ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ՆԱՏՕ-ից դուրս, բայց ՆԱՏՕ-ի հետ»

«ՆԱՏՕ-ից դուրս,  բայց ՆԱՏՕ-ի հետ»
05.06.2012 | 00:46

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հակամարտությունների պատասխանատվությունը թողնել Եվրամիությանը (ինչն առավել որոշակիորեն արտացոլվեց ղարաբաղյան հարցի առնչությամբ), որոշ ժամանակ եվրոպական կառույցները փորձում էին ԱՄՆ-ին ցուցադրել իրենց ընդունակությունը` ավելի արդյունավետ ազդեցություն գործելու Հարավային Կովկասի պետությունների, նախ և առաջ Հայաստանի ու Ադրբեջանի վրա, համարելով, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրամիությունն ունի այնպիսի հզոր խթան, ինչպիսին Եվրոպական ընկերակցությանն ինտեգրումն է։ Սակայն այդ կարծիքը Եվրամիության կառույցներում պահպանվեց երկու տարուց ոչ ավելի։ 2004-ի կեսերին Եվրոպայում տեղի ունեցավ Հարավային Կովկասում հեռանկարների վերաիմաստավորում։ Տեղ գտավ հետևյալ կարծիքը. մարտական գործողությունների բացակայության իրադրությունն արժեք է ներկայացնում, և անթույլատրելի է ռազմական գործողությունների վերսկսումը` անգամ ֆորմալ իրավական կարգավիճակի հաստատման համար։ Պետական ինքնիշխանությունը, որ ձևավորվել է հիմնականում խորհրդային տոտալիտար վարչակարգի պայմաններում, գերակա նշանակություն չունի, տեղը զիջելով այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը, սոցիալական զարգացումը։ Այդ խնդիրները լուծելիս գերակա պետք է մնան հասարակական, մարդասիրական հարցերը, այդ թվում` փախստականների։ Անհրաժեշտ է հասնել հակամարտությունների գոտիների լիակատար ապառազմականացմանը։ Ընդ որում, քանի որ Եվրամիությունն ավելի մանրամասնորեն է զբաղվել ղարաբաղյան հարցով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատասխանատուների զեկույցներում այդ խնդիրն ավելի առարկայորեն է արտացոլված։ ԵԽԽՎ-ում կարծիք է ստեղծվում, որ անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Որոշ տեղեկությունների համաձայն, նման թեզեր է պարունակել նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ պատասխանատու զեկուցող, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դևիսի զեկույցի գաղտնի մասը։ Եվրոպական քաղգործիչները Վրաստանի ղեկավարությանն առաջարկում են քաղաքական անկախություն տալ Աբխազիային` նրա անկախության միջազգային ճանաչումը մերժելու դիմաց։ Թերի Դևիսը, ի տարբերություն Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի Բարձր կոմիսար Խավիեր Սոլանայի, կտրականապես դեմ է չվերահսկվող տարածքների որևէ ինքնիշխանացման, քանի որ նա պատկանում է քաղաքական այն շրջանակներին, որոնք դա մահացու վտանգավոր են համարում Եվրոպայի համար։ Խ. Սոլանան պատկանում է այն շրջանակներին, որոնք, պաշտպանելով նույն սկզբունքները, «նահանջի որոշ սողանցք են թողնում»։
Այսպիսով, եվրոպական կառույցներում մի դիրքորոշում է ձևավորվում Հարավային Կովկասի հակամարտությունների առնչությամբ, որն առավելագույնս մոտ է ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Փաստորեն, այդ հայացքները ձևավորել են ամերիկացիները` ԵԱՀԿ ղարաբաղյան խնդրով զբաղվող խմբում իրենց գործունեությամբ և քաղաքականությամբ։ Նույնը տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամների` Աբխազիայով զբաղվող խմբի շրջանակներում։ ԱՄՆ-ը մեծ փորձ է կուտակել, որն անհնար է անտեսել և անել նոր անհամարժեք առաջարկություններ։ ԱՄՆ-ը Եվրամիությանը ցույց է տվել, որ իր դիրքորոշումը տարածաշրջանային տեղային հակամարտությունների առնչությամբ` ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Բալկաններում, խելամիտ այլընտրանք չունի։ ԱՄՆ-ը հանդես է գալիս Կոսովոյին, ԼՂՀ-ին, Աբխազիային, Թայվանին, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը, Իրաքի Քրդստանին և այլ տարածքների ինչ-որ միջազգային կարգավիճակ տալու օգտին։ Միաժամանակ, ԱՄՆ-ը կարծում է, որ այդ ծրագրերի կենսագործումը դժվարացնում է իր արդյունավետ տարածաշրջանային քաղաքականության իրականացումը, և Եվրամիությունը լիովին կարող էր այդ դիրքորոշումներն իրացնել Բալկաններում և Հարավային Կովկասում, դրանով փոքր-ինչ բարդացնելով եվրոպացիների գործը։ 2002 թ. աշնանը ԱՄՆ-ն ու եվրոպացիները համաձայնության եկան ղարաբաղյան և այլ խնդիրների լուծման մոտեցումների հարցում։ 2005 թ. սկզբին նույնպիսի «անտեքստ» համաձայնություն ձեռք բերվեց Աբխազիայի առնչությամբ, որն արտաքին ուշադրության հետնապահից միջազգային ուշադրության առաջատար դարձավ չճանաչված պետությունների շարքում։ Ջ. Հոպկինսի անվան համալսարանին առընթեր Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի (Վաշինգտոն) աշխատակիցների գնահատմամբ, Աբխազիան սկսեց մեծ ուշադրություն գրավել և գործողությունների հետաքրքիր նյութ դառնալ 2005 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ այդ ազգային քաղաքական հանրությունը ցույց տվեց, որ ընդունակ է ինքնուրույն որոշումներ ընդունելու։ Փոլ Սանդլերը (Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով զբաղվող` Նիքսոնի անվան կենտրոնի տնօրեն) դրան ավելացնում է նաև այն, որ աբխազական խնդրի հանդեպ ուշադրության մեծացման գործում ավելի կարևոր է եղել աշխարհաքաղաքական գործոնը, նկատի ունենալով ԱՄՆ-ի ռազմավարության մեջ Սև ծովի նշանակությունը։
Ելնելով եվրոպական քաղաքականության այս միտումներից, կարելի է ենթադրել, որ տեղային կամ չկարգավորված հակամարտությունների առկայությունը թեև կբարդացնի եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման գործընթացը, բայց անհաղթահարելի խոչընդոտ չի դառնա։ Ավելին, Եվրոպական ընկերակցությունը հայտարարում է, որ պետք է ակտիվ մասնակցություն ունենա չճանաչված պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչն արդեն լայնորեն իրականացվում է։ Այդ նախագծում առաջատար դեր է խաղում Մեծ Բրիտանիան, որը տարածաշրջանում ունի առավել պարզ ու միարժեք շահեր։
Եվրոպայի անվտանգության հարցերով զբաղվող վերլուծաբանների ու քաղաքագետների կարծիքով, Գերմանիան ամենից շատ է շահագրգռված Կենտրոնական ու Հարավային Եվրոպայից, Հարավային Կովկասից ու Կենտրոնական Ասիայից Ռուսաստանի դուրսմղմամբ։ Գերմանիան փուլ առ փուլ և հետևողականորեն «ներդրվում է» եվրոպական ու եվրասիական տարածաշրջաններում, հենվելով իր հսկայական տնտեսական հնարավորությունների վրա։ Գերմանիան, որի համար դժվար է ֆրանսիական ու բրիտանական ազդեցության գոտիներում դիրքեր ձեռք բերելը, աշխատում է ստեղծել իր մայրցամաքային, եվրասիական ազդեցության գոտին։ Ընդ որում, այդ գերնախագծում Ռուսաստանին հատկացվում է ոչ թե ռազմավարական գործընկերոջ, այլ էներգահումքային գավառի դեր։ Եթե 90-ականների սկզբին ռուսական և անգամ գերմանական քաղաքագետների շրջանում ռազմավարական համագործակցության հույսեր կային, ապա ավելի ուշ պարզ դարձավ, որ Գերմանիան Ռուսաստանի հետ քաղաքական գործընկերության կարիք չունի։ Նրան հետաքրքրում է միայն Ռուսաստանի մասնակցությունն իր կոմունիկացիոն նախագծերին, ինչը դժվար է դասել քաղաքական ռազմավարության խնդիրների շարքին։ Գերմանիան ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից շատ ավելի է շահագրգռված Եվրասիայի և հատկապես Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի «ապառուսականացմամբ»։ Գերմանիան անհրաժեշտություն չունի ֆինանսավորելու ռուսական ռազմակայանների դուրսբերման գործը, քանի որ այդ գործընթացը տեղի է ունենում նաև առանց նրա շեշտված մասնակցության։ Ավելին, այդ գործընթացի ֆինանսավորումը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, որպես մրցակից տերությունների, դիրքերի ամրապնդմանը։ Բայց ճիշտ չէր լինի Գերմանիայի այդ քաղաքականությունը որպես Ռուսաստանին իրենից վանելու ձգտում հասկանալ։ Ընդհակառակը, Գերմանիան ավելի ու ավելի է ջանում պայմաններ ստեղծել գերմանական «տնտեսական կայսրությանը» Ռուսաստանի, նրա ռեսուրսային բազայի ինտեգրման համար։
Հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական կառույցներին Ռուսաստանի ինտեգրման և Եվրասիայում առաջատար եվրոպական պետությունների քաղաքականության զուգորդումը։ Ռուսական քաղգործիչների և քաղաքագետների միջավայրում այն կարծիքն է ձևավորվել, որ ռուս-եվրոպական հարաբերությունների վիճակի մասին անհրաժեշտ է դատել եվրոպական կառույցներին Ռուսաստանի ինտեգրման արդյունքներով։ Միաժամանակ, եվրոպական ինտեգրման գործընթացները եվրոպական պետությունների շահերին Ռուսաստանի «շաղկապման» բաղկացուցիչ մասն են, ինչը տեղի է ունենում Ռուսաստանին միջազգային կարգի համապատասխան նորմերի ու կանոնների պարտադրմամբ։ Ռուսաստանի հանդեպ առաջատար եվրոպական պետությունների քաղաքականության մասին անհրաժեշտ է դատել նախկին խորհրդային տարածության արևմտյան և հարավային տարածաշրջաններում նրանց իրական քայլերով։
Ոչ առանց ԱՄՆ-ի մասնակցության, 2010 թ. Լեհաստանն ու Շվեդիան նախաձեռնեցին Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը խիստ անմիարժեք ընդունվեց Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից։ Ֆրանսիան, ըստ էության, անտեսեց այդ նախաձեռնությունը, իսկ Գերմանիան սոսկ ձևացրեց, թե շահագրգռված է այդ նախագծով։ ԱՄՆ-ը, իր ռազմավարությունը կառուցելով Բալթյան-սևծովյան տարածաշրջանում, «Արևելյան գործընկերությունը» համարում է, առաջին հերթին, Ռուսաստանի ու Գերմանիայի, ինչպես նաև ամբողջ Արևմտյան Եվրոպայից Ռուսաստանի զատման մեծ ծրագրերի բաղկացուցիչ մաս։ Այդ նախագիծը դեռևս լիովին չի ծավալվել, բայց Հարավային Կովկասի համար նույնիսկ այդպիսի սահմանափակ նախագիծը մեծ դեր է խաղում Եվրամիությանը տարածաշրջանի երկրների ինտեգրման առումով։ Միաժամանակ, այդ նախագծի պարունակած հակասությունները, նախ և առաջ դրա հանդեպ Կենտրոնական-Արևելյան Եվրոպայի երկրների և մայրցամաքային Եվրոպայի առաջատար պետությունների` Ֆրանսիայի ու Գերմանիայի վերաբերմունքի առումով, հանգեցնում են ոչ թե նախագծի զարգացմանը, այլ զարգացման սահմանափակմանը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ