ՖԻՖԱ-ն Կոսովոյի ֆուտբոլի ընտրանուն թույլ է տվել իր իրավասության տակ գտնվող բոլոր երկրների ազգային հավաքականների հետ ունենալ ընկերական հանդիպումներ: ՖԻՖԱ-ի գործկոմի այս որոշումն իրավական ուժ է ստացել երեքշաբթի օրը Բուդապեշտում կայացած նիստի ժամանակ:
Կոսովոյի ալբանացիները, ինչպես հայտնի է, արևմտյան երկրների աջակցությամբ 2008 թվին միակողմանիորեն հռչակեցին իրենց անկախությունն ու առանձնացան Սերբիայից: Այսօր այն ճանաչված է աշխարհի ութսուն երկրի կողմից, սակայն այս երկիրը Միավորված ազգերի կազմակերպության շարքերն ընդունելուն մշտապես արգելափակոց է դնում Անվտանգության խորհրդի երկու երկիր` Ռուսաստանն ու Չինաստանը: Համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնադրության, առանց ՄԱԿ-ի անդամակցության, Կոսովոն, ինչպես ցանկացած այլ երկիր, չի կարող ընդունվել եվրոպական ֆուտբոլային ընտանիք, իսկ առանց դրա ՖԻՖԱ-ն չէր կարող նրան տալ պաշտոնական խաղերի անցկացման կամ մասնակցության իրավունք: Ինչն ինչպես է եղել, ինչն ինչից առաջ է կամ հետո, այս պարագայում այնքան էլ կարևոր չէ: Փաստը մնում է փաստ, որ ՖԻՖԱ-ն ընդունել է մի որոշում, որն ընդամենը կես տարի առաջ անհնար էր համարում: Եթե շրջանցենք հարցի քաղաքական ենթատեքստը, փաստորեն, ՖԻՖԱ-ն ահռելի առաջընթաց քայլ է արել Կոսովոյի ֆուտբոլի համար:
Բայց արդյո՞ք միայն ֆուտբոլի:
Եթե վերադառնանք անարդարացիորեն պատմության հետնաբեմ շպրտված մարքսիզմի դասականների հայտնի այն պնդմանը, թե քանակական փոփոխությունները հանգեցնում են որակական փոփոխությունների, մեկ էլ տեսար վաղը-մյուս օրը փոփոխություններ լինեն երկրի համար շատ ավելի կարևոր հարցում:
Չասենք` որ:
Բոլորս էլ հասկացանք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ