Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ե՛վ ոսկի ունենք, և՛ արծաթ, և՛ բրոնզ` ուրիշի տոնախմբությունից

Ե՛վ ոսկի ունենք, և՛ արծաթ, և՛ բրոնզ` ուրիշի տոնախմբությունից
05.06.2012 | 00:10

Կիրակի օրն ավարտված Ռուսաստանի Դաշնության ծանրամարտի առաջնությունն աչքի ընկավ մրցակցային լարվածությամբ, գրանցված բարձր արդյունքներով: Դրանցից մի քանիսին մենք ստորև կանդրադառնանք, որովհետև, այսպես թե այնպես, դրանք առնչվում են նաև մեզ: Գաղտնիք չէ, որ հայկական ծանրամարտն այսօր առաջատար դիրքերում է մասնավորապես Եվրոպայում, որտեղ բնավ էլ երկրորդ ջութակի դերակատարում չունեն նաև ռուսները, իսկ ճանաչել մրցակցին, իմանալ նրա հնարավորություններն անհրաժեշտ է:

Այս առաջնությունում ռուսաստանաբնակ հինգ հայազգի մասնակից ունեինք, որոնցից միայն մեկն էր, որ մեդալների համար մղվող պայքարի ռեալ թեկնածու չէր (խոսքը 94 կգ քաշային կարգի Բ խմբում հանդես եկած Մկրտիչ Պողոսյանի մասին է), մյուս չորսից երեքը վաղուց ճանաչված անուններ են միջազգային մրցահարթակում:
Ամենախոշոր անակնկալի հեղինակը, անշուշտ, տասնիննամյա սպորտի վարպետ Վանիկ Մկրտումյանն էր: Ճիշտ է, երկամարտի նրա 213 (93+120) կիլոգրամն այսօր եվրոպական մրցահարթակում մրցունակ չես համարի, սակայն լիուլի բավարարեց Ռուսաստանի Դաշնության առաջնության բրոնզի համար, ինչն ինքնին քիչ բան չէ: 56 կգ քաշային կարգում հանդես եկած հայ երիտասարդը երրորդ արդյունքը ցույց տվեց նաև հրում վարժությունում` արժանանալով փոքր մեդալի:
62 կգ քաշային կարգում հանդես եկած Սերգեյ Պետրոսյանն առանձնակի ներկայացման կարիք չունի: Նա Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկ է, սպորտի վաստակավոր վարպետ, հեղինակավոր անուն հիշյալ քաշային կարգում: Ցավոք, վերջին երկու տարում քսանչորսամյա ծանրորդի անունը գրեթե չէր լսվում, ինչի պատճառը, ակներևաբար, վնասվածքն էր: Այս առաջնությունում Սերգեյը ցույց տվեց իր համար բավականին համեստ արդյունք (255 կգ) ու հայտնվեց յոթերորդ տեղում:
Առաջնության հաջորդ օրը մրցահարթակ դուրս եկավ միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը, ծանրորդ, ում մարզական երկարակեցությանն ու համառությանն իսկապես կարելի է նախանձել: Պոկում վարժության նրա արծաթե մեդալը ծանրակշիռ է միանշանակ, որովհետև այստեղ ռուսներն ունեն Օլեգ Չեն, ով խելահեղ հզոր է նշյալ վարժությունում, և նրա հետ մրցակցել կարող են միայն չին ծանրորդները: Փոխարենն Արմենը շատ ավելի «ներկայանալի» է պոկում վարժությունում, որն էլ ավանդաբար հաճելիորեն սրբագրում է նրա արդյունքները երկամարտում: Հիշենք, թե ինչպես Անթալիայի 2010 թվի աշխարհի առաջնությունում պոկումում դրսևորած համառությունը հայազգի մարզիկին, ի վերջո, արծաթե մեդալ բերեց:
Ինչևէ: Ամբողջովին արծաթե կլիներ Արմենի մրցելույթը, եթե բրոնզ ապահոված 175 կիլոգրամից հետո միանգամից չգրոհեր 182 կգ կշռող ծանրաձողը, որը սանձահարելու դեպքում երեսնամյա մարզիկը կարող էր փոքր ոսկու հետ տիրանալ նաև երկամարտի ոսկուն: Ասենք, որ նման ծանր ձողին մոտենալը Արմեն Ղազարյանի ներուժի սահմաններում է, և եթե նա չափից դուրս մոտ էր հաջողությանը, Չենը ծանրաձողը չկարողացավ անգամ կրծքին պահել:
Բնավ էլ չթերագնահատելով Վանիկ Մկրտումյանի ու Արմեն Ղազարյանի մրցելույթները, այնուամենայնիվ, խոստովանենք, որ առանձնահատուկ լարվածությամբ էինք սպասում 105 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող, ընթացիկ տարվա Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բեջանյանի ելույթին, ով ընդամենը վեց ամիս առաջ Ռուսաստանի Դաշնության գավաթի խաղարկությունում ցույց էր տվել 430 կգ արդյունք, և ում հրում վարժության 240-ը դարձել էր համընդհանուր ցնծության առարկա: Առիթ ունեցել ենք այս մասին ասելու, սակայն ևս մեկ անգամ կրկնենք, որ 240-ը աշխարհի ռեկորդը երեք կիլոգրամով գերազանցող ծանրություն է:
Առաջին վարժությունում ունեցած հարաբերական անհաջող ելույթից հետ (180 կիլոգրամ` բրոնզե մեդալ), հայազգի մարզիկը հրում վարժությունում ցույց տվեց ով ով է (230 կիլոգրամ` ոսկե մեդալ): Անգերազանցելի էր նաև նրա երկամարտի արդյունքը` 410 կիլոգրամ:
Բեջանյանի քաշային կարգում Ռուսաստանն ունի ևս երկու փառահեղ մարզիկ` Հաջիմուրադ Ակաև ու Դմիտրի Կլոկով: Մեզ անհայտ պատճառներով աշխարհի վերջին առաջնության չեմպիոնն ու փոխչեմպիոնը չմասնակցեցին այս առաջնությանը, ու սկզբունքորեն այդպես էլ օդի մեջ կախված է մնում, թե այս հրաշալի եռյակից ո՞ր մեկին կամ ո՞ր երկուսին նախապատվություն կտա Դավիդ Ռիգերտը: Սակայն այն, որ Բեջանյանն իր այս հասունությամբ պատրաստ է օլիմպիական մեդալի, կասկած չկա: Տեսեք. միայն վերջին վեց ամսում նա մասնակցել է չորս ծանրակշիռ մրցաշարի (ներառյալ և այս առաջնությունը) ու չորսում էլ հաղթել է: Սա ֆիզիկականի կողքին նաև հօգուտ մարզիկի հոգեբանական պատրաստվածության մասին խոսող իրողություն է: Ասենք, որ այդ չորսից երկուսում` Ռուսաստանի Դաշնության, ապա և ՌԴ նախագահի գավաթի խաղարկություններում հայազգի մարզիկը գերազանց արդյունքներ է ցույց տվել: Երկրի գավաթի խաղարկությունում երկամարտի նրա արդյունքը 430 կիլոգրամ էր` հրում վարժությունում աշխարհի ռեկորդը երեք կիլոգրամով գերազանցող արդյունքով (Ռուսաստանի Դաշնության նոր ռեկորդ), իսկ Նախագահի գավաթի խաղարկությունում սահմանել է աշխարհի ռեկորդ, որն այդ օրվանից 238 կիլոգրամ է:
Իհարկե, հրաշալի կլիներ, եթե ընտրություն անելու Ռուսաստանի հավաքականի մտահոգությունը մենք ունենայինք, և Բեջանյանի նման հարստությունը մերը լիներ, մանավանդ որ քաշային այս կարգում մենք մեդալային մակարդակի ծանրորդ չունենք: Ռիգերտը Դավիթ Բեջանյանին կտանի՞ օլիմպիադա, թե՞ ոչ, դա Ռուսաստանի ընտրանու գլխավորի որոշելիք հարցն է, և վճիռ կայացնելը թողնենք իրեն, իսկ մենք դառնանք ևս երկու իրողության, որոնք շրջանցել կամ չնկատել պարզապես չի կարելի: Դրանցից մեկը վերաբերում է 94 և +105 քաշային կարգերի ծանրորդների մրցելույթին, մյուսը` առաջնության կազմակերպական խնդիրներին:
Թեև դժվար թե 94 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերում ներկայացուցիչ ունենանք, իսկ ունենալու դեպքում էլ մեր մասնակիցը օլիմպիական Լոնդոնով հիանալու հնարավորություն կունենա միայն, սակայն նշենք, որ այստեղ երկամարտի իր 416-ով պարզապես հիացրեց Արտյոմ Իվանովը: Սա առնվազն մեդալ բերող ցուցանիշ է, եթե ավելորդ զգուշավորություն հանդես չբերենք ու չասենք, որ խոսքը ոսկե մեդալի մասին է:
Ինչ վերաբերում է գերծանրքաշայիններին, ամենաբարձր գնահատականի է արժանի Ռուսլան Ալբեգովի ելույթը: Երկամարտի նրա 460-ը, որքան մեզ հայտնի է, քաշային կարգի պատմության մեջ եթե ոչ երրորդ, գոնե չորրորդ արդյունքն է: Այնպես որ, իրանցու (իրանցիների), ռուսի, քաշային կարգի մյուս երևելիների հետ չափազանց ծանր պայքար է սպասում մեր Ռուբեն Ալեքսանյանին:
Դառնանք երկրորդ իրողությանը:
Որ ռուսները մրցաշար կազմակերպել գիտեն, անկասկած է: Պարզապես ցավ ես զգում, թե ինչու նրանց երկրի առաջնությունն անցկացվում է նման շքեղ պայմաններում, այդքան ներկայացուցչական, իսկ մերը` ոչ, թեպետ մեր առաջնությունները, նույն ցուցանիշների, մրցակցային լարվածության առումներով բնավ էլ չեն զիջում: Նախանձել կարելի է նաև սեփական մեծերին, վաստակաշատ մարզիկներին մեծարելու, մեծարանքի այդ արարողությունն ուսուցողական, դաստիարակչական հեռահար նպատակներին ծառայեցնելու ռուսների կարողությանը: Մենք դրա շնորհքն էլ չունենք: Էլ չեմ ասում հանդիսատեսի համար ստեղծված պայմանների մասին: Քսանմեկերորդ դարում մարդուն իշոտնուկների վրա նստեցնելը միջնադար էլ չէ: Քարե դար է: Է՜, մի խոսեցրեք: Իզուր չփչացնենք նյութի սկզբնամասի բարձր տոնայնությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ