաջին մրցությունում հաղթել են տանտերերը` բրիտանուհիները, 1:0 հաշվով առավելության հասնելով նորզելանդացիների նկատմամբ: Սակայն այս ու սրան հաջորդած մյուս մրցակցությունների մասին հետո, երբ թերթի ընձեռած հնարավորությունների սահմաններում կփորձենք անդրադառնալ օլիմպիադայի ողջ ընթացքին:
Գրեցի «ողջ ընթացքին», ու վրաս անասելի տխրություն իջավ: Բանն այն է, որ եթե այն ամբողջության մեջ լուսաբանելու հնարավորությունն անգամ տրվի մեզ, հայ տարրին անդրադառնալու այնքա՜ն քիչ հնարավորություն կունենանք, որովհետև աղքատիկ ենք ինչպես մեր պատվիրակության թվակազմով, այնպես էլ մարզաձևերում ներկայացվածության տեսանկյունից: Իհարկե, այդ բացը պատվարժանորեն փորձելու ենք լրացնել այլ երկրների պատվիրակությունների կազմում մեր հայրենակիցների անվան փնտրտուքներով (ճակատագրի հետ մեկտեղ փոքր ածուի տրամաբանությունն է, ի՞նչ կարող ես անել), ու, թե բան է, այնպես պատահի, որ հայը հայի դեմ դուրս գա, ինչ ասեմ, գիտեք արդեն, որ դողալու ենք այս ոչ լրիվ երեսուն հազար քառակուսի կիլոմետրը ներկայացնողի համար, որովհետև, թեպետ արյունն արյուն է, սակայն, հասկանում եք, հենց այս ոչ լրիվ երեսուն հազար քառակուսի կիլոմետրն աշխարհին որպես պետություն ու պետականություն ներկայացնելու խնդիր կա, այն ավելի ճանաչելի դարձնելու կարևորություն կա, հազար ու մի բաներ կան: Ո՞ր մեկն ասես: Մի խոսքով, երկու քարի արանքում ենք:
Մեկնարկում են օլիմպիական խաղերը, ու ողջ ազգով դառնալու ենք (չնայած` ինչո՞ւ դառնալու ենք, երբ արդեն իսկ դարձել ենք) վիճակագիր, թե մեդալներից քանի՞սն ենք ունենալու, դրանցից քանի՞սը ոսկե, արծաթե կամ բրոնզե է լինելու, աշխարհի երկրների ցանկի մեջ ո՞րերորդ տեղում ենք հայտնվելու, համեմատելու ենք նախորդների հետ ու տխրելու ենք հետընթացի (Աստված մի արասցե), ուրախանալու ենք առաջընթացի համար:
Ճիշտ է, այս կերպ վարվելու են նաև ուրիշները, բայց մերը մի տեսակ շա՜տ է ուրիշ, ախր:
Չասեմ, հա՞, թե ինչու է մերն ուրիշ: Գլխի ընկաք, ուստի պայմանավորվենք, Տիգրան Մեծին թողնենք հանգիստ, չհիշենք ով որերորդ դարում դեռևս ծառերի վրա էր և այլն, և այլն: Առա՛ջ, առա՜ջ նայենք ու փորձենք եղած լավին մի նոր լավ բան ավելացնել, որ մեր մեծերն էլ իրենց շիրիմներում իրենց խաղաղ զգան:
Թե օլիմպիադա ումով ենք գնում, արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, սակայն ևս մեկ անգամ հիշելն ու հիշեցնելը չէր խանգարի: Դրա համար էլ աղյուսակ ենք կազմել, որ ընթերցողը դյուրությամբ տեսնի, թե որ մարզիկը որ մարզաձևից ու որ օրն է հանդես գալու:

ՄԵԴԱԼՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թեև «Օլիմպիական մեր հեռանկարներն ու նրա հետ կապված խնդիրները» հոդվածում արդեն իսկ անդրադարձել ենք օլիմպիական խաղերում մեդալների մեր հավակնություններին, ավելորդ չի լինի ևս մեկ անգամ անդրադառնալ խնդրին:
Աղյուսակից դժվար չէ նկատել, որ օլիմպիական մեր պատվիրակության հիսուն տոկոս պլյուս մեկը կազմում են ըմբիշներն ու ծանրորդները: Տեսականորեն նրանք բոլորն էլ կարող են մեդալ բերել, սակայն ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ կյանքում տեսականն ու գործնականը սակավ դեպքերում են համընկնում: Եթե մենք կարողանանք այս մարզիկների ուժերով` գումարած ձյուդոիստներին, բռնցքամարտն ու հրաձգությունը ներկայացնող մարզիկներին, Հայաստան բերել վեց-յոթ մեդալ, պարզապես փայլուն մասնակցություն կլինի, իսկ դրանց մեջ եթե մեկը կամ երկուսը ոսկե լինի, արդյունքը պարզապես ապշեցուցիչ կլինի (թե ինչու ապշեցուցիչ կլինի, ասել ենք արդեն վերը նշված հոդվածում, հետևաբար, բավարարվենք այս ընդհանրական գնահատականով): Հավատանք, որ այդպես էլ կլինի: Արդ, հավատալով հանդերձ, դառնանք նույն այդ օլիմպիադայի հետ կապված մեկ այլ խնդրի` մարզիկների համար սահմանված պարգևավճարներին:


ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՑՈՒՑԻՉ
Տարբեր երկրներ դրանք տարբեր չափով են սահմանել, սակայն դժվար չէ նկատել, որ այդ հաշվարկի հիմքում վերին նիշ է ընտրվել մինչև 250 հազար դոլարը: Զորօրինակ, իր օլիմպիական չեմպիոնի համար այդքան գումար է սահմանել Ղազախստանը: Բելառուսի «քցիբությունը» դեմ է առել 150 հազարին, իտալացիներինը` 172, ռուսներինը` 125, ուկրաինացիները` 100 հազար ամերիկյան դոլարին: Հասկանալի է, որ գումարների այս չափի մեջ ներառված չեն հովանավորների կողմից արվելիք ներարկումները:
Մինչ ընթերցողի հնարավոր` «Իսկ ինչքա՞ն ենք սահմանել մենք» հարցին պատասխանելը, ասեմ, որ վրացիներն իրենց օլիմպիական ոսկին գնահատել են միլիոն 200 հազար, իսկ ադրբեջանցիները` 510 հազար ամերիկյան դոլար: Եթե անկեղծ լինենք, տղերքն այստեղ մի քիչ համը հանել են, բայց դա իրենց ներքին գործն է: Իրենք այդքան են գնահատել իրենց երկրի օրհներգի պատիվը, եկեք չխառնվենք ու դառնանք մեր «պատվին»:
Մեր հայրենի կառավարությունն օլիմպիական ոսկին գնահատել է ամբողջ քսան միլիոն: Այստեղ ընթերցողին «քսան միլիոնը» կարդալուց հետո տանք հնարավորություն` շունչը թոքերից արտազատելու, որ, Աստված մի արասցե, հանկարծ չխաթարվի օրգանիզմի բնական կենսագործունեությունը, նոր միայն քսան միլիոնի կողքին դնենք «դրամ» բառը:
Վերջինիս առաջ բերած էֆեկտը քանի որ, անձի նույն առողջության տեսանկյունից, նույնպես կարող է եթե ոչ կործանարար հետևանքներ ունենալ, ապա գոնե ճգնաժամային հետևանքների պատճառ դառնալ, բոլոր դեպքերում, ելնելով «տեխնիկայի» շահագործման անվտանգության կանոններից, առաջարկում են չդիմել չարաբաստիկ համեմատությունների` հատկապես Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապված ու, համենայն դեպս, ձեռքի տակ ունենալ կատվախոտի կաթիլներ:
Ինչպես տեսնում եք, վերջին երկուսի համեմատությամբ մենք ավելի քան նվազ շահեկան դիրքերում ենք, սակայն վիճակն անհամեմատ պակաս անհուսալի է, երբ խնդիրը դիտարկում ենք այլ երկրների հետ համեմատության մեջ: Այ, այստեղ է, որ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ, որքան էլ, որպես տեսակ, մենք աշխարհի վերջն ենք, բայց դե այնպես էլ չէ, որ, որպես երկիր, վերջինն ենք:
Պարզվում է, մեզնից վերջինն էլ կա:
Զորօրինակ, Ամերիկան ու Գերմանիան, որոնք իրենց օլիմպիական ոսկին գնահատել են համապատասխանաբար 25 ու 18 հազար 300 հարյուր դոլար: Նրանց սահմանած պարգևավճարի չափն ընդունելով ավելի «քաղաքակիրթ» մոտեցման արտահայտություն (տեսնես հայրենական կառավարությունը երբևէ կգնահատի՞ ընթերցողին մոլորեցնելու գնով իր դեմքը փրկելու իմ տիտանական ջանքերը), ինչպես տեսնում եք, մենք, որպես տերություն, միջանկյալ դիրքերում ենք աշխարհի առավել զարգացած ու պակաս զարգացած երկրների արանքում` այստեղ էլ կամրջի` մեզ պատմականորեն վերապահված դերը կատարելով: Այստեղ «Ի՜նչ կարող ես անել` հայի ճակատագիր է» մտքի տեսքով եկեք մի թառանչ ուղղենք աշխարհի չորս ծագերի ուղղությամբ ու շարունակենք մեր էշը քշել: ՈՒրեմն, պայմանավորվենք այսպես. օլիմպիականներին վճարելու մեր չափն ընդունելով որպես առողջ հիմք, մեզ համար փաստենք ու ինքներս մեզ հավաստենք, որ, որպես երկիր, մենք աշխարհի ուժեղների շարքում ենք ու մեր գործողություններն առավել քան հիմնավորված են (հուսով եմ` հայրենի կառավարությունն ինձ երախտահատույց լինելու առնչությամբ միտքը կատակ չի համարել):
Եվ քանի որ, որպես երկիր, մենք աշխարհի ուժեղների շարքում ենք, իսկապես էլ, ի՞նչ մի թիթիզանալու բան է հայերիս համար օլիմպիական ոսկին նվաճողի համար փեշով մեկ գումար թափելը` կարո՞ղ է, տղերքով նստած մի կտոր հաց ենք ուտում, որ ձեռքներս գրպաններս տանելու համար նեղություն քաշենք:
Ամոթ չէ՞: Ի՞նչ է, առաջին անգամ ե՞նք Իշտոյան տեսնում:
Համը շատ հանեք` կարող է «պադախոդնի նալոգը» «պարախոդի նալոգի» հետ շփոթած հայրենադարձներին էլ հիշենք ու քսան միլիոնը բերենք ավելի չափավոր գումարային տեսքի (խոստովանեք, որ խոսքիս այս հատվածում անձի ու պետության նույնականության հրաշալի օրինակ տեսաք):
Այնպես որ` երկու վագո՛ն…
Կներեք, ուզում էի ասել քսան միլիոն ու` վերջ:
Բազար չենք անում:
Մեր հիմնի գինը սա է:
Ինչ վերաբերում է պետականի կողքին իրականացվելիք հնարավոր այլ վճարներին, սպորտի երիտասարդ նախարարն ասել է, որ «Գագո ձյաձյան» օլիմպիական ոսկու համար մեկ միլիոն դոլար է խոստացել ու, իբր թե, մյուս փողատերերն էլ են պատրաստ ձեռքները գրպանները տանելու:
Այս վերջիններիս կտրվածքով նախարարական խոսքի մեջ անուններ չեն հիշատակվել երևի թե այն համեստ հաշվարկով, որ կարող է նույնականանան նրանց ու իմ` համեստ աշխատավորիս սահմանած պարգևավճարների չափերը: Իհարկե, երիտասարդ նախարարի պահվածքի մեջ ես նախանձի տարրերի դրսևորումներ եմ տեսնում, բայց դե ի՞նչ մեծ բան էր ինձ էլ օլիգարխների շարքին դասելը: Լավ: Եկեք չմանրանանք, սակայն պայմանավորվենք, որ այս ամենին կանդրադառնանք օլիմպիադայից հետո, երբ արդեն իսկ օդանավակայանից կսկսենք մեր հերոսներին դիմավորելը համազգային տոնախմբության վերածելու գործընթացը: Իսկ որ նրանք փառքով են վերադառնալու, գոնե ես կասկած չունեմ:
Առաջն Աստված:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 11839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ