38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի սկզբանե էր բանը

Ի սկզբանե էր բանը
24.07.2012 | 02:32

(Մի գողացված առաջնության պատմություն)

(սկիզբը` «Իրատես de facto»-ի նախորդ համարներում)

Ընթերցողից խոնարհաբար հայցելով մոսկովյան առաջնությունում հայ մարզիկների մրցելույթը «Նեմեսիս-1983» անվանելու թույլտվությունը` նրանից պիտի մի բան էլ խնդրենք` թույլ տալ հակիրճ շարադրանքով անդրադառնալ Մոսկվայի օլիմպիական խաղերում մեր ծանրորդների մասնակցությանը, քանի որ այն շատ բաներով պայմանավորեց հայկական ծանրամարտի մինչ այժմ չգերազանցված թռիչքը: Սակայն եկեք այստեղ էլ մի պահ ընդմիջենք, որովհետև… ի սկզբանե էր բանը:
Հայերիս հավաքական ցուցիչ ՅԱՆ-ը համաշխարհային ծանրամարտում նախ փայլատակեց լեգենդար Սարգիս (Խորհրդային Միության ղեկավար Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի կամքով Սերգո վերանվանված) Համբարձումյանի շնորհիվ: Նրանից էստաֆետն այնուհետ պատվով վերցրեց մարզաձևից առաջին հայ օլիմպիական չեմպիոն, վիրահայ Ռաֆայել Չմշկյանը: Հետո եկավ հայ առաջին կրկնակի օլիմպիական չեմպիոն, բուլղարահայ Նորայր Նուրիկյանի հերթը: Հետո Յուրի Վարդանյանն էր` ծանրամարտի բոլոր ժամանակների ամենափայլուն աստղը, մարզաձևում անգերազանց հայորդին, ում մոսկովյան օլիմպիական ելույթը…
Սակայն, կարծես թե, շատ առաջ անցանք և մինչև այժմ շատ եսակենտրոն եղանք մեր խոսքում: Շտկենք մեր «սխալն» ու այսուհետ ավելի ականջալուր լինենք դեպքերի անմիջական մասնակիցներին, որոնցից մեկն էլ ԱՐՍԵՆ ԳԱԼՈՅԱՆՆ է` Հայաստանում ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականի այն ժամանակվա մարզիչը:

«Ազգովին կխայտառակվենք, եթե...»
-Օլիմպիադա էինք մեկնել երկու մեդալ ունենալու համոզվածությամբ,- պատմում է նա, ում հետ զրույցից էլ մասամբ սկսվեց քեզ, սիրելի ընթերցող, այս ողջ պատմությունը ներկայացնելու ցանկության օրգանական պահանջը: -Յուրի Վարդանյանի ոսկուն չէինք կասկածում, սակայն գերազանց մարզավիճակում էր և մեր մյուս պատվիրակը` Յուրիկ Սարգսյանը: Նրա հնարավոր ոսկին մեր անակնկալն էր լինելու հանրապետության ղեկավարությանը` ի դեմս Կարեն Դեմիրճյանի, ում գործադրած ջանքերին ենք ամբողջապես պարտական Հայաստանում մարզահամերգայինի նման շքեղությունն ունենալու համար, մարզակառույց, որ եթե չլիներ նրա «սխվատկան», չէր իրականանա իր այս կերպի մեջ, որովհետև միութենական կառավարության հատկացրած, կարծեմ` քսանհինգ միլիոն ռուբլին ակնհայտորեն չբավարարող գումար էր նման ծավալի շինարարություն իրականացնելու համար:
Ինչևէ:
Կրտսեր Յուրիկի ոսկին պիտի լիներ մեր յուրօրինակ շնորհակալության արտահայտությունը: Սակայն կատարվեց անսպասելին: Մարզիկը, որ ֆիզիկապես պատրաստ էր ոսկե կիլոգրամների, չդիմացավ հոգեբանական լարվածությանը: Պոկում վարժության նրա 112,5 կիլոգրամը բերեց ընդամենը յոթերորդ տեղ: Սա կատաստրոֆա էր: Առաջատարից` կուբացի Դանիել Նունիեսից, այդ պահի դրությամբ հետ էինք մնում ամբողջ տասներկուսուկես կիլոգրամով:
Հրում վարժությունից առաջ ինձ մոտեցավ Կարեն Դեմիրճյանը:
-Եվ ի՞նչ ենք անելու,- հարցրեց նա:
-Կարեն Սերոբիչ, եթե առաջինը չլինենք, երկրորդը հաստատ կլինենք,- եղավ պատասխանս:
-Չափազանց վստահ եք խոսում,- մինչև հոգու խորքը քրքրող հայացքով նայելուց հետո ասաց նա:
-Ամոթով չենք մնալու,- վստահեցրի ես: Չգիտեմ` հավատա՞ց, թե՞ չհավատաց, սակայն հարկ համարեց զգուշացնել.
-83-ը Հայաստանում է լինելու: Ազգովին կխայտառակվենք, եթե մեզ մոտ երկու չեմպիոն չունենանք:
Դեմիրճյանը շատ խորաթափանց մարդ էր: Զգալով, որ իր միջամտությամբ ինձ լրացուցիչ լարվածություն է հաղորդել, խոսքը նրբորեն շեղեց դեպի երևանյան առաջիկա առաջնություն. «Գալոյան,- ասաց,- դու էստեղ ուշադիր նայիր, տես` ինչի՞ պակաս կարող է ունենանք, որ մարզահամերգայինը բերենք պահանջվող մակարդակի»:
Այստեղ Արսեն Գալոյանին իր պատմությամբ առժամանակով թողնենք մի կողմ, անցնենք նյութի ազատ շարադրմանը:
Պոկում վարժությունում Յուրիկ Սարգսյանը շտկեց իրավիճակը: Ճիշտ է, հանրագումարում նրա բարձրացրած կիլոգրամները չդարձան ոսկե, սակայն յոթերորդ տեղից ցատկը երկրորդ տեղ իսկապես ահռելի թռիչք էր: Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանին, Մոսկվայի օլիմպիական խաղերում նրա արածն իսկապես ապշեցուցիչ էր: Մեկ օրվա մեջ աշխարհի հինգ ռեկորդ, երկամարտում ֆենոմենալ արդյունք` 400 կիլոգրամ, և դա` միջին քաշային կարգում: Ծանրամարտի պատմության մեջ մինչ նա, անգամ ամենավառ երազներում, անհնար էր պատկերացնել, որ 82,5 կիլոգրամ քաշային կարգում հնարավոր է նման արդյունք գրանցել:
Որպեսզի ընթերցողն ավելի հստակ պատկերացնի, թե ինչ էր զարմանալի հայորդու արածը, բերենք երկու համեմատական: 90 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած հունգարացի Պետեր Բացակոն օլիմպիական չեմպիոն դարձավ երկամարտի 377,5, իսկ Չեխոսլովակիան ներկայացրած Օթա Զարեմբան (100 կգ) ուժեղագույն ճանաչվեց նույն երկամարտի 395 կիլոգրամով: Ասել է թե` մեր մարզիկը, իր ունեցած 82,5 կգ անձնական քաշի պայմաններում, եթե մասնակցեր 90 և 100 կիլոգրամայինների մրցակցությանը, դարձյալ պիտի Հայաստան բերեր օլիմպիական ոսկին: Ահա այսպիսի գերհսկա ուներ Հայաստանը, հսկա, ում մրցելույթը հաջորդ օրն իսկ աշխարհի թերթերը որակեցին որպես ֆանտաստիկա, մարդու աներևակայելի կարողությունների նոր բացահայտում:

«Галоян, есть еще армяне?»
Երևանից Մոսկվա տեղափոխված ծանրամարտի աշխարհի 1983 թվականի առաջնությունում ԽՍՀՄ հավաքականի կազմում էր երեք հայորդի` Հոկսեն Միրզոյանը, Յուրիկ Սարգսյանը, Յուրի Վարդանյանը: Անկեղծ ասած, ես չգիտեմ ու չեմ էլ փորձել երբևիցե ճշտել` մրցումներից առաջ Կարեն Դեմիրճյանը հանդիպում ունեցե՞լ է մարզիկների հետ, նրանց ինչ-որ բաներ ասե՞լ է, թե՞ չէ, տղաները, ինչպես պատշաճում է նման դեպքերում, որևէ բան խոստացե՞լ են նրան, թե՞ լուռ, իրենց հոգու խորքում պարտավորված են զգացել. եթե հնարավորն անելը հնարավոր չէ, ապա անհնարինն անել:
Չգիտեմ: Իսկապես չգիտեմ: Հավատացեք, որ, ինքս, որպես մարդ, առաջին անգամ եմ դեմ գնում իմ սկզբունքին ու փորձում եմ խոսել մի բանից, որն ինձ համար էլ մութ էջեր ունի:
Այստեղ հարց է ծագում` կարո՞ղ էի ինձ հետաքրքրող փաստը ճշտել դեպքերի մասնակիցներից, իրազեկվածներից:
Կարող էի: Միանշանակ կարող էի:
Ոչ մեկի պատշաճությանն էլ չեմ կասկածում կամ գրեթե չեմ կասկածում (թեպետ մեկ այլ հարցի կտրվածքով նման դառը փորձ ունեմ), սակայն տեսականորեն կարո՞ղ եք պատկերացնել իմ վիճակն այն բանից հետո, եթե մեկնումեկը տարիների հեռվից իրեն այնքա՜ն դրության տեր զգար, այնքա՜ն երևակայեր, որ, դիցուք, այդ եղած կամ չեղած հանդիպումը Քաջ Նազարի հանգույն ներկայացներ (ախր, հիմա այնքա՜ն սիրուն պատմություն են խմբագրում ու սրբագրում, որ քեֆդ գալու հետ լացդ էլ է գալիս):
Ինչևէ: Եկեք Ձեր թույլտվությամբ այս հարցը թողնենք այսպես էլ մութ մնա, թեպետ կա՞ մեկը, որ հավատում է, թե այդ բարեկիրթ մարդը կարող էր առանց գոնե բարեմաղթանքի խոսքերի իր տղաներին ճանապարհ գցել, ճանապարհ, որ պիտի լիներ ոչ թե Մոսկվայի «Իզմայլովո» սպորտի պալատ, այլ… Երևանի՛ մարզահամերգային համալիր` հրաշագեղ կառույց, որն այսօր միանգամայն արժանիորեն կրում է այդ մեծ քաղաքացու ու ղեկավարի բարձր անունը:
Դառնա՜նք, դառնա՛նք մրցումներին:
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ ելավ Հոկսեն Միրզոյանը (56 կգ քաշային կարգ): Մրցակիցը Նաիմ Սուլեյմանովն էր` Բուլղարիան ներկայացնող թուրք մարզիկը, ով հետագայում մեկնեց իր պատմական հայրենիք ու, մատուցենք պատշաճը, ծանրամարտի պատմության մեջ իսկապես մեծ հետք թողեց:
Առաջին վարժությունն անցավ թուրք մարզիկի գերազանցությամբ, թեպետ մեր փոքրիկ հսկան նրան այնքան էլ չթողեց առաջ պոկվել: Երկրորդ վարժությունում Նաիմ Սուլեյմանովը բավարարվեց գլխավերևում 160 կիլոգրամ կշռող ծանրությունը պահելով` երկամարտում ցույց տալով 290 կիլոգրամ արդյունք: Ստեղծված պայմաններում օլիմպիական ոսկին ձեռք գցելու համար մեր մարզիկին չէր բավարարում արդեն 162,5 կգ կշռող ծանրաձողը սանձահարելը, որովհետև անձնական քաշով Հոկսեն Միրզոյանը գերազանցում էր բուլղարացի մարզիկին: Այդպես նա ընդամենը կկրկներ մրցակցի արդյունքն ու կբավարարվեր արծաթե մեդալով: Մեր մարզիկի երրորդ մոտեցման համար պատվիրվեց 165 կիլոգրամ քաշ: Հետևեց ուժերի գերագույն կուտակում, ու ծանրաձողը քարացավ հայ մարզիկի գլխավերևում: Դա հաղթանակ էր` մեծագույն հաղթանակ:
Փաստորեն, հաղթական մեծ շքերթի առաջին զարկը տրվեց:
Հաջորդ օրը մրցահարթակ ելնելու հերթը Յուրիկ Սարգսյանինն էր: Ինչպես և Հոկսենի պարագայում էր, հիմնական մրցակիցը դարձյալ Բուլղարիան ներկայացնող մարզիկն էր` Ստեֆան Թոփուրովը` ծանրամարտի պատմության մեջ ևս մեկ լեգենդար անուն: Ափսոս, որ նյութի շրջանակներից դուրս է, թե չէ կարելի էր նրա մասին շատ-շատ բան ասել, սակայն եկեք բացը լրացնելը թողնենք մեկ այլ պատեհ առիթի:
Պոկում վարժությունում Յուրիկ Սարգսյանը փայլուն գործեց և կարողացավ ամբողջ հինգ կիլոգրամով առաջ անցնել բուլղարացուց: Սա հարկավ լուրջ առավելություն էր, բայց ոչ այն աստիճանի, որ ոսկու համար հարցը համարվեր լուծված: Հրում վարժությունում հայ մարզիկը բավարարվեց 175 կիլոգրամ ծանրություն բարձրացնելով ու երկամարտում իր անվան դիմաց 312,5 կգ արդյունք գրանցելով: Թոփուրովը, ի հաշիվ սանձահարած 180-ի, կարողացավ երկամարտում ընդամենը կրկնել մեր մարզիկի արդյունքը, սակայն այն չբավարարեց արդեն Հայաստան ճանապարհը բռնած ոսկին մեր ձեռքից խլելու համար:
Հոկսեն Միրզոյանի ու Յուրիկ Սարգսյանի ելույթներից հետո մենք արդեն խուսափել էինք ազգովին խայտառակ լինելու դեմիրճյանական 1980 թվականի տագնապից ու, հաշվի առնելով այն, որ դեռ մարտադաշտ չէինք հանել հայկական ծանրամարտի ծանր հրետանին` համաշխարհային ծանրամարտում իր կրկնօրինակը չունեցող Յուրի Վարդանյանին, արդեն վաղօրոք կարող էինք ազգովին մեր ապշեցուցիչ հաղթանակի սեղանները փռելու նախապատրաստությունները տեսնել, կարող էինք վերադարձնել 1973 թվի հրաշքը: Իսկ ինչո՞վ 1983-ը 1973 չէր, թիվ, երբ Երևանի «Արարատը», ոչ պակաս համազգային լեգենդ, ազգը հանեց փողոց ու հրապարակ` պարգևելով գերագույն խենթության և ուրախության պահեր:
Սակայն այդ ուրախությունը դեռ պիտի ամրագրեր Յուրի Վարդանյանը` քսաներորդ դարի մեծագույն ծանրորդը, իսկ մինչ նրա մրցահարթակ ելնելն ամբողջ երկու օր կար` պրկված նյարդերով սպասումի, հույսի, հավատի ամբողջ երկու օր ու վայրկյան-վայրկյան ահագնացող տագնապ` միայն թե հոգեբանորեն չվառվի մարզիկը, միայն թե անկանխատեսելին չլինի:
Թե ինչպիսի մրցելույթ ունեցավ գյումրեցի հսկան, ես մանրամասներ չեմ պատմի (թեև Ասեն Զլատևն ամեն ինչ արեց Հայաստան-Բուլղարիա յուրօրինակ մրցամարտում հաշվի մեջ ինչ-որ չափով բեկում մտցնելու համար), այլ կուզենամ, որ Դուք էլ ինձ հետ ըմբոշխնեք այս նյութից արդեն քաջածանոթ Արսեն Գալոյանի` ԽՍՀՄ և ՀԽՍՀ վաստակավոր մարզչի պատմածը:
-Յուրի Վարդանյանի մրցելույթից հետո ինձ մոտեցավ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Աբաջիևն ու հարցրեց.
-Галоян, есть еще армяне?
-Нет, -պատասխանեցի, -мы закончили.
-Слава Богу, -թեթևացած շունչ քաշելով ասաց նա ու հեռացավ:
Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզչի «Слава Богу»-ն միանգամայն հասկանալի էր: Այդ տարիներին համաշխարհային ծանրամարտում խուլ մրցակցություն էր երկու տերությունների` Բուլղարիայի ու ԽՍՀՄ-ի միջև: Մոսկովյան առաջնությունում, ի դեմս հայ մարզիկների փառահեղ ելույթի, Բուլղարիայի հավաքականը ծանրագույն պարտություն կրեց 56, 60 և 82,5 կիլոգրամ քաշային կարգերում, և Յուրի Վարդանյանի ելույթից հետո թիմային հաշվարկում ոսկե մեդալների կտրվածքով ուժերի հարաբերակցությունն այսպիսին էր. Հայաստան` երեք (եթե Հայաստանը պայմանականորեն ընդունում ենք առանձին միավոր), Բուլղարիա` երկու, ԽՍՀՄ` զրո ոսկե մեդալ: Այդ հետո էր, հայերի մասնակցությունից հետո, որ ծանրամարտի երկու խոշոր գերտերություններն ունեցան հավասար` երեքական ոսկե մեդալ (դարձյալ եթե Հայաստանը պայմանականորեն ընդունում ենք որպես առանձին միավոր):

Ասում են՝ այդ օրը...
Թե Հայաստանն ինչպես ընդունեց իր զավակներին, ականատեսներն ինձնից լավ կարող են պատմել ներկա ու եկող սերունդներին. հավատացեք` ձևեր չեմ թափում, ես դրա ուժն ու զորությունը չունեմ:
Թե յուրաքանչյուր հայորդու պես մեր ոսկե եռյակի փառահեղ ելույթին ինչպիսին եղավ Կարեն Դեմիրճյանի առաջին արձագանքը, գիտեն մեկ ինքը` Լուսահոգին, ու մեկ էլ Աստված:
Սակայն այդ օրը, խենթ հրճվանքի մեջ, ասում են Ծիծեռնակաբերդի կողմից երկու ծանր տնքոց է լսվել` մեկը` մարդու, մյուսը` մարդու արարչագործ ձեռքի շինության:
Ասում են նաև, որ այդ օրը Մասիսը, նախ, մի խրոխտ հայացք է գցել աջ ու ահյակ, ապա հպարտ ու տիրաբար անցել է սահմանն ու հայրաբար համբուրել երկու ճակատ` մեկը` ՄԱՐԴՈՒ, մյուսը մարդու արարչագործ ձեռքի ՇԻՆՈՒԹՅԱՆ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ