ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ), որի գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսական արտադրողականությանն ու համաշխարհային տնտեսության զարգացմանը, Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 1993 թվականի նոյեմբերից: ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակի բացումից հետո ՀՀ կառավարությունը կառույցից լայնամասշտաբ աջակցություն է ստացել` Հայաստանում օգնության ծրագրեր իրականացնելու: Ի՞նչ ծրագրեր են դրանք և ինչ նպատակաուղղվածություն ունեն: Այս հարցով «Իրատես de facto»-ն դիմեց Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական ԳԱՅԱՆԵ ՆԱՍՈՅԱՆԻՆ:
-Հայաստանում ներկայումս իրականացվող ՊԳԿ-ի ծրագրերը նպատակաուղղված են ՀՀ գյուղական բնակչության կենսապայմանների բարելավմանը, բնական պաշարների կայուն կառավարմանը, գյուղատնտեսական արտադրողականության բարելավմանն ու պարենային անվտանգության ապահովմանը,- ասաց մեր զրուցակիցը։ - Անցած տարվա գարնանն ավարտվեց «Հրատապ աջակցություն Հայաստանին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարում» ազգային ծրագիրը, որի շնորհիվ բարելավվեց նշված հիվանդության մոնիթորինգի և պայքարի վերահսկողության համակարգը: Ծրագիրը նպատակ ուներ նաև կանխարգելելու հիվանդության տարածման վտանգը հանրապետության չախտահարված շրջաններ ու հարևան երկրներ:
Հաջորդը «Աջակցություն Հայաստանին` բրուցելյոզի դեմ պայքարում» միջկառավարական համագործակցային ծրագիրն էր, որը նպատակաուղղված էր բնակչության կենսամակարդակի բարելավմանն ու միաժամանակ բրուցելյոզով հիվանդ կենդանիների և մարդկանց թիվը Հայաստանում նվազեցնելուն: Նշեմ, որ վերոհիշյալ ծրագրի շրջանակներում մասնագիտական և կազմակերպչական աջակցություն է ցուցաբերվել ինչպես անասնաբուժական ծառայություններին, այնպես էլ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ արդյունավետ պատվաստմանը Սյունիքում, որտեղ պատվաստվել են 111714 գլուխ ոչխար, այծ և 21306 գլուխ երինջ:
Բրուցելյոզ հիվանդության կանխարգելման վերաբերյալ բնակչության իրազեկությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության «Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության և հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի» հետ համատեղ անցկացվել են մասնագիտական քննարկումներ և ուսուցողական միջոցառումներ: Բրուցելյոզ հիվանդության ընթացքի մասին բնակչությանն ու անասնապահներին բաժանվել են այդ նպատակով տպագրված 10 հազար օրինակ իրազեկման թերթիկ: Նշված ծրագիրը շարունակելու համար ՊԳԿ-ն ներկայումս աշխատանքներ է տանում հավելյալ ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ:
Ընթացքի մեջ է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Անդրկովկասյան երկրներում դաբաղի կանխարգելման և արտակարգ իրավիճակներում արձագանքման կարողությունների հզորացում (Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) ծրագիրը»։ Այն նպատակաուղղված է վերոհիշյալ երկրներում դաբաղ հիվանդության հսկողությանը, անասնաբուժական ծառայությունների կարողությունների հզորացմանն ու տարածաշրջանային կենսաանվտանգության ամրապնդմանը նաև Թուրքիայի ու Իրանի սահմանների միջև:
-Իսկ ի՞նչ ծրագրեր են իրականացվում սննդամթերքի արտադրության բարելավման ուղղությամբ։
-Սննդամթերքի, մասնավորապես մսամթերքի արտադրությունը կայուն հիմքերի վրա դնելու, դրա որակն ու անվտանգությունը բարելավելու նպատակով, ՊԳԿ-ն ՀՀ կառավարությանն օժանդակում է միջազգային չափորոշիչներին համապատասխան սպանդանոցների ստեղծման գործում: «Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության» գործող ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մսի և մսամթերքի անվտանգ արտադրության ապահովմանը: Այն ուղղված է նաև փոքր և միջին ձեռնարկությունների հմտությունների զարգացմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի վերջիններս արտադրեն, պահպանեն և իրացնեն արտադրած միսն ու մսամթերքը: Ծրագրի կարևորագույն խնդիրներից մեկը մսի արտադրության ոլորտում, իսկ հետագայում նաև սննդամթերքի արժեգոյացման շղթայում պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է: Ծրագրի իրականացումը, ոլորտում սանհիգիենիկ պայմաններ ստեղծելուց բացի, կանոնավոր հիմքերի վրա կդնի նաև մսամթերքի վաճառքն ու իրացումը:
Կազմակերպությունն աջակցել է ՀՀ կառավարությանը նաև ժամկետանց թունաքիմիկատների պաշարների կառավարման գործում` այդ ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացնելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում։
Համագործակցությունն է՛լ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այս տարվա հունվարին ՊԳԿ-ն և ՀՀ կառավարությունը ստորագրեցին ռազմավարական մի փաստաթուղթ, որը ներառում է 2012 -2015 թթ. Հայաստանի զարգացման վերաբերյալ ՊԳԿ-ի օժանդակության ռազմավարական ոլորտները: Փաստաթուղթը, որը կոչվում է «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակ», գործառնական և արդյունքների վրա հիմնված կառավարման ծրագրման մեխանիզմ է:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ սննդամթերքի անվտանգությունը լուրջ մտահոգության առարկա է երկրում, ՊԳԿ-ն արձագանքել է ՀՀ կառավարության խնդրանքին` գործողության մեջ դնելով նաև «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների մոնիթորինգի աջակցության ծրագիրը», որը նպատակաուղղված է բույսերի պաշտպանության միջոցների որակի և լաբորատոր եղանակով դրանց մնացորդային քանակների արդյունավետ վերահսկմանը: Այն միաժամանակ կնպաստի գյուղատնտեսական պրակտիկայի և սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների օգտագործման հետ կապված ռիսկերի նվազեցմանը: Այդ համատեքստում, ՊԳԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում, հզորացվում են ազգային լաբորատորիաների կարողությունները:
-Ի՞նչ ծրագրեր են իրագործվում բնական ռեսուրսների, սերմացուների արտադրության վերականգնման, ինչպես նաև սերմարտադրության ոլորտներում:
-Նշեմ, որ մեծ մտահոգություն է Հայաստանում բնական ռեսուրսների կառավարումը: Նշված ոլորտի կարողությունները հզորացնելու նպատակով ՊԳԿ-ն, «Անտառապատում և անտառվերականգնում» ծրագրի շրջանակում, աջակցում է սերմերի հավաքման, տնկարանների, տնկադաշտերի և անտառի բնական վերաճի հետ կապված խնդիրների լուծմանը: Նշեմ նաև, որ «Անտառի ազգային ծրագրի» հետ սերտ համագործակցության միջոցով ՊԳԿ-ն իրականացնում է կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև փոքրածավալ փորձնական ծրագրեր:
Ինչ վերաբերում է սերմնաբուծության արտադրության ոլորտին, ապա, այն զարգացնելու նպատակով, կառույցը շարունակաբար աջակցում է սերմնաբուծության ազգային ճյուղին, որպեսզի երկիրն ունենա բարձր բերքատու, եղանակային անբարենպաստ պայմանների, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտեր, միաժամանակ արտադրվեն բարձրորակ սերմացուներ: Ցորենի սերմերի արտադրության նպատակով ՊԳԿ-ն շեշտը դրել է նաև սելեկցիոն կայաններին և սերմարտադրողներին ցուցաբերվող օժանդակության վրա` հզորացնելով վերջիններիս տեխնիկական կարողությունները:
Այս տարվա ապրիլին ավարտվեցին «Աջակցություն Հայաստանին հացահատիկային մշակաբույսերի և սերմնաբուծության զարգացման գործում» ծրագրի աշխատանքները: Ծրագիրը, որը համահունչ և ներդաշնակ էր ՀՀ կառավարության իրականացրած «Ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրին», նպատակաուղղված էր ոլորտին անհրաժեշտ գյուղտեխնիկայի, սարքավորումների, գյուղգործիքների ձեռքբերման-կիրառման և խորհրդատվական միջոցառումների իրականացմանը: Այն միաժամանակ նպատակ ուներ կայունացնելու ՀՀ-ի սերմնաբուծության բազան` զարգացնելով և բարելավելով դրան առնչվող հետագա աշխատանքները:
Նշեմ նաև, որ ՊԳԿ-ն 2011 թվականի մարտից գործողության մեջ է դրել «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագիրը, որի հիմնական նպատակը, գենետիկ ռեսուրսների հավաքման և պահպանման միջոցով, ծիրանի հուսալի արտադրության հիմքերի ամրապնդումն է, իսկ պտղի ու տնկանյութի ստեղծման համար` պիտանի տեսակների, արմատակալների ու համապատասխան տեխնոլոգիայի կիրառումը:
Նշված մշակաբույսի տնկանյութի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատներին աջակցելու նպատակով ծրագրի շրջանակներում կհիմնվեն ծիրանենու կոլեկցիոն այգիներ ու մայրուտներ: Տարբեր գոտիներում ստեղծվելիք ցուցադրական այգիներում ժամանակակից տեխնոլոգիաներով կաճեցվեն ցածրաճ արմատակալներ, իսկ ծիրանենու արտադրությունը բարձրացնելու համար ֆերմերների հետ կանցկացվեն համապատասխան դասընթացներ: Ծրագիրն առավել նպատակային դարձնելու համար մինչև 2013 թվականի փետրվար ՊԳԿ-ի աշխատակիցների և խորհրդատուների միջոցով ՀՀ կառավարությանը կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն:
Նշեմ նաև, որ, ի նպաստ գյուղական շրջանների բնակչության կենսապայմանների բարելավման ու զարգացման, ՊԳԿ-ն հանդես է եկել «Խորհրդատվական ու հետազոտական տեղեկատվության և հաղորդակցության վիրտուալ ցանցի ստեղծում» ծրագրով, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կարողությունների ամրապնդման միջոցով բարելավել է ֆերմերներին տրամադրվող գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունները:
Գործողության մեջ է նաև Եվրահանձնաժողովի ՊԳԿ «Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման ծրագիրը Հայաստանում» փաստաթուղթը, որի նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը երկրում, հավաքել պարենային անվտանգության վերաբերյալ տվյալներ, մշակել ամբողջական և հավաստի տվյալների վրա հիմնված քաղաքականություն և ծրագրեր: Փաստաթղթի հիմնական բաղադրիչներն են` ագրոպարենային համակարգում պարենային ապահովության վերաբերյալ տվյալների որակի կատարելագործում, բերքի կանխատեսման բարելավում և պարենային ապահովության ոլորտում ծրագրերի և ռազմավարության մշակում: Այդ առումով ծրագրի հիմնական շահառուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է, սակայն նշված ուղղություններով համագործակցում ենք նաև «Հայպետհիդրոմետի» և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ:
Նշեմ, որ ՊԳԿ-ն տարածաշրջանում իրականացնում է «Չվող և այլ մորեխների կառավարման բարելավում Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ծրագիրը, որը, տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելուց բացի, նպաստում է մորեխների ներխուժումների կառավարման համակարգի բարելավմանը:
ՊԳԿ-ն, որի աշխատանքները ներառում են կարողությունների և իրազեկության ձևավորում բոլոր ոլորտներում, կշարունակի որոշումների կայացման համար հատուկ ուշադրություն դարձնել սննդամթերքի անվտանգության վերաբերյալ թարմ և վստահելի տեղեկությունների հավաքման հզորացմանը:
Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ