Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սա էլ աշխարհին ներկայանալու իրենց հայտն է

Սա էլ աշխարհին  ներկայանալու  իրենց հայտն է
31.05.2012 | 12:20

Հունիսի 8-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերից մեզ բաժանում է ընդամենը մեկ շաբաթ:

Այս «ընդամենը» ֆուտբոլասերը կհամարի քի՞չ, թե՞ շատ, քննության չառնենք:
Երկու դեպքում էլ ամենազոր ժամանակի իշխանության տակ ենք:
Եղանակ պատվիրողը նա է:
Պիտի մեծահոգաբար հանդուրժենք ու դիմանանք, ինչպես նման դեպքերի համար սիրում էր ասել պատմությանն անհայտ մի հույն փիլիսոփա` ենթադրաբար ծնված մեր թվարկությունից առաջ չորրորդ, թե հինգերորդ դարի կեսերին:
Դիմանանք:
Ճարնե՞րս ինչ:
Բայց որ բոլորիս մեծ տոն է սպասում, անկասկած է:
Այնպես որ, կեցցե նորին գերազանցություն ֆուտբոլը, կեցցեն համաշխարհային ֆուտբոլի միլիարդավոր երկրպագուներն ու նրանց մեջ մենք` հայերս, որ կամաց-կամաց ոտքի կանգնող հայկական ֆուտբոլով, ոնց որ թե, սկսում ենք խառնվել կախարդական այս խաղի մեծամեծների գործերին:
Հիմա դառնանք երեկին:
Մայիսի 31-ին կայացած Հայաստան-Հունաստան ընկերական խաղի հաշիվը ֆուտբոլասերը հարկավ գիտի ու այս կտրվածքով արդեն իսկ շահեկան վիճակում է մեր համեմատությամբ: Այն դրական փոփոխություն մտցրե՞ց հույների հետ ունեցած մեր հանդիպումների վիճակագրության ընդհանուր հաշվեկշռի մեջ, թե՞ ոչ, բնականաբար, չենք կարող ասել, բայց որ այն ևս մեկ քայլ եղավ հայկական ֆուտբոլի զարգացման ճանապարհին, տարակույս չկա:
Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասում էր, թե խաղային երկու սխեմա ենք փորձելու` չհստակեցնելով որի ժամանակ որը (դրանք այս ընթացքում երկուսն են, մյուսը հունիսի 5-ին է` Ղազախստանի ընտրանու հետ):
Սա` այդ սխեմա կոչվածը, այս պահին այնքան էլ կարևոր չէ:
Շատ ավելի կարևորը սխեմաներ փորձելու հնարավորությունն է:
Ասել է թե` ունենք նման բանի ռեսուրս, իսկ այս ռեսուրսի մեջ ունենք թիմի ուղեղ ու ոգի, ինքն իրենից զարմանալիորեն հասուն Հենրիկ Մխիթարյան, ում Դոնեցկի «Շախտյորը», որքան էլ եվրոպական կարգի թիմ է, արդեն նեղ է գալիս (ֆուտբոլասերներս մեր տղային ուզում ենք տեսնել ավելի բարձրակարգ ներքին առաջնություն ունեցող երկրների առաջատար թիմերից մեկում):
ՈՒնենք հայկական ոգով բրազիլական «արտադրության» Մարկոս Պիզելի, ով ռուսական «Կուբանին» հայկականություն է հաղորդում:
ՈՒնենք ֆուտբոլային վառ անհատականություն Յուրա Մովսիսյան, ում գրոհի թափը գնալով դառնում է ավելի ու ավելի անկասելի:
ՈՒնենք տաղանդաշատ Արաս Օզբիլիս, ով շատ արագ հասկացավ` ծառն արմատներով է զորեղ, ու նախնյաց հայրենիք հասկացություն գոյություն չունի, որովհետև արյունն անվերջանալի հիշողություն ունեցող գոյություն է ու անցյալը ներկա դարձնող մեծագույն կռվան:
ՈՒնենք Նորայր Մամեդով, ում հանդես գալը հավաքականում օրեցօր մոտեցող այսօրվա բան է (այո, այսօրն էլ կարող է երբեմն մոտենալ), և միակ խանգարողն ազգանունը փոխելու գործընթացն է:
ՈՒնենք…
ՈՒնե՛նք:
Այս տղաների կողքին հասակ գցող էլի տղաներ ունենք, որոնց ֆուտբոլային ճակատագիրը հուսադրող է:
Առաջընթաց մեր գնահատականի մեջ վախի զգացում չկա, որովհետև տղաներն առել են պրոֆեսիոնալիզմի համը, գիտեն, որ, առանց ամենօրյա աշխատանքի, բնության տված շնորհը չես պահպանի, որ սա էլ աշխարհին ներկայանալու իրենց հայտն է:
Շա՞տ ընդհանրական ու փիլիսոփայական է ստացվում նյութը:
Համամիտ չեմ:
Այս ամենի մեջ շատ ավելի կոնկրետություն կա, քան կարող է թվալ:
Հասա՛կ առնող ֆուտբոլ ունենք:
Բո՛յ գցող թիմ ունենք:
Հավաքակա՛ն մտածողություն ունեցող ազգային ունենք:
ՈՒ պիտի չերկնչել, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չի ստացվում կամ ցանկալի արագությամբ չի ստացվում:
Հիշեք ժողովրդական իմաստությունը` վռազողին տղա չի ծնվում:
Արդյունքն անխուսափ կգա:
Այսինքն, ի՞նչ է նշանակում` կգա:
Արդեն եկել է:
Մնում է մատը զարկերակի վրա պահելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ